- 16 Նոյեմբերի, 2017
- Մամուլը մեր մասին
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Օրենքին կողմ քվերակեցին «Հանրապետական», «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը:
Օրենքի դեմ բողոքի դուրս եկած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այդ օրը մոտ մեկ ժամ փակ դռների հետևում բանակցելով Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀԿ խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ։ Իսկ մինչ այդ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը։
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ» թեմայով հանրային քննարկման ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ ուսանողները պետք է այդ դադարն օգտագործեն իրենց պահանջները տրանսֆորմացնելու համար, քանի որ խնդիրները միայն տարկետման իրավունքի սահմանափակմամբ չի ավարտվում․
«Պահանջներն, իմ կարծիքով, պետք է վերաբերվեն ոչ միայն տարկետման համակարգին, այլ դրանք պետք է վերաբերվեն կրթության, գիտության ու զինված ուժերի ոլորտներին։ Այս ոլորտներն ունեն լրջագույն խնդիրներ, և կարծում եմ՝ պետք է առիթը բաց չթողնել ու քննարկել այդ խնդիրները, պահանջել իշխանություններից, որ այդ խնդիրները լուծվեն»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն իր հերթին հույս հայտնեց, որ քննարկումների հարթակը կօգտագործվի ։Ազգ-բանակ» գաղափարի դեռևս չհրապարակված դրույթները կդառնան հանրային քննարկման առարկա․
«Կարծում եմ՝ հենց այդ քննարկումների անհրաժեշտությունն ունի մեր հասարակությունը, որպեսզի այդ օրենքի նախագծի նման հրատապ կարգով մյուս հարցերը, որոնք հրապարակված չեն, սակայն իրենց մտքում ունեն այդ գաղափարի կրողները, չդարձնեն պարտադրանքի ուժ ունեցող օրենքներ կամ որոշումներ, որոնց մենք ստիպված ենք լինելու ենթարկվել»։
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ մեր նման ավտորիտար երկրներում ցանկացած քաղաքական մասշտաբի հանրային դժգոհության ալիք արդեն իսկ վտանգավոր է։
«Մեր նման երկրներում, երբ 100-ից ավել մարդ է փողոց դուրս գալիս, իշխանությունը դրանից շատ է վախենում»,- նշեց Արմեն Գրիգորյան՝ հավելելով․ «Վախն էր պատճառը, որ նախ հանձնաժողովի նիստը գիշերով կայացրեցին, օրենքն էլ շատ արագ անցկացրեցին, որովհետև հասկանում էին, որ օրենքի անցկացման դեպքում ազդելու են ուսանողների պայքարի ակտիվության վրա և նրանց կկանգնեցնի փաստի առաջ»։
Քաղաքագետը համոզված է նաև, որ ուսանողների պայքարը վերջացած գործընթաց չէ։
Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ սխալ է բողոքող ուսանողների վրա շատ բեռ դնելը ու նրանց մեղադրել ինչ-ինչ գործողություններ չանելու ու կոշտություն չցուցաբերելու մեջ․
«Ուսանողները քրեաօլիգարխիկ ռեժիմի տապալման օրակարգով դուրս չէին եկել փողոց։ Այդ մարդկանց խնդիրն այդ օրենքի տապալումն էր։ Հիմա թե հանդիպումներով կանեն, թե մեկ այլ ճանապարհով՝ դա թողնենք իրենց որոշմանը»։
Միաժամանակ բանախոսը տարօրինակ համարեց, որ իշխանությունը կլոր սեղանի շուրջ քննարկումներ ցանկանում է անել օրենքի ընդունումից հետո, ինչը, նրա կարծիքով, անտրամաբանական է․
«Աբսուրդ է, մաւրդիկ պետք է գնային հացադուլի, որ դուք քննարկման կանչեի՞ք»,- հարցադրում է անում Սանասարյանը՝ հավելելով․ «Կարելի է գիտնականների հետ «զինված» պատկերացումներով ու մոտեցումներով գնալ կլոր սեղանի, բայց առաջն ունենալով մի նշաձող, որ մինչև օրենքի Բաղրամյան 26 հասնելը պետք է տապալել»։