- 18 Նոյեմբերի, 2014
- Եվրասիական տնտեսական միություն
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին: Այս անդամակցումը ենթադրում է, որ մենք կունենանք ընդհանուր մաքսային բյուջե (որից 1,13 տոկոսը մեզ է բաժին հասնելու) և միասնական մաքսային դրույքաչափեր: Այդ դրույքաչափերի ուսումնասիրությունը նորանոր բացահայտումներ է անում. այս անգամ ռազմական ոլորտում:
Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայկական մարտական ավիացիայի համարյա բոլոր ինքնաթիռները գնվել են Սլովակիայից, Ռումինիայից և Վրաստանից: Ինչպես նաև, շատերս ենք շքերթի ժամանակ տեսել Չինական արտադրության հեռահար համազարկային կրակի համակարգեր, Սերբական դիպուկահար հրացաններ և Ճապոնական ամենագնացներ:
Այսինքն, մեր Պաշտպանության նախարարությունը շատ հաճախ (անգամ, որպես կանոն), զենք է գնում երկներից, որոնք ԵՏՄ անդամ չեն: Ինչը բնական է, քանի որ այժմ ռուսական զենքը, իր գին-որակ հարաբերակցությամբ, որպես կանոն, զիջում է այլ երկրների զենք արտադրողներին: Իսկ Ռուսաստանից, հիմնականում, զենք են գնում այնպիսի երկրներ, որոնց Արևմուտքը զենք չի վաճառում (ինչպես, օրինակ, Ադրբեջանը):
Բնականաբար, անկախ վաճառող երկրից, ՊՆ-ն զենք ներմուծելիս որևէ մաքսատուրք չի վճարում. սակայն առայժմ:
ԵՏՄ-ում զենք ներմուծելու համար դրույքաչափերը 18-ից 19 տոկոս են: Այսինքն, զենք ներմուծողը, օրինակ՝ ՊՆ-ն, պետք է դրա գնի 18-19 տոկոսի չափով մաքսատուրք վճարի ԵՏՄ բյուջե:
Բանակի համար ներմուծվող զենքերի մասով հստակ է նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ հոդվածով, որով սահմանված է, որ 2015-2022 թվականներին ՊՆ-ն կարող է չմաքսազերծել այլ երկրներից բերվող միայն այն զինատեսակները, որոնց նմանակը չի արտադրվում ԵՏՄ-ում: 2022 թվականից հետո այլ երկրներից բերվող բոլոր զինատեսակներնը մաքսազերծվելու են ԵՏՄ դրույքաչափերով:
Այսպիսով, եթե 2015 թվականի հունվարի 1-ից հետո ՊՆ-ն ցանկանա գնել, ասենք, Գերմանական տանկ, Ամերիկյան զրահաբաճկոն, Սլովակական ինքնաթիռ, Սերբական դիպուկահար հրացան, Ճապոնական ամենագնաց կամ Ֆրանսիական հակատանկային համակարգ, ապա ստիպված կլինի ԵՏՄ բյուջե փոխանցել դրա գնի առնվազն 18 տոկոսը (քանի որ դրանց նմանակը արտադրվում է նաև ՌԴ-ում):
Արդյունքում, մենք ստիպված ենք լինելու գնել ռուսական զենքերը, անկախ դրանց գին-որակ հարաբերակցությունից, և ՌԴ-ն կկարողանա չարաշահել իր մոնոպոլ այս դիրքը` առավել բարձր գնով զենք վաճառելու համար: