- 17 Փետրվարի, 2026
- Օգտակար նյութեր, Բարեփոխումներ
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ակտիվորեն ներգրավված է պետական գնումների ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում։ Ուսումնասիրելով գործող կարգավորումները և դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրները՝ կազմակերպությունը մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Քաղաքաշինության կոմիտեին է ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել գնումների գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել չարաշահումների ռիսկերը և ապահովել հանրային վերահսկողության արդյունավետ իրականացումը։ Առաջարկները վերաբերում են ինչպես գնումների օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ գործնական խնդիրներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների կյանքի որակի, հանրային միջոցների արդյունավետ օգտագործման և հաշվետվողականության վրա։
Խնդիր․հաճախ արդեն իսկ տեղի ունեցած հանձնում-ընդունումներից հետո, թեև ձեռք բերված ապրանքը / ծառայությունը / աշխատաքը գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, սակայն պատվիրատուն հրաժարվում է թույլատրել դիտորդներին այցելել կամ ուսումնասիրել ձեռք բերված արդյունքը։
Քանի որ երաշխիքային սպասարկման ընթացքում ձեռք բերված արդյունքը ևս մտնում է Կառավարության N 526-Ն որոշմամբ սահմանված վերահսկողության ենթակա ցանկում, առաջարկել ենք պետական և համայնքային մարմիններին շրջաբերականի միջոցով տեղեկացնել դիտորդների այցի անհիմն խոչընդոտների անթույլատրելիության մասին։ Խնդիրը լուծված է։
1․Խնդիր․իրավաբանական անձանց դրամաշնորհներ հատկացնելու կարգը ունի թափանցիկության խնդիր։ Հաճախ հանդիպում ենք պետական մարմինների կողմից հատկացված դրամաշնորհների, որոնք ոչ միայն որևէ կերպ հիմնավորված չեն, այլ նաև բավական ուռճացված են կատարվող ծառայությունները, դրամաշնորհառու կազմակերպության աշխատողների աշխատավարձերը երբեմն կազմում են դրամաշնորհի 90 տոկոսը։ Մյուս կողմից հայտնի չէ, թե ինչպես է ընտրվում դրամաշնորհառու կազմակերպությունը, կա՞ն արդյոք այլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են նույն ծառայությունը կատարել ավելի ցածր գնով ու ավելի որակով, թե՞ ոչ։
Առաջարկել ենք 24․12․2003թ․ «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, որոնցով ավելի թափանցիկ կդառնա դրամաշնորհների հատկացման կարգը, կհրապարակվեն բոլոր մասնակիցների հայտերը, ինչպես նաև կպարզեցվեն դրանց վերահսկողության մեթոդները։
Պատրաստ ենք համագործակցել դրամաշնորհների հատկացման կարգի փոփոխություններն իրականացնելու ուղղությամբ։
2․Խնդիր․գնումների մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվել 2022 թվականին, սակայն նույն հոդվածի 6-րդ մասը, որը հղում էր անում նույն հոդվածի 5-րդ մասին՝ շարունակում է գործել։ Ավելին՝ նույն հոդվածի 7-րդ մասում էլ հղում է կատարվում հոդվածի 6-րդ մասին։
Առաջարկել ենք 34-րդ հոդվածի 6-րդ մասում կատարել փոփոխություններ, սահմանել հայտի գնահատման բավարար պայմանները։
3․Խնդիր․գնումների մասին օրենքի 5․1 հոդվածի 5-րդ մասով սահմանված են վերահսկողության գործընթացին մասնակցելու դիմումների ժամկետներ, ըստ որի՝ դրա համար տրված ժամկետը սահմանվում է կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ և չպետք է պակաս լինի 3 օրացուցային օրից։ Սակայն Կառավարության 04․05․2017թ․ 526-Ն որոշման մեջ 23․05․2024թ․ կատարված փոփոխությամբ այս սահմանափակումն, ըստ էության, վերացված է։
Առաջարկել ենք Օրենքում կատարել փոփոխություններ, որով վերահսկողության ժամկետների վերաբերյալ կարգավորումը կհանվի, փոխարենը հղում կարվի Կառավարության համապատասխան որոշմանը։
4․Խնդիր․գնում չհանդիսացող ծախսերը կատարվում են Կառավարության 15․06․2018թ․ 706-Ն որոշման համաձայն և ուղղված են նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանը։ Այսինքն՝ այս ծախսերը հաջորդ տարվա բյուջեն հաստատելիս արդեն իսկ կան, սակայն բյուջեի ոչ մի տողում գնում չհանդիսացող ծախսերի վերաբերյալ ոչինչ ներառված չէ։
Առաջարկել ենք հաջորդ տարիների բյուջեներում ներառել գնում չհանդիսացող ծախսով կատարվելիք վճարումները։
5․Խնդիր․գնանշման հարցում ընթացակարգը համարվում է մրցակցային գնման ընթացակարգ, սակայն շատ հաճախ տեսնում ենք, որ այս ընթացակարգով հայտարարված մրցույթներին մասնակցում է միայն մեկ մասնակից, որն էլ դառնում է մրցույթի հաղթող։ Երբեմն մասնակիցը փոխկապակցված է պատվիրատու մարմնի որևէ պաշտոնյայի։ Դա առավել ցայտուն է համայնքային մարմինների կողմից հայտարարված «Գնանշման հարցում» ընթացակարգով մրցույթներն ուսումնասիրելիս։
Առաջարկել ենք սահմանել գնանշման հարցում ընթացակարգով նվազագույն մասնակիցների քանակ, որի ապահովման դեպքում մրցույթը կհամարվի կայացած։
6․Խնդիր․գնումների մասին օրենքի 5․1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանրային հսկողությունը պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում։ Սակայն իրավակիրառ պրակտիկայում այս դրույթը պատվիրատուների կողմից մեկնաբանվում է որպես արգելք՝ 1 միլիոն դրամը չգերազանցող գնումների վերահսկողության մասնակցելու համար։
Առաջարկել ենք օրենքից հանել այս ձևակերպումը տարընթերցումներից խուսափելու և անհարկի խոչընդոտներից զերծ մնալու համար։
7․Խնդիր․կենտրոնացված գնումների դեպքում շատ հաճախ շահառուները տեղյակ չեն վերահսկողության մասին և երբեմն արգելում են դիտորդներին մասնակցել հանձնման-ընդունման գործընթացին։ Օրինակ՝ Երևան քաղաքի մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը պատվիրակվել է մեկ մասնակցի, սակայն շատ մանկապարտեզների տնօրեններ թույլ չեն տվել մասնակցել սննդի ընդունմանը, քանի որ տեղյակ չեն եղել դիտորդների այցի մասին, չեն ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի հրամանը, իսկ Կառավարության որոշման մասին տեղեկացնելը որևէ արդյունք չի տվել։
Քանի որ վերահսկողություն իրականացնելու համար գրավոր պահանջը ներկայացվում է պատվիրատուին, առաջարկել ենք ստեղծել պատվիրատու-շահառու հաղորդակցման մեխանիզմներ, որի շնորհիվ դիմում-պահանջի մասին տեղյակ կլինեն բոլոր շահառուները, և անհրաժեշտություն չի առաջանա ամեն անգամ կապ հաստատել պատվիրատուի հետ, որն էլ կտեղեկացնի շահառուին, որից հետո դիտորդները կկարողանան մասնակցել գործընթացին։
8․Խնդիր․ նախկինում Էլեկտրոնային աճուրդով գնում կատարելիս, բացի հաղթողից, որոշվում էր նաև երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը։ Սակայն այս դեպքում առաջանում էր խնդիր․ միմյանց հետ փոխկապակցված ընկերություններից մեկն աճուրդի ընթացքում առաջարկում էր գին, որին անմիջապես հաջորդում էր մյուս ընկերության առաջարկը՝ ինքնարժեքից էականորեն ցածր գնով։ Արդյունքում մյուս մասնակիցները հնարավորություն չէին ունենում մասնակցել իրական աճուրդի: Հաջորդ օրը «հաղթող» ճանաչված ընկերությունը չէր ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի հետևանքով պայմանագիրը կնքվում էր մյուս՝ փոխկապակցված ընկերության հետ։ Այսպիսով ձևավորվում էր էլեկտրոնային աճուրդ, որի արդյունքը նախապես կանխորոշված էր անբարեխիղճ մասնակիցների կողմից։ Խնդրի լուծման նպատակով աճուրդների անցկացման կարգում կատարվեցին փոփոխություններ, հանվեցին երկրորդ տեղ զբաղեցնելու մասին կարգավորումները, և սահմանվեց, որ հաղթող մասնակցի հետ պայմանագիր չկնքելու դեպքում ընթացակարգը համարվում է չկայացած։ Սակայն այս մոտեցումն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում․ հաճախ պատվիրատուները բախվում են անհարկի ձգձգումների, քանի որ յուրաքանչյուր նման դեպքում ստիպված են լինում նորից մրցույթ հայտարարել։
Նախնական քննարկումների արդյունքում առաջադրվել էին մի քանի տարբերակներ՝ խնդրի լուծման համար:
Տարբերակներից մեկն առաջարկում էր սահմանափակել մասնակցի գնառաջարկի հերթական քայլի մեծությունը։ Այսինքն՝ աճուրդի մասնակիցը չի կարող նախորդ վերջին գնառաջարկից 5 տոկոսից ավելի ցածր գին առաջարկել։ Սակայն այս տարբերակում ևս առկա են ռիսկեր։ Եթե նույն մրցույթին մասնակցեն երկու փոխկապակցված ընկերություններ, և յուրաքանչյուրը կատարի 5 տոկոսանոց նվազեցում, ապա մյուս՝ բարեխիղճ մասնակիցը ստիպված կլինի իր վերջին գնառաջարկից նվազագույնը 11 տոկոսով ցածր գին առաջարկել, ինչը կարող է լինել ինքնարժեքից ցածր։ Արդյունքում՝ բարեխիղճ մասնակիցը պարտվում է աճուրդում, իսկ փոխկապակցված ընկերությունները կարողանում են սաբոտաժի միջոցով մրցույթը դարձնել չկայացած։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ առաջարկել ենք հաղթող մասնակցին որոշելուց հետո մյուս մասնակիցներին տալ վերջնական գնառաջարկ ներկայացնելու հնարավորություն՝ այն պայմանով, որ այդ գինը պետք է լինի բարձր հաղթողի առաջարկից, բայց ցածր՝ դրան նախորդած գնառաջարկից։ Այս դեպքում, եթե հաղթող մասնակցի հետ պայմանագիր կնքելը չհաջողվի, պայմանագիր կնքելու առաջարկ կարվի հաջորդ՝ ամենացածր վերջնական գնառաջարկ ներկայացրած մասնակցին։
9․Խնդիր․իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Գնումների մասին օրենքում» կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ ունենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ, որոնք մեր կարծիքով կօգնեն բարելավել գնումների օրենսդրությունը և սահմանափակել չարաշահումներն ու չհիմնավորված գնման գործընթացները։
Մասնավորապես առաջարկել ենք նախագծի 6-րդ հոդվածի 3) բ․ մասում ավելացվող «և հրավերով սահմանված ժամկետում չի վճարել հայտի ապահովման գումարը» ձևակերպումը փոխարինել «կամ հրավերով սահմանված ժամկետում չի վճարել հայտի ապահովման գումարը» ձևակերպմամբ ։ Հակառակ պարագայում ստացվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք ՄԻԱԺԱՄԱՆԱԿ զրկվել են պայմանագիր կնքելու իրավունքից ԵՎ հրավերով սահմանված ժամկետում չեն վճարել հայտի ապահովման գումարը։ Այսինքն՝ փոփոխություններից հետո պայմանները պետք է առկա լինեն միաժամանակ, հակառակ դեպքում անձը չի զրկվում մասնակցության իրավունքից, ինչը, մեր կարծիքով, խնդրահարույց է, և պետք է մասնակիցը զրկվի գնման գործընթացին մասնակցելու իրավունքից նշյալ պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում ևս։
9․1 «Նախաորակավորման, որակավորման և հայտերի գնահատումը» հոդվածի 3-րդ մասում սահմանվում է, որ պատասխանատու ստորաբաժանման կամ տվյալ պատվիրատուի ղեկավար կազմի ներառումը բողոքարկվել չի կարող։
Այս սահմանափակումը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ այն ի սկզբանե բացառում է հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը պատվիրատուի ղեկավար կազմի և գնման գործընթացի մասնակիցների միջև։
Առաջարկել ենք չսահմանափակել պատասխանատու ստորաբաժանման կամ տվյալ պատվիրատուի ղեկավար կազմի ներառումը հանձնաժողովի կազմում, քանի որ թեև տեսականորեն պատվիրատուի ղեկավարը չի կարող փոխկապակցված լինել գնման գործընթացի մասնակիցներից մեկի հետ, սակայն գործնականում դա հնարավոր է։ Ավելին, թեև պաշտոնական աղբյուրներով միշտ չէ, որ հնարավոր է բացահայտել այդ կապը, սակայն չի բացառվում, որ մեկ այլ մասնակից կարողանա ներկայացնել դրա ապացույցներ, ինչը պետք է հիմք հանդիսանա բողոքարկման համար։
Հոդված 12-ում հայտի ու պայմանագրի նախընտրելի լեզուն կարող է սահմանվել անգլերեն։
Առաջարկել ենք հանել այս կարգավորումը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզուն հայերենն է, հետևաբար՝ պայմանագրի նախընտելի լեզուն ևս պետք է լինի հայերենը։
Հոդված 17-ում սահմանվում են մեկ անձից կատարվող գնումների կարգավորումները, որոնցից է «բ․ գնումը պայմանավորված է հեղինակային և հարակից իրավունքներով»։
Գործնականում միջոցառումների կազմակերպումը հաճախ իրականացվում է հենց այս կետի հղումով՝ մեկ անձից գնման միջոցով։ Առաջարկել ենք հստակեցնել, որ այն միջոցառումները, որոնք ուղղակիորեն կապված չեն հեղինակային իրավունքի իրացման հետ, չեն կարող ներառվել այս կարգավորման մեջ։ Օրինակ՝ եթե համայնքապետարանը կազմակերպում է մշակութային միջոցառում երգիչների մասնակցությամբ, ապա երգիչների ներգրավումը ինքնին չի կարող դիտարկվել որպես կազմակերպչի հեղինակային կամ բացառիկ իրավունք, հետևաբար՝ նման դեպքում գնումը չի կարող իրականացվել մեկ անձից։
Նույն հոդվածում հանվել են նախկինում գործող կարգավորումները, որոնց համաձայն պատվիրատուն կարող էր մեկ անձից գնում կատարել, եթե այն չէր գերազանցում սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը։
Առաջարկել ենք պահպանել այս պահին գործող կարգավորումը՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։
- Խնդիր. պատվիրատուն գնման արդյունքի ընդունումը իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացության հիման վրա։
Հանձնման-ընդունման արձանագրությունը հրապարակվում է։ Երբեմն ձեռք բերված ապրանքը / աշխատանքը / ծառայությունը չի համապատասխանում գնման հայտով սահմանված պայմաններին, սակայն հանձնման-ընդունման գործընթացը տեղի է ունեցել, և մատակարարը վճարվել է ոչ պատշաճ արդյունքի մատակարարման համար։ Թեև որոշ գնման ձևերի դեպքում հանձնման-ընդունման արձանագրությունները հրապարակվում են https://www.armeps.am/ppcm/public/contracts հարթակում, հայտնի չէ, թե ո՞վ է տվել դրական եզրակացությունը։
Առաջարկել ենք https://www.armeps.am/ppcm/public/contracts հարթակում հանձնման-ընդունման արձանագրության հրապարակման հետ մեկտեղ պարտադիր դարձնել նաև դրական եզրակացության հրապարակումը։ Սա լրացուցիչ մեխանիզմ կհանդիսանա պատասխանատու ստորաբաժանման հայտը նախագծած աշխատակցի կողմից ստացվող արդյունքի նկատմամբ առավել ուշադիր լինելու և հայտին չհամապատասխանող արդյունքներին բացասական եզրակացություն տալու համար, քանի որ հակառակ դեպքում գնման գործընթացն ուսումնասիրողի համար՝ առանց ավելորդ հարցումներ իրականացնելու, պարզ կդառնա, թե կոնկրետ որ մասնագետն է դրական եզրակացություն տվել անորակ կամ հայտին չհամապատասխանող արդյունքին։
- Խնդիր․շինարարական աշխատանքներին վերաբերող գնումների գործընթացներում բացահայտվել են դեպքեր*, երբ շինարարական աշխատանքներն ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը միմյանց փոխկապակցված են։ Օրինակ՝ որդուն պատկանող ընկերությունն իրականացնում է հոր ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը։
Սա առաջ է քաշում լուրջ խնդիրներ՝ իրականացվող աշխատանքների որակի վերահսկողության տեսանկյունից, և մեծ է հավանականությունը, որ ոչ պատշաճ որակով կատարված աշխատանքները կընդունվեն պատվիրատուի կողմից։ Բացի դա, եթե տեխնիկական հսկողությունն իրականացնել ցանկացող կազմակերպությունը գիտի, որ հսկելու է իր հարազատի աշխատանքը, շահագրգռված է ցածր գին առաջարկել, որպեսզի ինքը հսկի աշխատանքը, դրական եզրակացություն տա, և դրա արդյունքում իր հարազատը շահույթ ստանա։
Քանի որ այս առումով գնումների մասին օրենքում չկան սահմանափակումներ, առաջարկել ենք արգելել փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը միևնույն շինարարական աշխատանքներին վերաբերող գնման գործընթացին։
https://infocom.am/10015022/ ,
- Խնդիր․միջին նորոգման ենթարկվող, հիմնանորոգվող, նոր կառուցվող ճանապարհների գծանշումների ժամկետ, որպես այդպիսին, սահմանված չէ։ Միակ ժամկետը շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունն է։
Երբեմն կապալառու կազմակերպությունը ճանապարհի մի հատվածի ասֆալտի վերին շերտը տեղադրելուց հետո անցնում է մյուս հատվածների ասֆալտապատմանը, իսկ առաջին հատվածը շաբաթներով, անգամ՝ ամիսներով մնում է առանց գծանշումների։ Օրինակ՝ Մ-4 մայրուղու Երևան-Սևան հատվածում 2025 թ․ իրականացրել են միջին նորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են հատվածաբար, այսինքն՝ ճանապարհի մի հատվածի վերին շերտը քերվել է, այնուհետև տեղադրվել է նոր շերտ, դրանից հետո անցում է կատարվել այլ հատվածի և այսպես շարունակ։ Սակայն երկրորդ, երրորդ և այլ հատվածների նորոգման աշխատանքների ողջ ընթացքում առաջին հատվածը մնացել է առանց գծանշումների։ Խոսքը ոչ թե օրերի կամ շաբաթների, այլ ամիսների մասին է։ Ստացվում է՝ զգալի բանուկ մայրուղին ամիսներ շարունակ չի ունեցել գծանշում, ինչը բավական վտանգավոր է երթևեկության ավտանգության տեսանկյունից։
2024 թ․ ՏԿԵ նախարարությունից ստացված գրության համաձայն՝ չկան գծանշումների իրականացման ժամկետի վերաբերյալ սահմանված նորմեր, սակայն մասնագետները գտնում են, որ ասֆալտի վերին շերտի տեղադրումից հետո անհրաժեշտ է 15-20 օր, որպեսզի գծանշումների համար օգտագործվող ներկը չներծծվի ասֆալտի մեջ և չկորցնի իր որակական հատկանիշները։
Ի հակադրություն սրան՝ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ գծանշումներն արվում են անմիջապես ասֆալտի վերին շերտի տեղադրումից հետո։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը Հրաչյա Քոչար փողոցի ասֆալտապատումից մի քանի օր անց արդեն իսկ իրականացրել էր փողոցի գծանշումը (ճիշտ է, միայն՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված կապույտ գծանշումը, բայց ամեն դեպքում 15-20 օր սպասելու մասին չգրված նորմը չէր պահպանվել)։ Ավելին, մինչ օրս վերը նշված փողոցում կապույտ գծանշումները պահպանված են։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկել ենք փոփոխություններ կատարել «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները․․․ հաստատելու մասին» 10․01․2008թ․ N 113-Ն Կառավարության որոշման մեջ և հստակ սահմանել ասֆալտի վերին շերտի տեղադրումից հետո օրերի առավելագույն քանակ, որի ընթացքում կապալառուն պարտավորվում է իրականացնել ասֆալտի գծանշումները։ Առաջարկել ենք բնակավայրերում յուրաքանչյուր հատվածի ասֆալտապատումից հետո գծանշումների իրականացման առավելագույն ժամկետ սահմանել 7, իսկ բնակավայրերից դուրս՝ 10 օրը։
13․Խնդիր․ ճանապարհների միջին նորոգման կամ հիմնանորոգման աշխատանքների պայմանագրերում աշխատանքների կատարման ժամկետները շատ հաճախ այնքան երկար են, որ շահառու բնակիչները կարող են ամիսներ շարունակ ապրել քանդված փողոցների, կեղտաջրերի և անանցանելի փողոցների առկայությամբ։ Օրինակ՝ համայնքապետարանը կարող է համայնքի միանգամից 4 փողոցի հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ պատվիրել՝ դրանց կատարման ժամկետ սահմանելով 270 օրը։ Արդյունքում, կապալառու կազմակերպությունը մեկ շաբաթում քանդում է նշված բոլոր փողոցները և ամիսներ շարունակ դրանք թողնում քանդված վիճակում։ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտին մոտ նոր միայն կապալառուն սկսում է աշխատանքները, սահմանված ժամկետում (երբեմն նույնիսկ ժամկետների ուշացումով) օբյեկտները հանձնում է շահագործման, սակայն ողջ ընթացքում բնակիչներին պատճառելով անհարմարություներ, փչացած տեխնիկա, կյանքի որակի վատթարացում։ Նման օրինակ է Վաղարշապատի համայնքապետարանի ու «ԼԵՎ — ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 09․10․2024 թ․ կնքված պայմանագիրը, համաձայն որի՝ կազմակերպությունը պարտավորվում էր Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վ․ Տերյան, Սբ․ Մ․ Խորենացի, Ա․ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել 250 օրացուցային օրում, սակայն աշխատանքները սկսելուց հետո ամիսներ շարունակ շահառու բնակիչները ապրում էին քանդված փողոցների և փոշու մեջ։
Առաջարկել ենք կախված կատարվող աշխատանքներից և ծավալներից աշխատանքը բաժանել հատվածների և յուրաքանչյուր հատվածի ամբողջական շինարարության (այդ թվում՝ ասֆալտի վերին շերտի տեղադրում, գծանշում, կահավորում) համար սահմանել սեղմ ու հստակ ժամկետներ։ Կոնկրետ այս օրինակով յուրաքանչյուր փողոցի համար սահմանել առանձին ժամկետ, որպեսզի ոչ թե միանգամից բոլորը քանդվեն և մնան այդպես, այլ մի հատվածը քանդվի, կատարվեն ամբողջական աշխատանքները, վերականգնվի ասֆալտի վերին շերտը, կատարվեն գծանշումներն ու կահավորումը, ինչից հետո անցում կատարվի մյուս հատվածներին։ Այս կարգավորման շնորհիվ բնակիչները ստիպված չեն լինի ամիսներ շարունակ ապրել քանդված փողոցների ու փոշու մեջ, կրել նյութական և հոգեբանական վնասներ։
Սրա շնորհիվ նաև պատվիրատուն կկարողանա աշխատանքները ոչ պատշաճ կատարող կապալառուի հետ ավելի շուտ լուծել պայմանագիրը և հայտարարել նոր մրցույթ՝ խնայելով այն ժամանակը, որը ստիպված էր սպասել մինչև պայմանագրով նախատեսված ողջ ժամանակի ավարտը։




