Իրավապահները չեն ձերբազատվում իրար մեղադրելով գործ չանելու պրակտիկայից

Ապրիլի 16-ին Երևանի Հերացի և Կորյուն փողոցների հատման մասում տեղի ունեցած միջադեպն ու դրան հաջորդած դատավարական գործողություններն ամբողջությամբ ի ցույց են դնում Հայաստանի իրավական համակարգի բացթողումներն ու խնդիրները մեկը մյուսի վրա բարդելու արատավոր պրակտիկան:

Այսպես, նշված օրը «Իմ քայլը» շարժման նախաձեռնած խաղաղ անհնազանդության գործողությունների շրջանակներում ուսանողները փակել էին Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկը: Գետնին նստած երիտասարդներին է մոտենում մի մեքենա, որի ուղևորներն ու վարորդը վիճաբանության մեջ են մտնում ուսանողների հետ: Շատ չանցած ծեծկռտուք է սկսվում, որի ընթացքում մեքենայի ուղևորները բռունցքներով ծեծում են հավաքի մասնակիցներին, հայհոյանքներ հնչեցնում:

Հարկ ենք համարում ի սկզբանե նշել, որ մեքենայի ղեկին է եղել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, իսկ Դավիթ Համբարձումյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում, տարբեր լրատվամիջոցներ հրապարակել են միջադեպի տեսագրությունները:

Միջադեպի հետևանքով տուժած ուսանողներից մեկը բռնության ենթարկվելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանությունում: Քրեական դատավարության մասին օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացու կողմից հաղորդում տալուց հետո նյութեր նախապատրաստելու համար սահմանված է 10-օրյա ժամկետ: Հաղորդում տալուց հետո իրադարձություններն այնպես են զարգացել, որ հաղորդում տված միակ անձը հետագայում բողոք չի ունեցել իրեն ծեծի ենթարկածների դեմ, իսկ քննչական կոմիտեն քրեական գործ չի հարուցել:

Հատկանշական է, որ միայն մեկ ամիս հետո հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել: Քրեական գործը մինչ դատարան հասնելը անցնում է երեք օղակով․ 1-ին՝ ոստիկանությունը ընդունում է հաղորդումը, նյութեր է նախապատրաստում քրեական գործ հարուցելու համար, 2-րդ՝ նյութերը փոխանցում է քննչական կոմիտեին, որը կամ հարուցում է քրեական գործն ու վարույթ իրականացնում կամ ոչ, և 3-րդ՝ հաղորդում տալու պահից մինչև քրեական գործի մերժումը կամ նախաքննության ողջ փուլը հսկում է դատախազությունը, իսկ նախաքննությունից հետո դատարանում նաև պաշտպանում է մեղադրանքը:

Այս գործով ոստիկանությունը նյութերը նախապատրաստել և փոխանցել է քննչական կոմիտեին, իսկ քննչական կոմիտեն ոստիկանությունից փորձել է տեղեկություններ ստանալ միջադեպի մասնակիցների մասին: Ոստիկանությունը պետք է Մասիսի քաղաքապետի եղբորը ներկայացներ վարույթն իրականացնող մարմին՝ քննչական կոմիտեին, բայց չի արել դա: Հետևաբար քննչական կոմիտեն չի կարողացել պարզել, թե Գոռ Համբարձումյանը ինչ վերաբերմունք է դրսևորել հավաքի մասնակիցների նկատմամբ (հանցակազմի տարրերից մեկը՝ սուբյեկտիվ կողմը չի պարզվել): Եվ որ ամենակարևորն է, հաղորդում տված միակ ուսանողը նյութերը նախապատրաստելու ընթացքում հանգամանքների բերումով բողոք չի ներկայացրել Գոռ Համբարձումյանի և մեքենայի մյուս ուղևորներից որևէ մեկի դեմ, նա նույնիսկ չի «կարողացել» մտաբերել իր համակուրսեցիների անունները, որոնց տեսնելու համար էր գնացել Հերացի-Կորյուն խաչմերուկ: Ոստիկանությունը չի կարողացել պարզել միջադեպի մասնակիցների ինքնությունն այն դեպքում, երբ միջադեպի օրը մամուլում արդեն շրջանառվում էր Գոռ Համբարձումյանի անունը:

Քրեական գործ չհարուցելու մասին իր որոշումը քննչական կոմիտեի քննիչը փորձել էր հիմնավորել երկու հանգամանքով. 1-ին՝ տուժողը չի բողոքել, 2-րդ՝ խուլիգանության փոխարեն արարքը որակվել էր ծեծ: Քննչական կոմիտեն այդ ամենը հիմնավորել է նաև նկատի ունենալով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը:

Մայիսի 17-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս դեպքին՝ նշելով, որ բռնության բոլոր դեպքերը պետք է պատշաճ քննության ենթարկվեն: Փաշինյանի հանձնարարականից հետո տեղի ունեցածը հավակնում է զավեշտի ժանրում մրցանակի:

Այսպես, քննչական կոմիտեն, որի քննիչը մերժել էր քրեական գործ հարուցելը, դիմում է գլխավոր դատախազին՝ քննարկելու քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերացման հարցը: Սա այն դեպքում, երբ քննչական կոմիտեում էր մերժվել քրեական գործի հարուցումը «ահռելի հիմնավորումներով»:

Գլխավոր դատախազն էլ մայիսի 18-ին վերացնում է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը և քրեական գործ է հարուցում՝ նախաքննությունը հանձնարարելով քննչական կոմիտեին: Գլխավոր դատախազի որոշման մասին հաղորդագրության մեջ ասված է. «…պարզվել է, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ենթադրյալ հանցանք կատարած անձանց պարզելու ուղղությամբ, ինչպես նաև անհիմն հաստատված է համարվել վիճաբանության որոշակի պատճառ ու շարժառիթ՝ առանց այն պատշաճ ընթացակարգով ստուգելու»: Սա էլ այն դեպքում, որ գործը հսկող դատախազն ի սկզբանե կարող էր վերացնել քննիչի որոշումը և քրեական գործ հարուցել:

Ոստիկանությունն իր հերթին մայիսի 17-ի երեկոյան հրապարակեց կարճ հաշվետվություն հավաքի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերի մասին՝ շրջանցելով Հերացի-Կորյուն խաչմերուկի միջադեպը:

Միայն այս գործի օրինակը բավարար է՝ արձանագրելու, որ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և դատախազությունը չեն ձերբազատվել գործը մեկը մյուսի վրա բարդելու՝ տարիներ շարունակ կիրառված արատավոր պրակտիայից: Այդ գործելաոճը ոչ միայն չի նպաստում արդարադատության համակարգի կայացմանը, այլ ամեն անգամ մի քանի քայլ ետ է շպրտում Հայաստանը իրավական պետություն դարձնելու հնարավորությունը:

Տիրայր Մուրադյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող