Դատական նիստ՝ ընդդեմ ԱԳՆ-ի

Այսօր ՀՀ Վարչական դատարանում կայացավ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն՝ ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ:

Հայցադիմումով նախարարությունից պահանջվում էր տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի 2013 թվականին տապալված համաձայնագրի նախագիծը:

Ըստ նախարարության, նշված պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:

Դատարանում նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ պայմաննագրի հրապարակումը կարող է հանգեցնել մեր «հարևան» պետության կողմից դրա հակազդեցությանը: Սակայն դժվար է հասկանալ, թե ինչպիսի՞ հակազդեցություն կարող է Ադրբեջանը ունենալ մի պայմանագրի դեմ, որի ստորագրումը արդեն տապալվել է Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային Միությանն ու ԵՏՄ-ին անդամակցության ուղղին որդեգրելու հետևանքով:

Դատական հայցերով «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն փորձում է վերջ դնել այն պրակտիկային, ըստ որի հանրությունից և անգամ Ազգային Ժողովից գաղտնի են պահվում միջազգային հարաբերությունները և բանակցվող փոստաթղթերը, ինչի արդյունքում հանրությունը պարբերաբար կանգնում է փաստի առաջ (ինչպես եղավ ԵՏՄ-ի անդամակցության հայտարարությամբ, կամ, այսպես կոչված «գազային համաձայնագրով»):

Հիշեցնենք, որ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավել, այն վերջնական համաձայնեցվեց 2013 թվականի օգոստոսին ն տապալվեց Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Մաքսային Միությանը և ԵՏՄ-ի անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ ԵՏՄ-ին անդամակցումը ենթադրում է, որ պետությունը այլևս չի կարող ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարել:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող