- 17 Հոկտեմբերի, 2024
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Դանիել Իոաննիսյանի ելույթը՝ ստորև․
«Պարոն Քոչարյան, խորհրդարանի հարգելի պատգամավորներ, իրավապահ մարմինների հարգելի ներկայացուցիչներ, կուզենայի ասել նաև քաղաքացիական հասարակության անդամներ, բայց, ոնց հասկանում եմ, քաղհասարակությունից միայն ես եմ մնացել,
Այստեղ մենք պետք է նախ հասկանանք. Հայաստանում իրավապահները քաղաքացիներին ծառայություն մատուցող կառույցնե՞ր են, թե՞ քաղաքացիներին կոնֆրոնտացնող ու կամք պարտադրող:
Ներկա գեներալներից մեկը մի փակ քննարկման ժամանակ ասեց, որ մենք «գործ չտվող ազգ ենք»: Այդ հայտարարությունից հետո մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» փորձեցինք պարզել, թե որքանով է դա այդպես:
Նախ, մենք պատվիրեցինք սոցիալական հարցում, որի արդյունքում պարզեցինք երկու էական բան: Նախ, այն քաղաքացիների շրջանակից, որոնք եղել են ոստիկանություն դիմելու իրավիճակում և չեն դիմել ոստիկանություն, միայն 15 տոկոսն էր, որ չեն դիմել գաղափարական պատճառներով: Մնացած 85 տոկոսը իրավապահներին չեն դիմել քաշքշուքից, լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար, ինչպես նաև իրավապահներին չվստահելու արդյունքում:
Հաջորդ էական արդյունքն այն է, որ այն մարդիկ, որոնք նախկինում առնչվել են ոստիկանության հետ, էապես ավելի քիչ են հակված հանցագործություն տեսնելու դեպքում այդ մասին ահազանգելու, քան այն մարդիկ, որոնք երբեք ոստիկանության հետ չեն առնչվել:
Այս ֆոնին մենք փորձեցինք հասկանալ, թե ո՞ր խնդիրներն են, որոնց արդյունքում քաղաքացիները խուսափում են իրավապահների հետ համագործակցությունից, և ներկայացնել դրանց լուծման առաջարկներ:
Խնդիրների պատճառները բխում են հետևյալից.
Խնդիր 1. Իրավապահ համակարգի հետ գործ ունենալը, որպես կանոն, ենթադրում է անհարկի և չհիմնավորված քաշքշուք
Առաջարկ 1/1. Ներդնել հանցագործության մասին հաղորդումների ընդունման էլեկտրոնային համակարգ: Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին ազատել ոստիկանության բաժին ներկայանալու պարտականությունից, ինչպես նաև իրականացնել հանցագործությունների մասին էլեկտրոնային հաշվառում՝ նվազեցնելով դրանք չգրանցելու պրակտիկան: Բացի դրանից, այդ համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին հետևելու իրենց հաղորդումների ընթացքին:
Առաջարկ 1/2. Սահմանել իրավիճակներ, երբ վարչական իրավախախտման մասին հաղորդում տված անձին հարցաքննել կամ բացատրություն ստանալ չի պահանջվում: Օրինակ՝ եթե անձը հաղորդում է տալիս գիշերը աղմուկի մասին կամ հարևանի տանը հնարավոր բռնության ձայների մասին, ապա տվյալ պարագայում այդ անձի տված բացատրությունը կամ ցուցմունքը առերևույթ չի կարող որոշիչ դեր ունենալ ապացուցման գործընթացում: Ոստիկանները կարող են գալ, ինքնուրույն տեսնել եղելությունը և անհարմարություն չպատճառեն ահազանգողին:
Առաջարկ 1/3․ Սահմանել առավել հաճախակի ստացվող ահազանգերին արձագանքելու ստանդարտ գործողությունների կարգեր (SOP): Մասնավորապես, ամրագրել, թե զանցանքների ահազանգերով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ո՞ր դեպում և ի՞նչ ծավալով պետք է հեռախոսով (իսկ որ դեպքերում՝ առերես) կապվեն ահազանգ տվողի հետ, իսկ որ դեպքերում՝ ոչ։ Հարկավոր է նաև ամրագրել առավել տարածված զանցանքներով դեպքի վայր մոտենալու և զանցանքի ու դրա կատարողների մասին տեղեկատվություն հավաքագրելու կարգը:
