ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման միջազգային արձագանքը

Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ՝ երևանյան գրասենյակը փակվում է: Այս իրադարձությունով միջազգային կարևորագույն կառույցներից մեկը կորցնում է տարածաշրջանում իր գործունեության կարևորագույն հարթակը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանը, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը՝ դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը:

Ափսոսանքներ ԵԱՀԿ-ից

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանն արձագանքել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա) և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա):

Վերջիններս ափսոսանք են հայտնել առ այն, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում։

«Ես ափսոսում եմ այն փաստի համար, որ չնայած երկարատև և ծավալուն ջանքերին, մշտական խորհուրդը չկարողացավ համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կարևոր աշխատանքին նպաստելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ դաշտային գրասենյակներին պետք է տրվի ամուր մանդատ և բոլոր ռեսուրսները։ Սակայն, ցավոք ևս մեկ դաշտային գրասենյակ է փակվում» ,- ասել է Մուտոնենը։

Իր հերթին Վիգենինը նշել է, որ վերջին տարիներին Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ դաշտային գրասենյակների փակվելուց հետո Երևանի գրասենյակը ուներ և՛ խորհրդանշական, և՛ գործնական նշանակություն:

«Հույս ունեմ, որ նախքան վերջնական փակումը միջանկյալ այդ ժամանակահատվածը կօգտագործվի կոմպրոմիսային լուծում գտնելու հարցում, որպեսզի երկիրը շարունակի շահել դրա աջակցությունից», – ասել է Վիգենինը։

Ափսոսանքներ ԱՄՆ-ից

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցավում է, որ ԵԱՀԿ-ն կորցնում է Հարավային Կովկասում  գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի աջակցություն է հյուրընկալող երկրներին, որն օգնում է ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ըստ ԱՄՆ առաքելության հայտարարության՝ ապահովում էր հակամարտությունների կարգավորումն ու նպաստում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը:

«Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների ջանքերն՝ ուղղված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը, եթե գրասենյակը չդադարեցնի ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությունը»,- նաև, ասվում է ԱՄՆ առաքելության հայտարարությունում, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ:

Նշենք նաև, որ ԵԱՀԿ-ն նախագահող երկիր Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը դեռևս հունվարին հայտնել էր, որ ԵԱՀԿ-ն մտադիր չէ փակել երևանյան գրասենյակը: Այնուամենայնիվ, չնայած գրասենյակի պահպանմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերին, կառույցը ստիպված է փակել տարածաշրջանում միակ ներկայացուցչությունը:

Լռություն Ռուսաստաից

Հատկանշական է, որ երևանյան գրասենյակի փակման մասին հայտարարությունից ի վեր դրան որևէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի Դաշնությունն՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ երկիրը թե´ ԵԱՀԿ-ի և թե´ մեր տարածաշրջանի ամենծանրակշիռ խաղացողներից է:

Այդ լռությունը կարղ է պայմանավորված լինել կամ այն հանգամանքով, որ Ռուսաստանն ինքն է արգելափակել տարածաշրջանի գրասենյակներից մեկը (Թիֆլիսի գրասենյակը), կամ չի ցանկանում Ադրբեջանին ոչ հաճո հայտարարությամբ հանդես գալ, կամ էլ Ռուսաստանին կարևորագույն այս հարցը քիչ է հետաքրքրում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

Առնչվող