Խոշտանգումները և արտադատական սպանությունները չեն կարող դառնալ նորմա. Ռուզաննա Ավագիմյանը՝ ԵԱՀԿ-ում

Հոկտեմբերի 9-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականության կոնֆերանսի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև կամայական մահապատիժների վերաբերյալ քննարկումներին նվիրված լիագումար նիստի ընթացքում  ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ իրավաբան, փաստաբան Ռուզանա Ավագիմյանը՝ բարձրաձայնելով հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մասին։

Իր ելույթում Ռուզաննա Ավագիմյանն ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումները և արտադատական մահապատիժները հավանության են արժանանում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից։ Նա կոչ արեց ԵԱՀԿ-ին աջակցել Մենդեսի սկզբունքներով առաջնորդվող մեխանիզմի ստեղծմանը՝ պատերազմական հանցագործությունների արդյունավետ փաստաթղթավորումն ու արդարադատության իրականացումն ապահովելու համար։

Ելույթի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ՝ ստորև:

«Տիկի՛ն համակարգող, հարգելի՛ պատվիրակնե՛ր,

Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու ճգնաժամի մասին, որը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ մարդկային չափման վերաբերյալ պարտավորությունների հիմքը․ էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի, կամայական արտադատական սպանությունների և անդամահատումների համակարգված գործողությունները։ Այս արարքների արգելքը բացարձակ է և անխախտելի, սակայն այն ընկալվում է ընդամենը որպես առաջարկ։

Մենք հստակ տեսնում ենք անմարդկայնության օրինաչափությունը․ հայ գերիների՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքը պատահական դեպքեր չեն. դա պետության թողտվությամբ դաժանության համակարգված քաղաքականություն է։

ՄԱԿ-ի Արտադատական, արագացված ընթացակարգով կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողը և Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը լուրջ մտահոգություններ են հայտնել մարտական գործողություններից դուրս (hors de combat) գտնվող անձանց նկատմամբ միտումնավոր արտադատական սպանությունների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ։ Ռազմական հանցագործությունների փաստագրված և հաստատված ապացույցները ցնցում են մարդկային գիտակցությունը. զինվորները՝ զինաթափված, վիրավոր և ակնհայտորեն մարտական գործողություններից դուրս, մահապատժի են ենթարկվել մոտ տարածությունից։ Այս սպանությունները ներառել են նաև խոցելի տարեց քաղաքացիական անձանց և շարունակվել մարտի ավարտից երկար ժամանակ անց՝ ի ցույց դնելով իրենց պաշտպանելու հնարավորությունից զուրկ անձանց թիրախավորելու հստակ մտադրությունը։

Սպանվածների, այդ թվում՝ զինծառայող կանանց մարմինների անդամահատման, կտրատման և սեռական պղծման բարբարոսական պրակտիկան Ժնևյան կոնվենցիաներով անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների արգելքի ուղիղ խախտում է։ Հանցագործներն իրենք են նկարահանել և հպարտությամբ տարածել իրենց արարքների տեսանյութերը՝ օգտագործելով որպես քարոզչական նյութ։

Եվ այստեղ ականատեսն ենք այս նողկալի արարքների անպատժելիությանը, ինչն ինքնին ոտնձգություն է օրենքի գերակայության նկատմամբ։

Չնայած ՄԻԵԴ կողմից գերիների վերաբերյալ միջանկյալ միջոցների կիրառմանը և մեծ քանակությամբ տեսանյութերի առկայությանը՝ եղել են զրո արդյունավետ և անկախ հետաքննություններ։ Փոխարենը, վայրագություններին մասնակցած զինծառայողները հրապարակայնորեն պարգևատրվել են։ Ավելին, ադրբեջանական իշխանությունների կողմից մահացածների մարմինները ամիսներ շարունակ պահելը միայն երկարացրել է զոհվածների ընտանիքների տառապանքը՝ դաժան վերաբերմունքի ևս մեկ դրսևորում։

ԵԱՀԿ վստահելիությունը փորձություն է անցնում այստեղ։ Համակարգային խոշտանգումները և արտադատական սպանությունները չեն կարող դառնալ նորմա։ Ես կոչ եմ անում այս մարմնին պնդել կոնկրետ գործողության վրա՝ աջակցություն Մենդեսի սկզբունքներով առաջնորդվող մեխանիզմին՝ արդյունավետ փաստաթղթավորման և հետաքննության համար՝ ապահովելով պատերազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացումը, քանզի արդարությունն ու հաշվետվողականությունը խաղաղության միակ կայուն հիմքն են՝ առանց այլընտրանքների։

Շնորհակալ եմ»։

Առնչվող