Կայացավ ուսանողների հետ վերջին քննարկումը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

Մայիսի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած ուսանողական հանդիպումների և քննարկումների շարքի եզրափակիչ հանդիպումը։

Հանդիպման առանցքային թեման ապատեղեկատվությունն ու հիբրիդային սպառնալիքներն էին, դրանց գործիքակազմը, դրսևորման առանձնահատկություններն ու ազդեցությունը քաղաքական և հասարակական գործընթացների վրա։ Բանախոսներն էին «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի փորձագետներ Սամվել Մելիքսեթյանը և Ռոբերտ Ղևոնդյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հիբրիդային սպառնալիքների տարբեր մեխանիզմներին, տեղեկատվական ազդեցության ձևերին և դրանց հետևանքներին: Ներկայացվեցին նաև տարբեր երկրների փորձն ու իրական օրինակներ։

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և խաղ-քննարկման ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան վերլուծելու տարբեր սցենարներ, արտահայտելու իրենց դիտարկումները և կիրառելու ձեռք բերած գիտելիքները։

Կապանում կայացած այս հանդիպմամբ ամփոփվեց ուսանողների հետ քննարկումների շարքը, որի նպատակն էր նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության և ժամանակակից տեղեկատվական սպառնալիքների ճանաչման կարողությունների զարգացմանը։

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:

20260522_101622
previous arrow
next arrow

Առնչվող