- 14 Հունիսի, 2018
- Արտաքին քաղաքականություն
Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից անցել է մեկ ամիս: Մայիսի 12-ին ՀՀ արտգործանախարար նշանակվեց Զոհրաբ Մնացականյանը։ 2008-2018 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Էդվարդ Նալբանդյանը։ Նոր կառավարության և նոր արտգործնախարարի նշանակումից հետո հարց է ծագում, թե ինչպիսին է լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունը նոր կառավարության օրոք, և ինչպես է այն տարբերվելու նախորդ կառավարության ծրագրից։
Ինքնիշխանության պահպանում
Հունիսի 1-ին հրապարակված ՀՀ կառավարության ծրագրի հիմնանպատակների ցանկում առաջին կետը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է, մինչդեռ նախկին կառավարության՝ 2017 թվականի հունիսին ներկայացրած ծրագրում առաջին նպատակը սահմանված էր Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդումը։ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման դրույթը նոր ծրագրում հաջորդում է ինքնիշխանության դրույթին։ Թերևս, սա պատահականորեն ընտրված հերթականություն չէ, եթե հաշվի առնենք այն, որ տարիներ շարունակ ՀՀ ինքնիշխանությունը արտաքին հարաբերությունների մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսությունը, ռազմական ոլորտում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններին անդամակցությունը և այլն, զոհաբերվել է անվտանգության պահպանման պատրվակով։ Արդյունքում՝ 2016թ. ապրիլին պարզ դարձավ, որ ինքնիշխանության զոհաբերումը՝ հօգուտ երրորդ երկրների, վտանգի տակ է դրել նաև Հայաստանի անվտանգությունը։
Արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ
Նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ունեցել է հստակ ռուսամետ դիրքորոշում։ Այս մասին են վկայում անգամ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի ռուսամետ քվեարկությունները, ինչպես, օրինակ, 2017թ․ դետեմբերին Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի բանաձևի շուրջ կայացած քվեարկությունը, երբ հայկական կողմը դեմ քվեարկեց բանաձևին՝ հօգուտ ՌԴ-ի։ 2013 թվականին ԵԱՏՄ կազմ մտնելուց հետո ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակում մի քանի նմանատիպ դեպք է գրանցվել։
Ուշագրավ է, որ նոր կառավարությունը թե՛ շարժման օրերին և թե՛ դրա ավարտից հետո բազմիցս շեշտել է, որ իրենք ո՛չ արևմտամետ են և ո՛չ էլ ռուսամետ։ Այսպես, օրինակ, հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ կամ հակառակը»։
Արտաքին քաղաքականությունում ինքնիշխանության պահպանման մոտեցումը առկա էր նաև ռուսական «Կոմերսանտ»-ին նորանշանակ արտգործնախարարի տված հարցազրույցում։ «Հայաստանի նոր կառավարությունը չի ասում, թե համաձայն է Ռուսաստանի հետ բոլոր հարցերում, սակայն մենք ունակ ենք միմյանց հետ աշխատել, մերձեցնել դիրքորոշումները, պայմանավորվել ու գնալ առաջ»,- հայտարարել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին Մոսկվայում։ Միաժամանակ նա նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունները դաշնակցային էր անվանել և կարևորել էր ԵԱՏՄ-ն որպես մեխանիզմ, որը ՀՀ-ին դուրս է բերում մեծ շուկաներ։ ՀՀ նորանշանակ արտգործնախարարի խոսքերը վկայում են այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում երես թեքել Ռուսաստանից, սակայն և նախինի պես չի փակելու աչքերը ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրների վրա։
Մյուս կողմից՝ հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք լրջորեն աշխատելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ»։
Այսպիսով՝ առնվազն հռետորաբանության և կառավարության ծրագրի մակարդակով ՀՀ նոր կառավարությունը նպատակադրվել է վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն: Այդուհանդերձ, միայն ժամանակը ցույց կտա՝ կկարողանա արդյո՞ք ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքականությանն առնչվող գործնական քայլերով հետամուտ լինել ինքնիշխանության պահպանման նպատակին երկարաժամկետ կտրվածքով։
Աննա Փամբուխչյան
Իրազեկ քաղաքացիների միավորում