- 6 Դեկտեմբերի, 2018
- Ընտրություններ
«Անկախ դիտորդ» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկում վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում:
Միջանկյալ զեկույցում տեղ գտած տվյալներն արտացոլում են պաշտոնական քարոզարշավի մեկնարկին նախորդող մեկ շաբաթվա (նոյեմբերի 19-նոյեմբերի 25) և քարոզարշավի առաջին վեց օրերի (նոյեմբերի 26-դեկտեմբերի 1) ընթացքում գրանցված արդյունքները: Հետազոտության ընթացքում մշտադիտարկման է ենթարկվել վեց հեռուստաալիք՝ Հանրային («Առաջին ալիք») «Արարատ» (նոյեմբերի 25-ից այն վերանվանվել է «5-րդ ալիք»), «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», և 5 առցանց լրատվամիջոց՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am: Առանձին ուսումնասիրություն է իրականացվել նաև Facebook սոցիալական ցանցում:
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ քարոզարշավը փաստացի մեկնարկել է ոչ թե նոյեմբերի 26-ին, այլ դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ընդ որում, այդ ոչ պաշտոնական քարոզարշավը լուսաբանվել է թե՛ հեռուստաալիքների, թե՛ առցանց լրատվամիջոցների կողմից, թե՛ սոցցանցերում:
Քարոզարշավի լուսաբանումը դրա պաշտոնական մեկնարկից առաջ և հետո հատկապես տարբերվում է հեռուստաալիքներում: Քարոզարշավին նախորդած շաբաթվա ընթացքում որոշ հեռուստաալիքների, հատկապես «Երկիր Մեդիա»-ի և «Կենտրոն»-ի կողմից նկատվել է նրանց հետ փոխկապակցված քաղաքական ուժերի մեծ ծավալով լուսաբանում: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, նման ծավալ ապահովող հաղորդումները փակվել են, և քարոզարշավը որոշակիորեն հավասարակշռվել է:
Առցանց լրատվամիջոցներում և Ֆեյսբուք տիրույթում նման ակնհայտ փոփոխություններ չկան: Բացառություն է կազմում 1in.am-ը, որտեղ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո զգալիորեն ավելացել է ԼՀԿ-ի լուսաբանումը:
Քարոզարշավին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում հեռուստաալիքներում ամենաշատ լուսաբանված ուժը (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը)՝ մյուսներից զգալի տարբերությամբ, ԲՀԿ-ն է, որը լուսաբանվել է առավելապես դրական տոնայնությամբ: Երկրորդ տեղում «Իմ քայլն» է (գրեթե հավասարապես՝ դրական, բացասական և չեզոք տոնայնությամբ), քիչ տարբերությամբ՝ ՀՅԴ-ն (գերազանցապես դրական): Նույն ժամանակահատվածում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է, նրան հաջորդում է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, երրորդ տեղում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
Մինչդեռ քարոզարշավի առաջին կեսին բուն քարոզարշավի շրջանակում (բացառելով վճարովի եթերաժամանակը և ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենաշատը հիշատակվել է ՀՀԿ-ն, նրան հաջորդում են «Իմ քայլը» և ՀՅԴ-ն, երեքն էլ հիշատակվել են առավելապես դրական տոնայնությամբ: Այդ ժամանակահատվածում դրական տոնայնությամբ ամենաշատը հիշատակվել է ՀՀԿ-ն է, իսկ բացասական՝ «Իմ քայլը»: Բանավեճերի, քննարկումների և հարցազրույցների ժամանակ ուղղակի խոսքի հնարավորություն ամենաշատը տրվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Նշված ժամանակահատվածում քարոզարշավի շրջանակում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է: Վերջինս դրական տոնայնությամբ առավելապես լուսաբանվել է «Կենտրոն»-ի, բացասական տոնայնությամբ՝ «5-րդ ալիք»-ի և «Կենտրոն»-ի եթերում:
Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավին նախորդած շաբաթվա ընթացքում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենամեծ ծավալը հատկացվել է«Իմ քայլը» դաշինքին (38%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (27%) և ԲՀԿ-ն (9%): Քաղաքական գործիչներից քարոզարշավի շրջանակում ամենաշատը լուսաբանվել է Նիկոլ Փաշինյանը, նրա հաջորդում են Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը:
Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի առաջին կեսին բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը, մյուսների նկատմամբ զգալի առավելությամբ, «Իմ քայլն» (42%) է, նրան հաջորդում են ՀՀԿ-ն (22%) և ԼՀԿ-ն (12%): Հատկանշական է, որ ԼՀԿ-ի համար լայն լուսաբանում է ապահովվել 1in.am-ի էջերում, որտեղ նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը այս կուսակցության մասին հիշատակումները զգալիորեն ավելի քիչ էին: Մշտադիտարկման ենթարկված 5 առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի առաջին 6 օրերին և՛ դրական, և՛ բացասական տոնայնությամբ ամենաշատը լուսաբանվել են «Իմ քայլը» և ՀՀԿ-ն: Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի շրջանակում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է:
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ Հանրային հեռուստաընկերության կողմից պահպանվել է քաղաքական ուժերին անվճար եթերաժամանակ տրամադրելու կարգը, բացի այդ, հեռուստաալիքների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմաններով տրամադրվել է վճարովի եթերաժամանակ: Այնուամենայնիվ, «5-րդ ալիք»-ի եթերում վճարովի քաղաքական գովազդները սկսվել են ժամը 17:00-ից՝ փաստացի դուրս մնալով փրայմ թայմից և հետազոտության մեջ տեղ չեն գտել: Վճարովի եթերաժամանակից ամենաշատը օգտվել է ԲՀԿ-ն՝ (առավելապես «Կենտրոնի» եթերում), իսկ ՔՈ և ԱԱԿ կուսակցություններն ընդհանրապես չեն օգտվել:
Մշտադիտարկման ենթարկված ժամանակահատվածում բանավեճեր կազմակերպվել են Հանրային հեռուստաընկերության և «5-րդ ալիքի» կողմից: Հանրայինի եթերում բանավեճի շրջանակում ուղղակի խոսքի հնարավորությունից ընդհանուր առմամբ ամենաշատը օգտվել է ԲՀԿ-ն, իսկ քաղաքական գործիչներից՝ Գարեգին Չուգասզյանը (ՍԾԿ): Կարելի է ասել, որ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում կազմակերպված 5 բանավեճերի ժամանակ քաղաքական գործիչների համար հավասար եթերաժամանակ չի ապահովվել:
«5-րդ ալիքի» եթերում կազմակերպված «Դեմ առ դեմ» բանավեճի ժամանակ ընդհանուր առմամբ ապահովվել է հավասար ժամանակ բոլոր թեկնածուների համար: Մյուսներից մի փոքր երկար ժամանակ է հատկացվել Ռուբեն Ռուբինյանին («Իմ քայլը») և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանին (որոնք բանավիճում էին միմյանց հետ), ամենաքիչ խոսելաժամանակը բանավեճի շրջանակում տրվել է ՀՀԿ թեկնածու Մարգարիտ Եսայանին:
Մշտադիտարկման արդյունքները նաև ցույց են տվել, որ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերն ակտիվ քարոզարշավ են իրականացրել նաև Ֆեյսբուքյան տիրույթում: Քարոզչության համար բոլոր քաղաքական ուժերն օգտագործել են իրենց պաշտոնական էջերը, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների անձնական օգտահաշիվները և պաշտոնական էջերը: Դրանք հիմնականում ինտենսիվորեն տարածել են իրենց քարոզարշավը լուսաբանող հոլովակներ, տեսանյութեր և լուսանկարներ, մեծ թիվ են կազմել քարոզարշավների ուղիղ եթերները: Ֆեյսբուք տիրույթում քարոզարշավի կարևոր առանձնահատկություններից են նաև քաղաքական գործիչների կողմից հրապարակումները, որոնցում բացահայտ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին: Շատ հաճախ ընդհանուր տեղեկատվական հոսքի մեջ ուշադրությունից դուրս են մնացել էջերում հրապարակված նախընտրական ծրագրերը:
Միջանկյալ զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Մեթոդաբանություն
Հեռուստաալիքների և առցանց լրատվամիջոցների մշտադիտարկման ժամանակ հաշվարկվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, դրանց անդամներին և այդ ուժերի հետ այս կամ այն կերպ փոխակապակցված անձանց հատկացված ժամանակը և ծավալը՝ վայրկյաններով և տոկոսներով: Հեռուստաալիքների մշտադիտարկումն իրականացվել է ժամը 18:00-24:00 ընկած ժամանակահատվածում (փրայմ թայմ՝ ամենաշատ դիտումներ ունեցող ժամանակահատվածը): Առցանց տիրույթում ուսումնասիրվել է ամբողջ օրվա լրահոսը՝ բացառապես միայն տեքստային կոնտենտը:
Քանակական վերլուծության մեջ դիտարկվել են քաղաքական ուժերի մասին այն դրվագները, որտեղ հասցեավորված հիշատակվել է քաղաքական ուժի կամ այդ ուժի հետ փոխկապակցված անձի անունը: Անհասցե հայտարարությունները հետազոտության քանակական վերլուծության մեջ չեն դիտարկվել:
Բացի հատկացված ժամանակից՝ հաշվի է առնվել նաև լուսաբանման տոնայնությունը՝ դրական, բացասական և չեզոք, և այն՝ արդյոք քաղաքական ուժը/գործիչը լուսաբանվում է իր ինստիտուցիոնալ (ի պաշտոնե, օրինակ, որպես վարչապետ) գործառույթների շրջանակում թե քարոզարշավի: Հաշվարկվել է նաև բանավեճերի ընթացքում քաղաքական գործիչներին տրամադրված ժամանակը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերլուծության են ենթարկվել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պաշտոնական էջերը, ինչպես նաև նրանց առաջին համարների օգտահաշիվներն ու պաշտոնական էջերը: