- 25 Մայիսի, 2018
- Չդասակարգված
Ապրիլի 20-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանին: Այս մասին ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով` «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որ կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծառայությունում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՔԾ-ն հիշեցնում է, որ ապրիլի 20-ին ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:
Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը: Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տիրայր Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է նրան հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով լրագրողի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տիրայր Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից: