ՀՀ-ից ՌԴ արտահանման հակառակ կողմը․ հայկական արտադրության և վերաարտահանման մասնաբաժինը

ՄԱՍ 1| Արտահանման կառուցվածքն ու տեղական արտադրանքի բաղադրիչը 

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները՝ կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ռիսկերի հետ։

Հնարավոր հետևանքների շարքում հաճախ մատնանշվում են նաև երկու երկրների միջև առևտրի, մասնավորապես՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների կրճատման  ռիսկերը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակները և փորձել հասկանալ, թե արտահանվող հիմնական ապրանքախմբերում ինչ մասնաբաժին ունեն հայկական արտադրանքի արտահանումն ու վերաարտահանումը։

ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած ամենաթարմ վիճակագրական տվյալների հիման վրա ներկայացրել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանված՝ մաքսային արժեքով 15 խոշորագույն ապրանքախմբերը՝ 2024 և 2025 թվականների տարեկան ամփոփ տվյալներով։

*Նյութում ներկայացված բոլոր տվյալները վերաբերում են Հայաստանից Ռուսաստան արտահանման ցուցանիշներին և արտահանման մաքսային արժեքով առաջատար 15 ապրանքախմբերի միտումներին։

ՀՀ-ից ՌԴ արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները 

2025 թ․-ին արտահանման մաքսային արժեքով առաջին տեղը զբաղեցրել են հեռախոսային և հեռագրային սարքերը՝ շուրջ 788.9 մլն դոլար արժողությամբ (2024 թ՝ 619.7 մլն դոլար

Երկրորդ տեղում սպիրտային խմիչքներն են՝ շուրջ 284.6 մլն դոլարով (2024 թ՝ 284.6 մլն դոլար), որոնց հաջորդում են մոնիտորներն ու պրոյեկտորները՝ 141.7 մլն դոլար (2024 թ՝ 263.0 մլն դոլար), համակարգիչներն ու դրանց բաղադրիչները՝ 96.5 մլն դոլար (2024 թ՝ 72.4 մլն դոլար) և թարմ  մրգերը՝ 56.6 մլն դոլար (2024 թ՝ 40.2 մլն դոլար) արժողությամբ։

Առաջատար ապրանքախմբերի ցանկը ցույց է տալիս, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքում միաժամանակ մեծ տեղ են զբաղեցնում թե՛ ավանդական հայկական արտադրանքը, թե՛ ապրանքախմբերը, որոնց դեպքում հաճախ քննարկվում է նաև վերաարտահանման հնարավոր բաղադրիչը։

Մասնավորապես, վերջին տարիներին հանրային և փորձագիտական քննարկումների առարկա են դարձել հեռախոսների, համակարգիչների, մոնիտորների, ինչպես նաև ոսկու արտահանման ծավալներն ու դրանցում վերաարտահանման հնարավոր բաղադրիչը։

Միևնույն ժամանակ, սպիրտային խմիչքները, մրգերը, բանջարեղենը, ձուկը, ծաղիկները, լոլիկը և ֆեռոհամաձուլվածքները երկար տարիներ եղել են և շարունակում են մնալ Հայաստանի ավանդական արտահանվող ապրանքների շարքում։

Առաջատար 15 ապրանքախմբերի արտահանման արժեքների և քանակական ցուցանիշների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։

Վերլուծության շրջանակում 15 խոշորագույն ապրանքախմբերը պայմանականորեն բաժանել ենք երեք խմբի՝ հայկական արտադրության, վերաարտահանման բարձր հավանականություն ունեցող և դժվար դասակարգվող ապրանքախմբերի։

ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը՝ 2022-2025 թվականներին 

ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝  2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ 2 միլիարդ 485 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին՝ շուրջ 3 միլիարդ 568 միլիոն դոլար։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 3 միլիարդ 2 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2 միլիարդ 916 միլիոն դոլար։

Այսպիսով, 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր մաքսային արժեքը 2022 թվականի համեմատ աճել է շուրջ 431 միլիոն դոլարով կամ մոտ 17.4%-ով։

Աճն առավել նկատելի է եղել 2023 թվականին, երբ Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքում մեծ մասնաբաժին են սկսել զբաղեցնել տեխնոլոգիական սարքավորումներն ու էլեկտրոնիկան։

Թեև 2024 և 2025 թվականներին արտահանման ընդհանուր արժեքը նվազել է 2023 թվականի ռեկորդային ցուցանիշի համեմատ, այն շարունակում է զգալիորեն գերազանցել 2022 թվականի մակարդակը, իսկ արտահանման կառուցվածքում շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել նաև վերաարտահանման զգալի բաղադրիչ ունեցող ապրանքախմբերը։

1Վերաարտահանման տենդենցը՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո

Այն, որ որոշ խոշոր ապրանքախմբերի դեպքում դեպի Ռուսաստան արտահանման կառուցվածքում վերաարտահանման բաղադրիչը զգալի է, երևում է վերջին տարիների արտահանման ցուցանիշների ուսումնասիրությունից։

Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի ապրանքախմբերի, որոնք Հայաստանում արդյունաբերական նշանակալի ծավալներով չեն արտադրվում։

Ստորև ներկայացրել ենք երեք խոշոր ապրանքախումբ՝ հեռախոսային և հեռագրային սարքերը, մոնիտորներն ու պրոյեկտորները, ինչպես նաև համակարգիչներն ու դրանց բաղադրիչները։

Արտահանման ցուցանիշները՝ 2024-2025 թթ․
Արտահանման ցուցանիշները՝ 2024-2025 թթ․

Վերաարտահանման բարձր հավանականություն ունեցող վերոնշյալ երեք ապրանքախմբերը 2024 թվականին կազմել են արտահանման ընդհանուր մաքսային արժեքի շուրջ 31.8%-ը, իսկ 2025 թվականին՝ շուրջ 35.2%-ը։


Առաջատար 15 ապրանքախմբերի թվում զգալի տեղ են զբաղեցնում նաև այնպիսի ապրանքներ, որոնք երկար տարիներ եղել են Հայաստանի ավանդական արդյունաբերական և գյուղատնտեսական արտահանման հիմնական ուղղությունները։

2Արտահանվող հիմնական հայկական ապրանքախմբերը

15 խոշոր ապրանքախմբերի շարքում առնվազն 7-ը կարելի է կապել Հայաստանի ավանդական արտադրության և գյուղատնտեսության հետ։ Դրանց թվում են սպիրտային խմիչքները, թարմ մրգերը, թարմ կամ սառնարանային պայմաններում պահված ձուկը, կտրված ծաղիկներն ու ծաղկաբողբոջները, թարմ բանջարեղենը, լոլիկը և ֆեռոհամաձուլվածքները։

Արտահանման արժեքային ցուցանիշների փոփոխությունը՝ 2024-2025 թթ․
Արտահանման արժեքային ցուցանիշների փոփոխությունը՝ 2024-2025 թթ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին քանակական արտահայտությամբ աճ է արձանագրվել թարմ մրգերի, բանջարեղենի և կտրված ծաղիկների արտահանման դեպքում, մինչդեռ սպիրտային խմիչքների, ֆեռոհամաձուլվածքների և լոլիկի արտահանման քանակը նվազել է։

Արտահանման քանակական ցուցանիշների փոփոխությունը՝ 2024-2025 թթ․

Հայկական արտադրության բաղադրիչը՝ արտահանման մեջ (15 խոշորագույն ապրանքախմբերի շրջանակում)

Հայկական արտադրության հետ կապվող 7 ապրանքախմբերը 2024 թվականին կազմել են ՀՀ-ից ՌԴ արտահանման ընդհանուր մաքսային արժեքի շուրջ 18.1%-ը, իսկ 2025 թվականին՝ շուրջ 19.5%-ը։

Արդյունքում, այս ապրանքախմբերի մասնաբաժինը Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման կառուցվածքում աճել է՝ 18.1%-ից հասնելով 19.5%-ի։

Թեև 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման գումարային արժեքը նվազել է, մեր ուսումնասիրության առարկա հայկական արտադրության հետ կապվող ապրանքախմբերի արտահանման արժեքն աճել է շուրջ 4.7%-ով։

*Այս հաշվարկում ներառվել են միայն այն ապրանքախմբերը, որոնք ակնհայտորեն կարելի է կապել հայկական արտադրության հետ։ 

3Դժվար դասակարգվող ապրանքախմբերի բաղադրիչը

Առաջատար 15 ապրանքախմբերի շարքում ևս 5 ապրանքատեսակների պարագայում միայն մաքսային ծառայության արտահանման վիճակագրության հիման վրա հնարավոր չէ հստակ գնահատել, թե դրանց արտահանման մեջ ինչ մասնաբաժին ունեն տեղական արտադրությունն ու վերաարտահանումը։

Այս ապրանքախմբերից որոշների դեպքում Հայաստանում առկա են ինչպես արտադրության կամ վերամշակման որոշակի հզորություններ, այնպես էլ վերջին տարիներին դրանց հնարավոր վերաարտահանման վերաբերյալ ակտիվ հանրային ակտիվ քննարկումներ և հետաքննական հրապարակումներ  (1, 2, 3):

Չնայած 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման արժեքը նվազել է, դժվար դասակարգվող 5 ապրանքախմբերի արտահանման արժեքն աճել է շուրջ 77.4%-ով։ Արդյունքում, դրանց մասնաբաժինը Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման կառուցվածքում աճել է՝ 3.9%-ից հասնելով 7.0%-ի։

Այսպիսով, 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանված շուրջ 2.9 մլրդ դոլարի ապրանքների շուրջ 61.7%-ը բաժին է ընկել հոդվածում ներկայացված 15 խոշորագույն ապրանքախմբերին, որոնցից շուրջ 19.5%-ը կազմել են հայկական արտադրության հետ կապվող ապրանքախմբերը, շուրջ 35.2%-ը՝ ապրանքախմբերը, որոնց դեպքում, ըստ ամենայնի, վերաարտահանման բաղադրիչը զգալի է, իսկ շուրջ 7.0%-ը՝ դժվար դասակարգվող ապրանքախմբերը։ 

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքում զգալի տեղ են զբաղեցնում ինչպես հայկական արտադրանքը, այնպես էլ վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքախմբերը։ Այս հանգամանքը երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հնարավոր փոփոխությունների թեման դարձնում է զգայուն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

*Բոլոր հաշվարկները վերաբերում են միայն հոդվածում ուսումնասիրված 15 խոշոր ապրանքախմբերին։

Գայանե Մարկոսյան
«
Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող