- 11 Մարտի, 2019
- Հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ՝ պրն. դեսպան Ուլրիկա Ֆուներեդի ելույթը Մշտական խորհրդում
Վիեննա, 28-ը փետրվարի 2019թ.
Համատեղ հայտարարություն Կանադայի, Դանիայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից
Պարոն նախագահ, Կանադայի, Դանիայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Շվեդիայի պատվիրակությունների անունից Մշտական խորհրդին կցանկանայի տեղեկացնել հետևյալի մասին: Ուրախ ենք հայտնել, որ 2019թ. Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը ստանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունը:
Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը շնորհվում է անձի կամ խմբի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների ոգուն համահունչ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խթանման գործում բացառիկ ավանդի համար:
Մրցանակը հիմնադրվել է 2016 թվականին, որի նպատակն է գնահատել այն հսկայական ներդումը, որ կատարվում է քաղաքացիական հասարակության կողմից` մեր տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանման և խթանման համար: Քանի որ ԵԱՀԿ տարածաշրջանի մի մասում քաղաքացիական հասարակության գործունեության տիրույթը շարունակում է սեղմվել և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողների նկատմամբ հարձակումները շարունակում են աճել, մեզ համար՝ որպես ԵԱՀԿ երկրների կառավարությունների, հրամայական է շրջել այս մտահոգիչ միտումը և ապահովել պայմաններ, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա զարգանալ:
Պարոն նախագահ, այս տարի մրցանակը ստանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ անկախ լրագրության և իրազեկ որոշումների կայացման խթանման, ինչպես նաև Հայաստանում ընտրությունների մշտադիտարկման ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար:
ԻՔՄ-ի նշանակալի ծրագրերը, մասնավորապես՝ փաստերի ստուգման ինտերակտիվ հարթակի ստեղծումը և լրագրողների համար կանոնավոր կերպով կազմակերպվող դասընթացներն օգնում են խթանել իրազեկ, օբյեկտիվ և անկախ լրագրությունը: Այդպիսով, ԻՔՄ-ն կարևոր ներդրում է ունենում ներկայումս Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական առաջընթացի գործում:
Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի հրավիրել մասնակից երկրներին և ԵԱՀԿ հաստատությունների ներկայացուցիչներին՝ միանալու մեզ այս տարվա Ժողովրդավարության պաշտպանի մրցանակի շնորհմանը և սեմինարին, որը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 11-ին, Շվեդիայի դեսպանատանը: Միջոցառումը կսկվի 10:00-ին «Իրավունքի դերը» թեմայի քննարկմամբ, որին կհաջորդի մրցանակի շնորհումը ԻՔՄ-ին՝ ժամը 12:00-ին: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խրախուսվում է միջոցառմանը գրանցվել հնարավորինս շուտ:
Ամփոփելով կցանկանայի խնդրել բոլոր մասնակից պետություններին համաֆինանսավորել այս միջոցառումը, ինչը կարող եք անել՝ համաֆինանսավորելու Ձեր հետաքրքրությունը հայտնելով կազմակերպող պատվիրակություններից որևէ մեկին:
Շնորհակալություն։