ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակի՞ց է, թե՞ չեզոք

Դեկտեմբերի 1-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մասնակցել են ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի  ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն:

Ի՞նչ են ասում

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ը կողմ է հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթնաժողովների շրջանակում ձեռք բերված  ու իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանումը ենթադրող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը:

Ի՞նչն այնպես չէ

Անշուշտ, ՀԱՊԿ-ի հայտարարությունը բավականաչափ տրամաբանական և կառուցողական է, եթե, իհարկե, ՀԱՊԿ-ը լիներ ցանկացած այլ միջազգային կառույց:

Սակայն բանը նրանում է, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ռազմական դաշինք է, ոչ թե շարքային տնտեսական կամ տարածաշրջանային կառույց, այլ կոնկրետ պաշտպանական նշանակություն ունեցող դաշինք, որի անդամ է Հայաստանը, և որի անդամները, ըստ տրամաբանության, պետք է լինեն Հայաստանի դաշնակիցները… Իսկ հայտարարություններն պետք է լինեն Հայաստանին սատարող:

ՀԱՊԿ-ը, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններում մշտապես կամ չափազանց ուշանում է, կամ հանդես է գալիս չափազանց չեզոք հայտարարություններով:

Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերի վերջին Տավուշում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը կազմակերպությունն արձագանքեց միայն օրեր անց՝ հունվարին: Ընդ որում՝ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար Հայաստանին աջակցելու մասին, այլ «արտահայտվում» էր միայն «մտահոգություն» (այն ժամանակ «մխիթարանքը» հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևկերպումն էր): Պակաս ուշագրավ չէ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքը, որում ևս չկար հիշատակում Հայաստանին աջակցություն հայտնելու մասին, այլ միայն նշվում էր, որ Ադրբեջանն է սանձազերծել իրավիճակի լարումը:

Նման հայտարարությունները, իհարկե, տրամաբանական են և հետևաբար բխում են հայկական շահերից: Սակայն այդ տեսակ հայտարարություններ Հայաստանը կարող է սպասել այլ, այսպես ասած, «խորթ» կամ չեզոք կազմակերպություններից՝ սկսած ՆԱՏՕ-ից, վերջացրած Աֆրիկական միասնության կազմակերպությունից: ՀԱՊԿ-ից՝ իր դաշնակիցներից, Հայաստանը իրավացիորեն կարող է ակնկալել բոլորովին այլ որակի հայտարարություններ, որոնք կենթադրեն, որ այդ կառույցն ու դրա անդամ երկրները իսկապես Հայաստանի դաշնակիցներն են, պատրաստ են պաշտպանել Հայաստանը ցանկացած ագրեսորից ու աջակցել հակամարտության հայաստանանպաստ կարգավորման գործում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող