- 25 Դեկտեմբերի, 2014
- Եվրասիական տնտեսական միություն
Երեկ տարեկան եզրափակիչ մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում հայրենի գյուղատնտեսության համար “հիանալի հեռանկարներ են բացվում”: Թեև նախարարը չներկայացրեց իր այդ պնդման հիմքերը, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել հետևյալը: ԵՏՄ անդամակցության արդյունքում`
- 2015 թվականի հունվարի 1-ից 13-14 տոկոսով թանկանալու են այլ երկրներից բերվող տրակտորները: Իսկ գյուղատնտեսական տրակտորների 75 տոկոսը, ըստ գյուղ. նախարարության, բերվում են հենց այլ (ոչ ԵՏՄ) երկրներից: Բելոռուսական տրակտորները չեն էժանանալու, քանի որ այժմ ևս 0-ական դրույքաչափոն են մաքսազերծվում:
- Սերմացուները թանականլու են շուրջ 5 տոկոսով և այդ թանկացումների զգալի մասը կլինի կրկին 2015 թվականի հունվարի 1-ից: Սերմացուների մեծ մասը առհասարակ չի արտադրվում ԵՏՄ-ում: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունն արևմուտքի դեմ “հակընդեմ պատժամիջոցների” ցանկից շատ արագ հանեց սերմացուն և պարարտանյութերը` թույլատրելով դրանք ներմուծել ԱՄՆ-ից ու Եվրոպայից:
- 2018-2019 թվականներին 8-ից 9 տոկոսով թանականալու են պարարտանյութերը, որոնք, կրկին, գրեթե ամբողջությամբ բերվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից:
- 2020 թվականից առնվազն 19 տոկոսով են թանկանալու ԵՏՄ-ից դուրս արտդրված բեռնատար ավտոմեքենաները: Ընդ որում, 10-15 տարի օգտագործված բեռնատարները թանականլու են միչև 100 տոկոսով: Իսկ գյուղացիները, համարյա միշտ, օգտագործում են ամերիկյան Ford Transit-ներ և արևմտյան այլ մեքենաներ: Իսկ Ռուսական “Газель”-ները չեն էժանանալու, քանի որ այժմ ԱՊՀ տարածքում 0-ական դրույքաչափոն են մաքսազերծվում:
- Գյուղատնտեսությունը զրկվեց ԵՏՄ-ից 40 անգամ ավելի մեծ Եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունից, քանի որ Հայաստանը կորցրեց այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու իրավունքը, ինչը տապալեց Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
- Թեև հայրենի գյուղմթերքներ արտահանողները ազատվում են Ռուսաստանում ոչ սակագնային կարգավորումների խնդրից, սակայն ոչինչ չի փոխվի մաքսատուրքի մասով, քանի որ ԱՊՀ ազատ առևտրի գոտում 2011 թվականից այն արդեն 0-ական է: Բացի այդ, արտահանողները չեն ազատվում նաև Ռուսաստանում այլ հարկերից:
Եթե այս փաստերի ֆոնին Գյուղատնտեսության նախարարը շարունակում է պնդել, որ ոլորտը ԵՏՄ անդամակցությունից կշահի, ապա նա պարտավոր է ներկայացնել հիմնավոր հակափաստարկներ:
Հ.Գ. Նշենք, որ այս ամենի մասին արդեն խոսվել է մի-քանի շաբաթ առաջ մեր հրապարակած տեսանյութում:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»