Հայաստանում դպրոցների մատչելիությունը ոչ միշտ է համապատասխանում նորմերին

Հայաստանում հանրակրթական դպրոցների զգալի մասը չի համապատասխանում մատչելիության այն չափանիշներին, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին։

Այս մասին են վկայում Երևանի, Գյումրու և Վանաձորի 20 դպրոցներում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության կատարված ուսումնասիրությունները։

Ըստ այդմ, հունվարի 11-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը․ օրենքը գործնականում» զեկույցում բերվում են ընդգրկուն տվյալներ այն մասին, թե հատկապես ինչ անհամապատասխանություններ կան դպրոցներում՝ կապված մատչելիության ընդունված նորմերի հետ։

Այդ անհամապատասխանությունները, թեև առաջին հայացքից կարող են թվալ ոչ նշանակալի կամ պակաս կարևոր, սակայն միայն այդ նորմերի պահպանման շնորհիվ է հնարավոր ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումը։

Այսպես, օրինակ, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թեև վերոնշյալ 20 դպրոցներից 14-ում առկա են թեքահարթակներ, այնուամենայնիվ, դրանցից վեցը չեն համապատասխանում մատչելիության նորմերին, այսինքն՝ կառուցված են շատ ավելի բարձր անկյան տակ և հարմար չեն սայլակով բարձրանալու կամ իջնելու համար։

Ինչ վերաբերում է դպրոցների ներսում անվասայլակով տեղաշարժվելու հնարավորություններին, ապա ուսումնասիրված ուսումնական հաստատությունների կեսում դիտորդներն արձանագրել են, որ դա լիովին անհնար է։ Եվ խոսքը, ինչպես վկայում են ուսումնասիրության արդյունքները, չի գնում միայն թեքահարթակների բացակայության մասին։ Օրինակ, դիտորդներն արձանագրել այնպիսի կարևոր նրբություններ, ինչպես թույլատրվածից ավելի հաստ, հատակին չամրացված գորգերը (1 դպրոցում), դռներից, սանդուղքներից և թեքահարթակներից առաջ ակոսավոր և հակադրական գույներով նախազգուշացնող մակերևույթները (բացակայում են բոլոր 20 դպրոցներում), վերելակները (առկա է միայն մեկ դպրոցում), վթարային ձայնային, լուսային և զգայական ազդանշանները (վերջինները բացակայում են իսպառ, իսկ լուսային ազդանշաններ կան միայն երեք դպրոցներում) և այլն։

Դպրոցներում, ըստ ուսումնասիրության արդյունքների, խնդիրներ կան կապված նաև զուգարանների հետ։

Այսպես, զեկույցի հեղինակները նշում են, որ 20 դպրոցներից միայն ութում են պահված զուգարանների դռան լայնության համար սահմանված նորմերը, իսկ զուգարաններում լվացարաններից օգտվելու հարմարությունները, ընդհանուր առմամբ, գնահատվել են բացասական։ Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ ուսումնասիրված ուսումնական հաստատությունների մեծ մասում առկա են զուգարաններ բոլոր հարկերում, ինչը կարևոր ցուցանիշ է մատչելիության նորմերի պահպանման համար։ Այդուհանդերձ, դիտորդները նշում են, որ բոլոր 20 դպրոցներում էլ բացակայում են զուգարանից կապ հաստատելու կոճակները։

Ըստ այդմ, զեկույցի հեղինակներն առաջարկում են շարունակել բարելավել մատչելիության շինարարական նորմերի պահպանումը և ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչներին դպրոցների վերակառուցման, նորոգման, ուժեղացման, արդիականացման աշխատանքներում։ Բացի սա, զեկույցում ընդգծվում է սույն թեմայի շուրջ հասարակական իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Հիշեցնենք, որ մեր նախկին հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին նախընտրական կետերին և փաստել, որ գրեթե բոլոր ուժերը հանդես էին եկել նման խոստումներով։ Այս փաստը, թերևս, կարող է հույսեր ներշնչել, որ առաջիկայում հատկապես հանրակրթական հաստատությունների պարագայում կարևոր քայլեր կիրականացվեն իրավիճակի բարելավման համար։

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Առնչվող