- 9 Հուլիսի, 2015
- Օգտակար նյութեր

Քանի որ ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել իրենց հետևյալ իրավունքների մասին՝
- Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի համապատասխան որոշում (օրինակ՝ խուզարկության որոշում):
- Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:
- Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):
- Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ, եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:
- Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:
- Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ), պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ, կամ անձնագիր ցույց տալ:
- Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն ամինջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին: Իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:
- Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին ամինջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել՝ մինչ իր փաստաբանի ժամանումը:
- Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը:
- Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»