Կայացավ քաղակտիվիստների կարողությունների զարգացման 2-րդ դասընթացը • ՄԱՐՏԻ 22-24

Մարտի 22-24-ը Դիլիջանում կայացավ մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության գիտելիքների ձեռքբերման և կարողությունների զարգացման դպրոցի երկրորդ դասընթացը։

Քաղաքացիական ակտիվիստների համար նախատեսված այս միջոցառումն անց է կացվում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ների հետ համատեղ։

Դպրոցի առաջին օրը՝ մարտի 23-ին, դասընթացներ են վարել Արաքս Մելքոնյանը՝ «Խոշտանգումներից պաշտպանված լինելու և արդար դատավարության իրավունքները Հայաստանում», Գոհարիկ Տիգրանյանը՝ «Կրթության իրավունքը գործնականում», Գոհար Խաչատրյանը՝ «Խտրականությունը տարբեր ոլորտներում» և Աննա Գրիգորյանը՝ «Առողջապահական ծառայությունների մատչելիություն», Զարուհի Հովհաննիսյանը՝ «Կանանց իրավունքների, ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականությունների բացառման արշավների կազմակերպումը Հայաստանում» և Շուշաննա Վրացյանը՝ «Հանրային իրազեկման թվային արշավներ» թեմաներով։ Մարտի 24-ին դասախոսությամբ հանդես եկան Դանիել Իոաննիսյանը՝ «Ընտրական իրավունքը Հայաստանում» և Վարուժան Հոկտանյանը՝ «Ջատագովության և արշավների կազմակերպման հիմունքները» թեմաներով։

Միջոցառման ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հնարավորություն ստացան ծանոթանալ մշտադիտարկման և ջատագովության գործողություններ իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ստացան դրամաշնորհների հետ կապված հարցերի պատասխաններ։

Քաղաքացիական ակտիվիստների դպրոցի առաջին դասընթացը տեղի էր ունեցել մարտի 15-17-ը, Աղվերանում։

Առնչվող