Մոսկվան նորից փորձում է դառնալ դոմինանտ Արցախյան բանակցություններում

«Իզվեստիա» թերթը հուլիսի 17-ին անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Մասնավորապես, թերթը հայտնում է, որ  Ռուսաստանը ձգտում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում մինչ տարեվերջ: Մոսկվան այդ հարցում գլխավոր միջնորդ է դարձել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ նստեցնել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ, ձախողվել են: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:

«Դրան միայն մենք ենք մասնակցում: Ֆրանսիացիները փորձեցին Երևանին ու Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա որևէ օգուտ չտվեց: Միաժամանակ երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չի բռնկվել», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Միևնույն հոդվածում Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշում է, որ բարձր մակարդակի հանդիպումն այժմ արդիական է: «Այն ոչ միայն պետք է, այլև ծայրահեղ անհրաժեշտ: Պետք չէ վազվզել տարբեր ձևաչափերով և հարթակներով, խորհրդակցել երկրների հետ, որոնք 10 հազար կիլոմետր հեռու են տարածաշրջանից: Հարևանները պետք է պայմանավորվեն: Այդ իմաստով պետք է ուժեղացնել համակարգումը Մոսկվայի հետ»,- նշել է Կալաշնիկովը:

Միայն Մոսկվան

Ուշագրավ է, որ «Իզվեստիան» մեկն է այն թերթերից, որոնք անհրաժեշտ պահին հրապարակում են Կրեմլին պետքական տեղեկատվություն՝ հղում տալով «անանուն» աղբյուրների: Հետևաբար, Մոսկվային որպես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միակ կամզակերպիչ ներկայացնելու մասին «Իզվեստիայի» այս հրապարակումը տեղիք է տալիս կարծելու, որ Կրեմլը կրկին ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ միջնորդը դառնալու գործին: Այս կարծիքի օգտին է խոսում այն, որ ՌԴ ԱԳՆ «անանուն» ներկայացուցիչը հենց ֆրանսիացիներին է նշում որպես ձախողված հանդիպման փորձ կատարող Մինսկի խմբի անդամ: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից առավել արդյունավետ գործող երկրներից մեկը Ֆրանսիան է, որը բազմիցս ջանքեր է ներդրել հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթաց արձանագրելու համար: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է հենց Ֆրանսիան մատնանշվում կամ թե ինչո՞ւ, օրինակ, Կրեմլը չի քննադատում թուրքական կողմի պահվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (Թուրքիան այդ խմբի անդամ է):

Կալաշնիկովն էլ իր հերթին նշում է, որ հարևանները պետք է պայմանավորվեն և պետք չէ խորհրդակցել 10 հազ․ կմ հեռավորության վրա գտնվող երկրների հետ: Ըստ ամենայնի, Կալաշնիկովն էլ իր հերթին նկատի ունի ԱՄՆ-ին: Եթե այս հայտարարությունները ունեն կոնկրետ քաղաքական հիմք, ապա վստահաբար Մոսկվան որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը տեղափոխել տարածաշրջանային հարթակ: Դեռ հարց է․ Թուրքիան էլ է մտնում հարևանների ցուցակի մեջ թե՞ ոչ:

Բանակցությունների սեղան

Ռուսական ԱԳՆ ներկայացուցչի նմանօրինակ հայտարարությունը ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելը վաղուց արդեն որևէ կերպ չի օգնում հակամարտության կարգավորմանը: Երկխոսությունից առավել կարևոր են այսօր այդ երկխոսության արդյունքում կողմերի ձեռք բերած համաձայնությունների կատարումը:

Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումների թվի աճը չի հանգեցնում իրավիճակի փոփոխության: Դրական ձեռքբերման համար կողմերը նախ և առաջ պետք է սկսեն կատարել հրադադարի պահպանման իրենց հանձնառությունը, ինչպես նաև կյանքի կոչեն վստահության կառուցման միջոցները, որոնց շուրջ համաձայնության էին եկել անցյալ տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում։ Հակառակ պարագայում հաճախակի կամ հազվադեպ հանդիպումներով երկխոսությունը միայն ժամանակ է ձգում, քանի դեռ կողմերը (հատկապես Ադրբեջանը) ձեռք են բերում նորանոր սպառազինություններ:

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Առնչվող