ԵԽ հանձնակատարի տարեկան զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. իր պաշտոնավարման 9 ամիսներն ամփոփող զեկույց, որում տեղ են գտել մարդու իրավունքներին առնչվող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կանանց, փախստականների և ապաստան փնտրողների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, ինչպես նաև LGBTI անձանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Եվրահանձնակատարի այցը Հայաստան

Դունյա Միյատովիչի այցը Հայաստան տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 15-20-ը, որի ընթացքում նա կենտրոնացել է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նախկինում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականության վրա: Այցի ընթացքում հանձնակատարը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, քաղհասարակության անդամների, քաղաքական և իրավական փորձագետների, դիվանագետների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Կանանց իրավունքների մասին

Մարդու իրավունքների հանձնակատարն իր ամփոփիչ զեկույցում կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ ներկայացվածություն հանրային որոշումների կայացման գործում՝ հատկապես բարձր և տեղական մակարդակներում, ինչպես նաև ապահովել հավասար հասանելիություն և հավասար աշխատավարձեր աշխատաշուկայում: Շարունակվող գենդերային կարծրատիպերին դիմակայելու համար նա կարևորել է գենդերային հավասար կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ընտանեկան բռնությանը՝ հանձնակատարը ողջունել է վերջին օրենսդրական փոփոխությունները և Հայաստանի կողմից 2018թ. հունվարի 18-ին Ստամբուլի կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա պայքարի մասին կոնվենցիա») ստորագրումը: Նա Հայաստանին խորհուրդ է տվել վավերացնել այդ կոնվենցիան՝ միաժամանակ ապահովելով, որ նոր ընտանեկան օրենսդրությունն արդյունավետ կիրառվի գործնականում: Մասնավորապես, ըստ նրա, դա կարող է լինել ընտանեկան բռնությունից տուժածների համար ապաստարանների հասանելիությունն ընդլայնելու և այդ ապաստարաններում ապրող երեխաների կրթության հասանելիությունն ապահովելու ճանապարհով:

Հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի և երեխաների իրավունքների մասին

Դունյա Միյատովիչը ողջունել է Հայաստանի ձեռնարկած ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց դեինստիտուցիոնալիզացման ուղղությամբ և երկրի ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2025թ.-ը ապահովել ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նա նկատել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նաև նախադպրոցական մակարդակում ներառական կրթությանը և հավասարություն ապահովել հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների միջև:

Անդրադառնալով երեխաների իրավունքներին՝ հանձնակատարը խորհուրդ է տվել Հայաստանին ակտիվացնել ջանքերը երեխաների աղքատության դեմ պայքարում և երաշխավորել բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ: Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել պետական խնամակալություն իրականացնող այն հաստատությունների վերաբերյալ, որտեղ ապրում են սոցիալ-տնտեսական խնդիրների բախվող ծնողների երեխաները: Հանձնակատարը խրախուսել է Հայաստանի իշխանություններին բավարար աջակցություն ցուցաբերել այն ծնողներին, որոնք ցանկանում են վերսկսել իրենց երեխաների խնամքը, և զուգահեռաբար շարունակել խթանել որդեգիր խնամակալությունը՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Միյատովիչը նաև խորհուրդ է տվել Հայաստանին բարելավել օրենսդրությունը սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասով՝ մասնավորապես վավերացնելով համապատասխան խնդիրներին անդրադարձող Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիան:

Հայաստանում ծերերի սոցիալական պաշտպանության անբավարար մակարդակի վերաբերյալ հանձնակատարն առաջարկել է բարձրացնել ծերության թոշակները՝ ընդլայնելով տնային կամ համայնքի ներսում առողջական խնամքի հասանելիությունը և ավելացնելով գերիատրիկ խնամքի մասնագետների թիվը:

LGBTI անձանց իրավունքների մասին

Դունյա Միյատովիչը կարևոր շեշտադրում է կատարել նաև LGBTI համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցում՝ խորհուրդ տալով իշխանություններին ընդունել պատշաճ համապարփակ հակախտրական օրենսդրություն: Նա նաև կոչ է արել կառավարությանը հապշտապ և վճռական քայլեր ձեռնարկել LGBTI անձանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների, ատելության խոսքի և ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ: Խորհրդարանականներին էլ հանձնակատարը կոչ է արել միանշանակ կերպով մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կարող է խախտել LGBTI անձանց իրավունքները կամ տրամադրություններ սադրել նրանց դեմ:

Անցյալի հաշվետվողականության մասին

Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկված քայլերը 2008թ. մարտին տեղի ունեցած բռնության տասը զոհերի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ գործընթացը պետք է լինի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական անփութության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում:

Ի վերջո, հանձնակատարը կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից:

Վիկտորյա Անդրեասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող