- 5 Հունիսի, 2026
- Ընտրություններ
Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առավել կարևոր է դառնում ընտրական գործընթացների թափանցիկության և ժողովրդավարական սկզբունքների պահպանման հարցը։ Վերջին ամիսներին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված մի շարք հաղորդագրություններ հանրային ուշադրության կենտրոնում են պահել ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների և ընտրական գործընթացին ապօրինի միջամտությունների վերաբերյալ դեպքերը։
Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած վիճակագրության՝ 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած նախաձեռնվել է 70 քրեական վարույթ՝ կապված ընտրական գործընթացներում առերևույթ խախտումների, ընտրակաշառքի և ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության դեպքերի հետ։ Նշված վարույթներից 22-ի շրջանակում ձերբակալվել է 110 անձ, իսկ 120 անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Հարցաքննվել է նաև շուրջ 200 անձ, ինչպես նաև իրականացվել են խուզարկություններ տարբեր գրասենյակներում: Բացի այդ, 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 49 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են անազատության հետ կապված միջոցներ՝ կալանք կամ տնային կալանք, իսկ 38 անձանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այս տվյալները վկայում են ընտրական գործընթացների շուրջ արձանագրված դեպքերի ծավալի և դրանց նկատմամբ իրավապահ մարմինների ակտիվ արձագանքի մասին։
Սույն վերլուծությունը ներկայացնում է կատարված հրապարակումների ուսումնասիրության արդյունքները՝ ուրվագծելով ընդհանրական պատկերը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունների համաձայն՝ 2026 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ ընտրական հանցագործությունների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է ընտրակաշառք տալու կամ վերցնելու, շատերը՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման, իսկ որոշները՝ ընտրության իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու՝ այդ թվում բռնության սպառնալիքով, հավաքներին մասնակցելու համար շահագրգռելու դեպքերի: Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ այդ դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ձերբակալվել են մի խումբ անձինք, իրականացվել են խուզարկություններ և բազմաթիվ այլ վարույթային գործողություններ։
Կոմիտեի հրապարակումների մեծագույն մասում շրջանառվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության, իսկ որոշ դեպքերում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի անունները:
Ձեռք բերված տվյալների աշխարհագրությունը, ընդգրկելով ՀՀ մարզերի մեծամասնությունը՝ Սյունիք, Տավուշ, Արարատ, Շիրակ, Արմավիր, Լոռի և Երևանի տարբեր վարչական շրջաններ, չի սահմանափակվում Հայաստանով, այլ դուրս է գալիս նրա սահմաններից և ընդգրկում Ռուսաստանում գործող անձանց: Մասնավորապես, հրապարակված ձայնագրություններից մեկում լսում ենք, թե ինչպես են երկու հոգի քննարկում ՌԴ-ում բնակվող անձի կողմից նյութական շահագրգռության դիմաց Արարատի մարզի մի խումբ բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու հնարավորությունը: Մեկ այլ՝ մայիսի 25-ին հրապարակված նյութում խոսվում է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և իրենց մատնանշած ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու նպատակով քաղաքացիների մեծ խմբի տեղափոխման մասին՝ նրանց գործատուի կողմից: Խոսվում է նաև այդ քաղաքացիներին հեղաշրջման գործընթացում ներգրավելու մտադրության մասին:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք՝ այն քողարկելով որպես «աշխատավարձ» կամ «ակտիվիստական վճար», մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված հրապարակումներից մեկում նշվում է, որ ընտրողների տան վերանորոգման համար շինանյութ են տրամադրել «բարեգործության» անվան տակ։ Բացի այդ, կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկում քննարկվում են նաև ընտրատեղամասերում «ձայների ապահովման» մեխանիզմներ, ընտրողների վերահսկման ձևեր, ինչպես նաև ամբողջ գործընթացը քողարկելու եղանակներ՝ քաղաքացիներին կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու միջոցով։ Նաև մեկ այլ հրապարակմամբ փաստվում է քրեական ենթամշակույթի կրողների կողմից տրված հրահանգի՝ «պրագոնի» և ընտրողի նկատմամբ ճնշումների առկայությունը։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հրապարակված նյութերում որոշ անձինք վստահություն են հայտնում, որ իրենք կարող են քաղաքացիների քվեները մեկ քաղաքական ուժի փոխարեն «վաճառել» այլ քաղաքական ուժի։
Կից ներկայացնում ենք վիճակագրական տվյալները:


Աննա Իսրայելյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»





