- 13 Հոկտեմբերի, 2025
- Հաղորդագրություններ
Հոկտեմբերի 10-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի դատական համակարգի անկախությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին։
Իոաննիսյանը նշել է, որ Հայաստանում առկա են քաղաքական դրդապատճառներով քննությունների և երկարատև դատական գործընթացների խնդիրներ, ինչը նվազեցնում է հանրության վստահությունը համակարգի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ այս իրավիճակը վտանգավոր է, քանի որ մարդիկ երբեմն արդարություն են փորձում վերականգնել ոչ պետական միջոցներով։
Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:
«Շնորհակալություն, հարգելի նախագահող։
Նախևառաջ, կցանկանայի խոսել Հայաստանի դատական համակարգի անկախության և արդյունավետության մասին։ Դժբախտաբար, մենք նկատում ենք, որ որոշ քննություններ իրականացվում են քաղաքական դրդապատճառներով․ իրականում անձը կատարած է լինում քրեական հանցագործությունը, բայց քննության ընթացքում և պատժի որոշման հարցում մեծ դեր են ունենում քաղաքական դրդապատճառները։
Մենք նաև լուրջ խնդիրներ ենք տեսնում մեր երկրում դատական համակարգի արդյունավետության համատեքստում։ Նախաքննությունները և վարչական կամ քաղաքացիական դատական նիստերը շատ երկար են տևում։
Երբեմն դատարանները որոշում են կայացնում ոչ թե իրավունքների և արդարադատության, այլ ընթացակարգերի հիման վրա։
Այս և այլ խնդիրների արդյունքում համակարգի արդյունավետությունն ու դրա նկատմամբ վստահությունը շատ ցածր են։
Դա հանգեցնում է մի շարք խնդիրների՝ սկսած պետության նկատմամբ անվստահությունից մինչև մարդկանց կողմից այլ միջոցներով արդարություն վերականգնելու փորձերը։ Դա կարող է լինել հանցավոր ենթամշակույթի, կազմակերպված հանցավոր խմբերի կամ նույնիսկ վենդետայի միջոցով։ Եվ սա շատ վտանգավոր խնդիր է, քանի որ նշանակում է, որ մարդիկ ավելի շատ են հավատում ոչ ֆորմալ համակարգերին, քան պետական գերատեսչութուններին։
Տիկնայք և պարոնայք,
Միաժամանակ, կցանկանայի խոսել Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերի վերցված քաղաքացիական անձանց դեմ, այսպես կոչված, «դատավարությունների» մասին։
Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում դատական համակարգի անկախությունը չափազանց ցածր է։ Եվ դրանից տուժում են ոչ միայն հայ ռազմագերիները ու քաղաքացիական անձ հանդիսացող գերիները, այլև միլիոնավոր ադրբեջանցիներ։ Բայց դուք չեք տեսնի, որ Ադրբեջանի ՀԿ-ները խոսեն դրա մասին։ Նրանց դա անելու հրահանգ չի տրվել, իսկ իրենց երկիրը քննադատելու փորձի դեպքում նրանք կենթարկվեն քաղաքական հետապնդումների։
Բայց վերադառնանք հայերին, որոնք ենթարկվում են քրեական հետապնդումների արարքների համար, որոնք երբեք չեն գործել: Ոմանք մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ, մինչդեռ նրանք պարզապես խաղաղ բնակիչներ են, որոնք կորել էին շփման գծում և հայտնվել ադրբեջանական զորքի ձեռքում:
Գևորգ Սուջյանը, Վիգեն Էուլջեքյանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Դավթյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը և շատ ուրիշներ երբեք չեն մասնակցել մարտական գործողությունների, երբեք չեն ղեկավարել որևէ ռազմական խմբավորում կամ դրա անդամ չեն եղել։ Հետևապես, ինչպե՞ս կարող էին նրանք կատարել ռազմական հանցագործություններ։
Նրանք ռազմագերիներ չեն, հանցագործներ չեն, պարզապես պատանդներ են, որոնց Ադրբեջանը պահում է որպես Հայաստանի վրա ազդեցության լծակ։
Իրենց երկրում անկախ դատական համակարգի բացակայության մասին խոսելու փոխարեն, ադրբեջանական ՀԿ-ները խոսում են պատերազմի հետ կապված մի շարք միջադեպերի մասին։ Այո՛, պատերազմի ժամանակ Գյանջայում տեղի ունեցածը սարսափելի է։ Բայց դա ակնհայտորեն պատահար է։ Թիրախը քաղաքացիական շենքի կողքին գտնվող ռազմական օդանավակայանն է եղել։
Նրանք խոսում են կասետային ռումբերի մասին։ Ես կխնդրեմ նրանց խոսել կասետային ռումբերի մասին, որ իրենց բանակը օգտագործել է Ստեփանակերտի, Հադրութի և այլ քաղաքների խաղաղ բնակչությամբ թաղամասերի դեմ։ Այդ դեպքերը գրանցվել են մի շարք վստահելի միջազգային կազմակերպությունների կողմից։
Շնորհակալություն»։



