ԵՏՄ միասնական արժույթի քննարկումներ դեռ չկան

2015 թվականի մարտը լի էր Եվրասիական տնեսական միության անդամ երկրների կողմից միասնական դրամական արժույթի անցնելու մասին խոսակցություններով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան իր 11 օրյա անհետացումը առաջարկեց ռուսական կենտրոնական բանկին մշակել միասնական արտարժույթի անցնելու հնարավոր ուղիները: Մարտի 20-ին արդեն Աստանայում Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպման ժամանակ Պուտինը կոչ արեց այս երկու երկրներին՝ անցնել միասնական դրամական միավորի: Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ուշագրավ է, որ Հայաստանը չի հիշատակվում:

ԵՏՄ միասնական արժույթի աքնցման մասին քննարկումներին Հայաստանի մասնակցության ձևաչափը պարզելու նպատակով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հարցում էր ուղարկել ՀՀ կենտրոնական բանկին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք հայակական կենտրոնական բանկը մասնակցում է ԵՏՄ միասնական  արժույթի մասին քննարկումներին, թե ոչ: Ի պատասխան մեր դիմումի՝ ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ «2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից կամ կենտրոնական բանկից ԵՏՄ միասնական արժույթի անցնելու վերաբերյալ որևէ քննարկման առաջարկ չի ստացել»:

ԵՏՄ միասնական արժույթի անցման վերաբերյալ քննարկումներին ՀՀ կենտրոնական բանկին չհրավիրելն ու միայն Բելառուսին ու Ղազախստանին միասնական արժույթի մասին քննարկումներին մասնակցելու հրավերը բավականին տարօրինակ է, և վկայում է այն մասին, որ կամ Հայաստանին այս միությունում որպես «սվոյ» դեռևս չեն ընկալում, կամ էլ պարզապես մեր երկրի կարծիքը բանի տեղ չի դրվում միության մյուս անդամ երկրների և մասնավորապես ՌԴ-ի կողմից՝ «կորոշեն, տեղյակ կպահեն» սկզբունքով:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող