Իոաննիսյան․ Մենք չենք համաձայնելու որևիցե կառույցում լինել դեկորացիա․ Ազատություն ռ/կ

Ընդդիմությանն ու քաղհասարակությանը պաշտոններ և վերահսկողական լծակներ զիջելու մասին «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկը անհիմն է և անարդյունավետ, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Առանձին հատվածային պաշտոններում ներգրավելով՝ դա որևիցե էական ազդեցություն կամ փոփոխություն չի կարող հանգեցնել: Ավելին՝ դա, ըստ էության, կդառնա գործող համակարգի ինչ-որ մի մասը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը: – «Վստահության բացակայության պարագայում նման առաջարկությունները, մեղմ ասած, անհիմն են, եթե չասեմ անարդյունավետ, և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ես չեմ պատրաստվում, իհարկե, նման գործընթացի մասնակցել», – հավելեց իրավապաշտպանը:

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած պայքարի արդյունավետությանը չհավատացող Էդմոն Մարուքյանը aravot.am-ում հրապարակված հոդվածում առավել իրատեսական էր համարել իշխանությանը վերահսկելու գործառույթ ստանձնելը՝ նրանց առաջ պայման դնելով, որ «Ելք»-ին և քաղաքացիական հասարակությանը տեղեր տրվեն վերահսկիչ և անկախ կառույցներում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։

Իշխանությունը, Մարուքյանի գնահատմամբ, պետք է զիջի, օրինակ, Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ, Մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական ընտրական և ՀՌԱ հանձնաժողովների 2-ական անդամներ նշանակելու իրավունքները: Պատգամավորը կարևորել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անդամներ առաջադրելու հնարավորությունը։

Մարուքյանը այս թեզը առաջ է քաշել՝ նկատի ունենալով սցենար, եթե վարչապետ է դառնում Սերժ Սարգսյանը։ Իսկ գործող նախագահին, Մարուքյանի համոզմամբ, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց՝ վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։

Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր՝ իշխանությունը պատրաստ է քննարկել Մարուքյանի առաջարկը, եթե նա դիմի գրավոր՝ շեշտելով, որ այդ դեպքում «Լուսավոր Հայաստանը» նաև պետք է իշխանության մաս կազմի՝ կիսելով քաղաքական պատասխանատվությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ողջունելի է համարում, որ Մարուքյանն ուզում է պայքարել ընդդիմության և քաղհասարակության լիազորությունների ընդլայնման համար, բայց չի կարծում, թե Հայաստանի իշխանությունն այս պահին ցանկություն կունենա իրենց իրական վերահսկողական ֆունկցիաներ տրամադրել․ – «Ես համարում եմ, որ այդ քայլը տապալմամբ կավարտվի: Եթե դա լինի լուրջ հանրային պահանջ տեղական հանրության կողմից, միջազգային հանրության կողմից, բայց եթե այդ պահանջի հետևում կանգնած է 9 պատգամավորական մանդատ, ամենայն հարգանքով պատգամավորի ինստիտուտի նկատմամբ, ես պետք է արձանագրեմ, որ իշխանությունները չեն գնա լուրջ զիջումների, տարիների և տասնամյակների փորձը վկա»:

Իոաննիսյանն ասաց՝ առաջարկը հնչեցնելուց առաջ Մարուքյանն իրենց հետ չի քննարկել այն: Հարցուփորձ է արել քաղահասարակության որոշ ներկայացուցիչների, նրանք էլ, ասաց, մինչև հրապարակումը գաղափարից տեղյակ չեն եղել։

«Անգամ եթե իշխանությունն ապագայում համաձայնի զիջման գնալ կարիք հասկանալ՝ արդյոք արժե գնալ ու կիսել պատասխանատվությունը», – նշեց Իոաննիսյանը՝ հայտարարելով․ – «Մենք չենք համաձայնելու որևիցե կառույցում լինել դեկորացիա և կիսել պատասխանատվությունը: Օրինակ՝ հակակոռուպցիոն մարմիններում, քանի որ հակակոռուպցիոն մարմինները չունեն իրական լիազորություններ, եթե մենք գնանք հակակոռուպցիոն մարմիններում ներգրավվենք, ապա մենք կիսելու ենք պատասխանատվությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքարի բացակայության համար, բայց մենք չենք ուզում կիսենք այդ պատասխանատվությունը»:

www.azatutyun.am

Առնչվող