- 20 Հուլիսի, 2017
- Ընտրություններ
Երեկ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը Բակո Սահակյանին վերընտրեց երկրի նախագահ, այսպես ասած, սահմանադրական անցումային փուլի ժամանակաշրջանի պաշտոնում: Այդ փուլը կտևի 3 տարի, որից հետո Արցախում կլինեն համապետական ընտրություններ:
Արցախում արդեն լրանում էր Բակո Սահակյանի նախագահության 2-րդ ժամկետը և ըստ տասնամյակներ գործող Սահմանադրության՝ նա չէր կարողանա շարունակել պաշտոնավարել: Սակայն, այս տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Սահակյանը ստացավ հնարավորություն առաջադրվելու «անցումային» նախագահի պաշտոնում, իսկ ապա, 2020 թվականից հետո ևս երկու անգամ ընտրվելու նախագահ:
Այլ կերպ ասած, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Բակո Սահակյանը կարողացավ 3-րդ անգամ դառնալ Լեռնային Ղարաբաղի նախագահ և ստացավ ևս 2 անգամ այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք:
Սա կարող է հանգեցնել նրան, որ Սահակյանի 2007 թվականին սկսած պաշտոնավարումը տևի 23 տարի և ավարտվի 2030 թվականին (եթե այդ ժամանակ սահմանադրական նոր փոփոխություններ չլինեն): Սա դասական ավտորիտար ռեժիմին վայել ժամանակահատված է:
Ժողովրդավարությու՞ն
Ժամանակակից լեքսիկոնում այս պրոցեսը կոչվում է «Սահմանադրությունը մեկ անձի շահերի տակ ծալել»: Այլ կերպ ասած, մեկ անձի երկրի ղեկավարման սահմանդրական սահմանափակումը շրջանցելու ցանկության համար իրականացվում է սահմանադրության փոփոխություն: Դրա ականատեսը եղել ենք Բելառուսում, Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում և քաղաքակրթությունից հեռու այլ երկրներում:
Անշուշտ, շատերը կարող են պնդել, որ Բակո Սահակյանը և նոր Սահմանադրությունը ժողովրդավարական ճանապարհով են ընտրվել, և որ դա է Արցախի ժողովրդի կամքը: Սակայն, այն փաստը, որ քվեարկությունը չի կեղծվել, դեռ չի նշանակում, որ գործ ունենք ժողովրդավարական պրոցեսների հետ: Օրինակ, կարելի է առանց որևէ կասկածի ասել, որ Հյուսիսային Կորեայում ևս ընտրությունները չեն կեղծվում, իսկ Կիմ Չեն Ինը ունի 99 տոկոսից ավել սատարում: Բայց այդ երկիրը ժողովրդավարության տեսանկյունից, աշխարհում գրավում է վերջին տեղը:
Բակո Սահակյանի 3-րդ ժամկետով Լեռնային Ղարաբաղի նախագահ ընտրվելը, ըստ էության, Արցախին բերեց մեկ նշաձողի վրա Ադրբեջանի հետ, ուր Իլհամ Ալիևը ևս 3 անգամ է ընտրվել նախագահ:
Սակայն, ցավոք սրտի, սա Արցախում վերջին տարիների միակ հակաժողովրդավարական տենդենցը չէ: 2015 թվականին Բերձորում ԼՂՀ ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց խաղաղ ավտոերթ անող «100-ամյակը առանց ռեժիմի» նախաձեռնության ներկայացուցիչներին, իսկ 2016-ին առևանգվեց և ապա դաժան ծեծի ենթարկվեց ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը… Ընդ որում, թեև երկու դեպքում էլ հանցագործություն գործողների անունները հայտնի էին, սակայն դրանցից որևէ մեկը չհայտնվեց ճաղերի հետևում, ինչը ևս վայել է ավտորիտար պետություններին:
Միջազգային վարկը
Սակայն, Արցախի դեպքում հարցը միմիայն ժողովրդավարությունը չէ: Արցախի դեպքում հարցը նաև միջազգային վարկանիշն է, որը ուղղակիորեն անդրադառնում է անվտանգության, միջազգային սատարման և Ադրբեջանի սանձման ջանքերի վրա:
Տասնամյակներ շարունակ Արցախը համարվում էր համեմատաբար ժողովրդավար կարգ ունեցող մի միավոր, որը անջատվել է բռնապետական Ադրբեջանից: Բնականաբար, աշխարհում ժողովրդավարության տարածման տեսանկյունից խիստ անցանկալի կլիներ, ժողովրդավար ապրող մարդկանց բռնապետական երկրին միացնելը:
Դա թե Հայաստանի իշխանություններն էին բարձրաձայնում տարբեր ամբիոններում, և թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս: Եվրոպացի և ամերիկացի գործիչների համար չափազանց գնահատելի է ժողովրդավարությունը և դրա տարածումն ու պաշտպանությունը: Դա շատ ավելի կարևոր փաստարկ է, քան «պատմական հողեր» կոչելը:
Ժողովրդավարական արժեքները կրող գործիչների համար ակնհայտ է, որ պետք է Արցախը պաշտպանել բռնապետական Ադրբեջանից: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ որևէ ժողովրդավարական պետություն չի կիրառել պատժամիջոցներ՝ Ադրբեջանի տարածքի մի մասը «զավթելու» համար:
Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղը դառնում է համարյա Ադրբեջանի պես ավտորիտար և մարդու իրավունքները չհարգող պետություն, ապա ԼՂՀ-ն Ադրբեջանից պաշտպանելու մոտիվացիան արմատապես կպակասի: Արցախը կդադարի դիտվել որպես բռնապետական Ադրբեջանից անջատվելու ցանկություն ունեցող քաղաքակրթական կղզյակ, իսկ կոնֆլիկտը կդիտվի երկու երկրների տարածքային վեճ (իսկ տարածքային վեճում առավելությունը Ադրբեջանինն է):
Սակայն, Արցախի իշխանությունները նախընտրում են ընդդիմադիրներին ծեծուջարդի ենթարկել և «ցմահ» նախագահ մնալ, քան ապահովել Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակություն:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»