Առաջարկ 1/4․ Մանր հանրային վտանգավորություն ունեցող դեպքերի վերաբերյալ ավելորդ թղթաբանությունը նվազեցնել, մասնավորապես՝ մինչև 20,000 ՀՀ դրամի հափշտակության, կենցաղային բնույթի վեճերի, կենցաղային այլ հանցագործությունների դեպքերով, որտեղ ոստիկանության ծառայողը՝ պարեկը կամ համայնքային ոստիկանության ծառայողը, կարող է տեղում դեպքին տալ իրավիճակային, օրինական, արդար լուծում՝ հափշտակված գույքի վերադարձ, հաշտեցում` վեճի մասնակիցների վրա պարտավորություններ դնելով՝ կատարելու գործողություններ կամ զերծ մնալու գործողություններ կատարելուց: Նման պարագայում ոչ միայն կբեռնաթափվի իրավապահ համակարգը, այլ նաև կբարձրանա համակարգի հեղինակությունը: Այս կարգավորումը չի կարող տարածվել ընտանեկան բռնության, ջեբկիրության, ավազակության կամ հանրային բարձր վտանգավորության այլ դեպքերի վրա:
Խնդիր 2. Քաղաքացիներն իրավապահ համակարգի հետ համագործակցելիս տեղյակ չեն իրենց իրավունքներից
Առաջարկ 2/1․ Կազմակերպել տեղեկատվական արշավներ՝ քաղաքացիներին ծանուցելով իրենց իրավունքների մասին:
Առաջարկ 2/2․ Պարտավորեցնել իրավապահ մարմիններին՝ քաղաքացիներին ծանոթացնել իրենց իրավունքներին, ինչպես գրավոր ու բանավոր, այնպես էլ նրանց իրավունքների, ինչպես նաև հաղորդումներ տալու և ընդունելու մասին ծանուցող պաստառներով և թերթիկներով՝ ոստիկանության բաժիններում կամ իրավապահ այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումներում:
Առաջարկ 2/3․ Քրեական դատավարության օրենսգրքում կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով քննչական կամ գաղտնի քննչական գործողություն կատարող պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն քննչական կամ գաղտնի քննչական գործողության մասնակից քաղաքացիներին (համագործակցող անձանց) ծանոթացնել դատավարական գործողության կատարման հիմքերի՝ քննիչի կամ դատարանի որոշումների մասին, որի արդյունքում քաղաքացիներն առավել վստահ կլինեն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ գործողությունների օրինականության հարցում։
Խնդիր 3. Ոստիկանության պրակտիկաները խոչընդոտում են հաղորդումների ընդունմանը
Առաջարկ 3/1․ Կազմակերպել դասընթացներ իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցների հետ՝ հաղորդումները բանավոր ընդունելու ունակությունները բարձրացնելու համար, և դիտարկել ոստիկանության բոլոր ծառայողների մոտ հաղորդում ընդունելու ֆորմաների ու տեխնիկական հնարավորությունների հարցը:
Առաջարկ 3/2․ Իրականացնել ոստիկանություն դիմող քաղաքացիներից արձագանքների հավաքագրում. դիմումը գրանցելուց հետո, որոշ ժամանակ (պայմանական` 10 օր) անց, ոստիկանության այլ ստորաբաժանման ծառայողները զանգահարում են դիմող անձին, հարցնում իր դիմումի գրանցման և քննարկման ընթացքում ծագած խնդիրների ու ոստիկանի վերաբերմունքի մասին: Այնուհետև հավաքագրված տեղեկատվությունը ենթարկվում է վիճակագրական վերլուծության, ինչպես նաև կարող է օգտագործվել ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք կամ կարգապահական տույժ նշանակելու համար:
Առաջարկ 3/3․ Փոփոխել իրավապահ մարմինների ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչները՝ զերծ մնալով այնպիսի չափանիշներից, որոնք մոտիվացնում են ծառայողներին քաղաքացիներից հաղորդումներ չընդունել:
Խնդիր 4. Հանցագործության կամ զանցանքի մասին հաղորդում տված քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները կանոնակարգված չեն
Առաջարկ 4/1․ Ստեղծել իրավական և տեխնիկական մեխանիզմներ՝ հանցագործության կամ զանցանքի մասին հայտնած անձի անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ: Օրենսդրորեն սահմանել, որ հաղորդում կամ ահազանգ տված անձի ինքնությունը քրեական կամ վարչական վարույթի կողմերին կամ այլ անձանց փոխանցվում է, միմիայն երբ դա անհրաժեշտ է արդար դատաքննության ապահովման նպատակով:
Առաջարկ 4/2․ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածում «անձնական գաղտնիք» բավականին նեղ ու չկարգավորված եզրույթը փոխարինել «անձնական տվյալներ» հասկացությամբ: Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Իսկ ահա «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով պետք է սահմանել օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված անձնական տվյալների օգտագործման, պահպանման և վերացման կանոնները։
Առաջարկ 4/3․ Առավել հաճախակի ստացվող ահազանգերին արձագանքելու ստանդարտ գործողությունների կարգերում (SOP) հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանը ՕԿԿ-ից ստանում է տեղեկություններ ահազանգ տվողի անձի մասին և երբ նա կարող է այդ տեղեկությունները հայտնել ենթադրյալ իրավախախտում կատարողին կամ որևէ այլ անձի։
Խնդիր 5. Վկաների կրած վնասների գործող մեխանիզմը փաստացի չի գործում
Առաջարկ 5/1․ Ստեղծել համապատասխան իրավական մեխանիզմներ վկաների կրած վնասների (օրինակ՝ տրանսպորտի վճար, բաց թողնված օգուտ, աշխատանքից բացակայելու արդյունքում կրած վնասներ), ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հնարավոր վնասների փոխհատուցման հաշվարկի ու գնահատման դյուրին համակարգ: Մասնավորապես, անհրաժեշտ է ամրագրել, որ վկան պետք է ստանա տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ կառավարության սահմանած սանդղակով, վարույթի վրա ծախսած ժամանակի համար ստանա դրա արդյունքում կրած գույքային վնասների և բաց թողնված օգուտի փոխհատուցում (այդ թվում՝ երեխա ունեցող քաղաքացիների դեպքում դայակի վճարի որոշակի հաշվարկում, ինքնազբաղված քաղաքացիների դեպքում՝ միջին եկամուտի հիմքով հատուցում):
Ընդ որում, հարկավոր է սահմանել, որ հենց վկայություն տալիս կամ դատավարական որևէ գործողությանը մասնակցելիս այդ գործողության վերջում քաղաքացուն տրվում է ծախսերի հատուցման հայտաձև, որի հիման վրա էլ կարճ ժամկետում կատարվում է հատուցումը՝ անկախ դատավարական փուլերի ընթացքից:
Առաջարկ 5/2․ Օրենսդրորեն սահմանել, որ երբ վարույթ իրականացնող մարմինը փաստացի առգրավում է հանցագործության առարկա, գործիք կամ միջոց չհանդիսացող գույք՝ հետագա հետազոտման նպատակով, ապա անձին պետք է տրվի գույքի փաստացի տիրապետման կամ օգտագործման իրավունքը սահմանափակելու հետևանքով իր կրած վնասերի փոխհատուցում, միաժամանակ անձին հնարավորություն տրվի միջնորդելու վարույթ իրականացնող մարմնին՝ պահանջելով տրամադրել անհրաժեշտ միջոցներ նմանատիպ գույք վարձակալելու համար:
Այս առումով կարևոր է, որ իրեղեն ապացույցն արգելանքի տակ վերցնելիս քաղաքացուն ներկայացվի իրազեկման թերթիկ` փոխհատուցում ստանալու կարգի և չափի մասին, իսկ գույքը վերադարձնելիս տրամադրվի փոխհատուցում ստանալու ձևաթուղթ, որի հիման վրա էլ կկատարվի հատուցումը:
Այս կետով կարելի է սահմանել բացառություն, որ եթե առգրավվել է քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գույքը, ապա փոխհատուցման հնարավորությունը բացվում է միայն այն դեպքում, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով։
Խնդիր 6. Փորձաքննություններն իրականացվում են չափազանց դանդաղ և ցածր արդյունավետությամբ
Առաջարկ 6/1․ Ազատականացնել վարույթներով իրականացվող փորձաքննությունները և դրանք պատվիրակել մասնավոր ընկերությունների՝ ստեղծելով առողջ մրցակցություն։
Առաջարկ 6/2. Նյութապես խրախուսել փորձաքննությունների սահմաններում հանցագործության բացահայտմանը նպաստած արդյունքներ ստացած փորձագետներին կամ ընկերություններին:
Առաջարկ 6/3. Նյութապես շահագրգռել փորձաքննությունները առավել արագ և որակյալ կատարած փորձագետներին կամ ընկերություններին:
Խնդիր 7. Բացակայում են քննությանը աջակցող քաղաքացիների խրախուսման մեխանիզմներ
Առաջարկ 7/1․ Նախատեսել հանցագործությունների մասին հաղորդումներ տրամադրած ու քննությանը աջակցած անձանց խրախուսման մեխանիզմներ՝ նյութական, բարոյական կամ այլ եղանակով: Կոռուպցիոն կամ այլ, բայց ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հաղորդելու համար կարելի է կառավարության որոշմամբ սահմանել սանդղակներ, օրինակ, պետությանը հասցված վնասի կամ կաշառքի որոշակի տոկոսի չափով:
Խնդիր 8. Իրավապահ համակարգում որոշակի տարածում ունեն քրեական ենթամշակույթի գաղափարներ, համակարգի ներսում խախտումներն արձանագրելը կամ բարձրաձայնելը դիտվում է որպես պախարակելի արարք
Առաջարկ 8/1․ Իրավապահ մարմինների ծառայողների բարեվարքության գնահատման՝ հետևաբար նաև հետագա առաջխաղացման կամ խրախուսման համար, որպես գնահատման դրական չափանիշ, ավելացնել ծառայակցի իրավախախտման մասին ազդարարելը, իսկ ծառայակցի իրավախախտմանն ականատես լինելը, բայց դրա մասին չազդարարելը դարձնել ծառայողական խախտում և կարգապահական տույժի հիմք:
Առաջարկ 8/2. Դադարեցնել իրավապահ մարմինների ծառայողների կողմից երթևեկության կանոնների խախտման ինդուլգենցիան: Քաղաքացին, որը տեսնում է, որ ուժային կառույցի ծառայողը կարող է մեքենան մայթին կամ երկրորդ շարքում կայանել, չի կարող այդ ծառայողին ընկալել որպես ապօրինության դեմ պայքարում դաշնակից:
Խնդիր 9․ Կաշառք տված կամ ընտրակաշառք վերցրած քաղաքացիները խուսափում են այդ մասին իրավապահներին հայտնելուց՝ վախենալով իրենց նկատմամբ քրեական հետապնդումից
Առաջարկ 9/1․ Առաջարկվում է քրեական օրենսգրքի 218-րդ (ընտրակաշառք ստանալ) և 436-րդ (կաշառք տալ) հոդվածների համար վերականգնել խրախուսական նորմը, որով որոշակի ժամկետում իրավապահներին հայտնելու դեպքում քաղաքացին ազատվում է պատասխանատվությունից:
Խնդիր 10․ Գողոնի հայտնաբերումը իրավապահների համար փաստացի առաջնահերթություն չէ, ինչի հետևանքով հանցագործության պատճառով նյութական վնաս կրած քաղաքացիները նախընտրում են հանցագործի հետ պայմանավորվել քրեական ենթամշակույթի գործիքակազմով, քան իրավապահներին դիմելու միջոցով
Առաջարկ 10/1․ Իրավապահ մարմինների՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների խրախուսման և գնահատման չափանիշներում ներառել գողոնի հայտնաբերումն ու հանցագործության հետևանքով հասցված նյութական վնասի վերադարձմանն աջակցելը։
Խնդիր 11. Քաղաքացիների կողմից ՃԵԿ խախտումների ազդարարման Road Control հավելվածում առկա են բազմաթիվ տեխնիկական և այլ խնդիրներ, ցածր է հանրային իրազեկվածությունը
Առաջարկ 11/1. Հավելվածի մասին իրականացնել ավելի լայն հանրային իրազեկում,
Առաջարկ 11/2. Հանել խախտումների տեսակների ցանկի արհեստական սահմանափակումը՝ դրանում ներառելով այն բոլոր խախտումները, որոնք տեսականորեն կարող են ֆիքսվել տեսախցիկի միջոցով:
Առաջարկ 11/3. Վերացնել հավելվածի տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հավելվածը հաճախ չի աշխատում:
Խնդիր 12. Բացակայում են ապօրինությունների դեմ հանրային պահանջատիրության դատական պաշտպանության մեխանիզմներ
Առաջարկ 12/1. Առաջարկում ենք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսել, որ եթե վարչական իրավախախտման մասին քաղաքացու ահազանգին պատշաճ չեն արձագանքել, ապա նա կարող է դիմել վարչական դատարան՝ անկախ նրանից, թե անձամբ նրա իրավունքը խախտվել է, թե ոչ։
Առաջարկ 12/2․ Օրենսդրորեն սահմանել, որ հանրային նշանակություն ունեցող դեպքերի (այդ թվում՝ կոռուպցիոն և ընտրական հանցագործությունների, պաշտոնատար անձանց կողմից զանցանքներ գործելու) վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձինք ունեն որոշակի դատավարական կարգավիճակ, որն այդ անձանց կընձեռի տուժողին հավասար իրավունքներ և վերահսկողության հնարավորություն:
Շնորհակալություն ուշադրության համար»: