Երևանի ավագանու ընտրությունները ժողովրդավարական էին, բայց կան առաջարկություններ․ «Անկախ դիտորդ»

2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններն անցել են ազատ մասնակցության պայմաններում, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում կեղծիքներ չեն գրանցվել։

Այս մասին ասվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում։

Ուշագրավ է, որ ըստ զեկույցի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը և իրավապահ մյուս մարմիններն ակտիվ գործունեություն են ծավալել նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, ըստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցի, 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:

Առաջարկություններ

Սրանով հանդերձ, սակայն, «Անկախ դիտորդն» իր զեկույցում ներկայացնում է մի շարք առաջարկություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը բարեփոխելու վերաբերյալ։

Մասնավորապես, զեկույցում առաջարկվում է վերանայել սեռերի ներկայացվածության քվոտան՝ ապահովելով յուրաքանչյուր սեռի առնվազն 40% ներկայացվածություն նախընտրական ցուցակներում և առնվազն 30% ներկայացվածություն յուրաքանչյուր խմբակցությունում։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նույն զեկույցի համաձայն, 2018-ի ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու անդամ է դարձել 65 անձ, որից 21-ը կանայք (32%), որը 4% բարելավում է 2017 թ. ցուցանիշի համեմատ:

Զեկույցում, բացի սա, առաջարկվում է ընդլայնել համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ձևավորումը՝ ներառելով բոլոր քաղաքային և խոշորացված համայնքները, ինչպես նաև դիտարկել ավագանու ձևավորման համամասնական կարգին զուգահեռ համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունը։

Ընդ որում, զեկույցում հատուկ նշվում է, որ ուղիղ ընտրությունների դեպքում պետք է սահմանվի, որ նույն անձը չի կարող երկու ժամկետից ավել զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նաև կարևոր է համարվում համայնքի ղեկավարի և ավագանու ետկանչի գործուն մեխանիզմների ներդրումը։

Զեկույցի հեղինակներն առաջարկում են նաև նվազեցնել կուսակցությունների և դաշինքների ավագանու կազմ անցնելու շեմը, ինչպես նաև ընդգծում, որ մեծամասնության համար տրվող լրացուցիչ մանդատների համակարգը պետք է վերացնել։

Ուշագրավ է, որ զեկույցում հատուկ անդրադարձ կա ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը։ Մասնավորապես, զեկույցի հեղինակներն առաջարկում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է մատչելի լինի ընտրական ողջ գործընթացը։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էինք 2018 թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձանց խնդրին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող