- 26 Հունիսի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Հայաստանում խտրականության դրսևորումների հետ առավել շատ բախվող խմբերից են փախստականները։ Ներկայում Հայաստանում փախստականների ամենամեծ խումբը կազմում են Սիրիայից քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխված էթնիկ հայերը, որոնց թիվը Հայաստանում կազմում է շուրջ 15 հազար։
Թեև պետությունը մի շարք անհրաժեշտ միջոցառումներ է իրականացրել փախստականներին հայաստանյան հասարակությունում ինտեգրելու և նրանց օգնություն ցուցաբերելու համար, այնուամենայնիվ, փախստականները Հայաստանում բախվում են խտրականության դրսևորումների։
Ընդ որում, ինչպես նշվում է «Խտրականության գործոններն ու դրսևորումները Հայաստանում» 2016 թվականի զեկույցում, թեև սիրիահայերը հեշտությամբ են ձեռք բերում Հայաստանի քաղաքացիություն և լուծում իրենց իրավական և վարչական հարցերը, այնուամենայնիվ, նրանք ծաղրի են արժանանում արևմտահայերենի պատճառով։
Ըստ զեկույցի, ֆոկուս խմբային քննարկման տվյալները վկայում են, որ հանրային վայրերում` խանութներում, դպրոցներում արևմտահայերեն խոսացողներին ծաղրում են, երբեմն նաև` արհամարհում:
Սիրիահայերի՝ լեզվի հետ կապված խնդիրները, սակայն, այսքանով չեն ավարտվում, քանի որ ռուսերենի չիմացության պատճառով նրանց հաճախ հրաժարվում են աշխատանքի ընդունել։ Սա դիտվում է որպես խտրականության դրսևորում, քանի որ շատ հաճախ, այն գործերի համար, որոնց դիմում են սիրիահայերը, ռուսերենի իմացությունը պարզապես չի պահանջվում։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունվելուն ընդհանրապես, ապա ըստ զեկույցի, սիրիահայերը նշում են, որ աշխատանքի ոլորտում իրենց հանդեպ անարդար են վարվում և հաճախ խաբում են։
Սիրիահայերի մեկ այլ խնդիր է տան վարձակալությունը։ Ինչպես նշվում է զեկույցում, այս հարցով կատարված հետազոտությունները վկայում են, որ սիրիահայերը հաճախ վատ վերաբերմունքի են արժանանում տանտերերի կողմից, որոնցից բնակարաններ են վարձակալում։
Խտրականության դրսևորումներից զերծ չեն նաև փախստականների երեխաները։ Մասնավորապես, ըստ զեկույցի, Իրաքից և Սիրիայից գաղթած հայ երեխաները, լեզվի և մշակութային այլ տարբերությունների պատճառով, հաճախ բացասական վերաբերմունքի են արժանանում համադասարանցիների կողմից։
Հարկ է նաև նշել, որ սիրիահայերը Հայաստանում միակ փախստականները չեն, և որոշ խմբեր Հայաստանում կարող են բախվել խտրականության էլ ավելի վատ դրսևորումների։ Խոսքը, մասնավորապես, գնում է ոչ էթնիկ հայերի մասին։
Ըստ զեկույցի, հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտները ինտեգրման հարցում խտրական վերաբերմունքի են արժանանում, օրինակ` իրենց կարգավիճակի ճանաչման տեմպերը համեմատաբար ավելի դանդաղ են։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ թեև այս ոլորտում պետական, միջազգային կառույցները և հասարակական կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում փախստականներին հասարակությանը ինտեգրելու ուղղությամբ, նրանց հանդեպ գրանցվել են խտրականության դրսևորումներ և բացասական վերաբերմունք թե՛ զբաղվածության և կրթության ոլորտներում, և թե՛ ՀՀ քաղաքացիների հետ անձնական շփումներում:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։