- 5 Հունիսի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Հունիսի 5-ին Freedom House ամերիկյան հետազոտական հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ իր վերջին «Վայրընթաց պարույր» (Downward Spiral) վերնագրով զեկույցը, որում քննարկվում է նաև Հայաստանում մամուլի ազատությունը։ Հետազոտությունը վերլուծում է մամուլի ազատությունը 2018 թվականին։
«Խավարի մեջ ուղղորդող լույսեր»
Զեկույցը արձանագրում է ողջ աշխարհում մամուլի ազատության սահմանափակման միտումներ, սակայն այդ բացասական միտումներին զուգահեռ՝ Freedom House-ն արձանագրել է դրական փոփոխություններ աշխարհի հինգ երկրում։ Այս երկրները ներկայացված են «խավարի մեջ ուղղորդող լույսեր» ենթավերնագրի տակ։ Դրանք են Եթովպիան, Մալայզիան, Էկվադորը, Գամբիան և Հայաստանը։ Այդուհանդերձ, ինչպես նշում է զեկույցը, Հայաստանը ցուցանիշի բարելավում չի արձանագրել 2017 թվականի համեմատ։ Այս երկրների դրական տեղաշարժը, ըստ զեկույցի, մեկ անգամ ևս ի ցույց է դնում այն, որ մամուլի ազատությունը մեծապես կախված է այլ քաղաքական ազատություններից, այսինքն՝ երբ կոնկրետ երկրում իշխում են ավտոկրատ ուժեր, մամուլի ազատությունը ևս սահմանափակվում է, մինչդեռ բարեփոխման օրակարգով իշխանության եկած ուժերն ավելի են հակված ընդունել ազատ մամուլի քննադատությունը։
«Մեդիան և ժողովրդավարությունը»
«Մեդիան և ժողովրդավարությունը» վերնագիրը կրող հատվածում զեկույցը մանրամասն անդրադառնում է Հայաստանում հեղափոխության ընթացքում մամուլի դերակատարությանը։ Ըստ Freedom House-ի, թեև հեղափոխության ընթացքում խոշոր հեռուստաընկերությունները սկզբնական շրջանում լռություն էին պահպանում երկրում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ, սակայն անկախ լրատվամիջոցների մի փոքրիկ զանգված (ներառյալ «Ազատություն» ռադիոկայանը և «Սիվիլնեթը») կարողացավ ապահովել խորքային լրատվություն՝ ներառյալ ուղիղ հեռարձակումներն ու սոցիալական մեդիայի հմուտ կիրառումը։ Սոցիալական մեդիայի վերաբերյալ զեկույցի հատվածում ևս դրական է գնահատվում Հայաստանում Ֆեյսբուքի և ուղիղ հեռարձակման այլ նմանատիպ հնարավորությունների կիրառումը հակակառավարական ցույցերի նպատակների և չափերի վերաբերյալ կառավարության հայտարարություններին հակակշռելու և ուժային կառույցների կողմից բռնության կիրառման դեպքերն արձանագրելու համար։
Հայաստանը և այլ երկրները
Հետազոտության մեջ ներկայացված բոլոր երկրները և չճանաչված տարածքները գնահատվում են զրոյից չորս բալային համակարգով, որտեղ 0 միավորով գնահատված երկրները մամուլի ամենացածր ազատությունն ունեն, իսկ 4 միավոր ստացածներն ամենաազատ մամուլով երկրներն են։ Հայաստանի մամուլի ազատության ցուցանիշը 2 միավոր է: Վրաստանի ցուցանիշը ևս 2 միավոր է, մինչդեռ Ադրբեջանի ցուցանիշը 0 է, իսկ Իրանինը և Թուրքիայինը՝ 1։ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 0, Բելառուս՝ 0, Ղազախստան՝ 0 և Ղրղզստան՝ 2: Արևելյան գործընկերության (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) մյուս երկու երկրները՝ Ուկրաինան և Մոլդովան, նույնպես, ըստ Freedom House-ի, ունեն 2 միավոր ցուցանիշը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Աննա Փամբուխչյան