Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ տենդենցի սահմաններում

Այսօր պարզ դարձավ, որ գալիք 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Հանձնաժողովի փակման լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի համար կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվել: Բնականաբար փոփոխությունները բացասական են:

Ժամանակները տարբեր են

Հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորություններին համապատասխան 2008 թվականին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում է մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, երեխայի իրավունքներ, հասարակական միավորումներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր և այլն:

Հանձնաժողովի ստեղծման տարին՝ 2008 թ., Հայաստանի համար կարևոր պահ էր․ Եվրամիության կողմից ստեղծվում էր Արևելյան գործընկերությունը, Հայաստանը սերտացնում էր կապերը արևմուտքի հետ՝ պատրաստակամություն հայտնելով որոշակի բարեփոխումներ կատարել երկրի ներսում ի նպաստ մարդու իրավունքների և ժողովրդավարության: Սակայն, այս միտումները կարճ կյանք ունեցան և ընդամենը հինգ տարի անց՝ 2013-ին, Հայաստանը շուռ եկավ դեպի Մաքսային միություն և ապա նաև Եվրասիական տնտեսական միություն: Այսօր՝ այդ միությանը միանալուց ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանը հստակ քայլերով նմանվում է միության մյուս՝ առավել ավտորիտար անդամներին, կրկին բացասական իմաստով:

ԵԱՏՄ մյուս երկրներ

Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներ ԵԱՏՄ մյուս երկրներում գոյություն չունեն: Ռուսաստանում, օրինակ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը կարող է դիմել Պետդումային՝ առաջարկելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, սակայն նմանօրինակ մշտական կառույց ռուսական խորհրդարանում գոյություն չունի: Ավելին, գործող հանձնակատար Տատյանա Մոսկալկովա 2016 թ. այս պաշտոնը ստանձնելիս շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ պատրաստվում է իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային հարաբերություններին վերաբերող խնդիրների և արտասահմանում ՌԴ քաղաքացիների իրավունքների վրա: Նա հայտարարել էր, որ պատրաստվում է պայքարել «արևմուտքի կողմից մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու» դեմ:

Իսկ ահա Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ընդհանրապես չեն ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, իսկ Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս Կրեմլին վերապահումներով մոտենալ դրանց:

Հարց է ծագում․ ինչու՞ է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել այս հանձնաժողովը: Բնականաբար, ոչ ՀՀ քաղաքացիների իրավունքների բարելավման համար: Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի լուծարումը Հայաստանում, վստահաբար, ևս մեկ քայլ է դեպի ավտոկրատ, ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ: Այս որոշումը վերջին շրջանում Հայաստանում ԵԱՏՄ անդամակցության ֆոնին ժողովրդավարական անկման ընդհանուր գործընթացի մաս է:

Օրինաչափ է

Հիշեցնենք, որ թե «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և թե «Ֆրիդոմ Հաուս» միջազգային հետազոտական կազմակերպությունները այս տարի ժողովրդավարական հետընթաց են արձանագրել Հայաստանում: Տարեցտարի Հայաստանում ավելի շատ խաղաղ ցուցարար է ձերբակալվում, ավելի է վատթարանում մամուլի ազատությունը և անկում է ապրում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը:

Այդ ֆոնին ամբողջությամբ օրինաչափ է դիտվում Մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի փակումը: Մարդու իրավունքները տարեցտարի ավելի քիչ հարգող պետության Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովն էլ է «ավելորդ»:

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող