Կանայք և 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն աննախադեպ էին արդյունքների լեգիտիմության ընկալման առումով։

Այս մասին ասվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցում։

Ընդ որում, 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններն աննախադեպ են նաև ընտրություններում կին թեկնածուների գրանցած արդյունքների առումով։ Ընտրությունների արդյունքում, մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 32 կին թեկնածու, որը կազմում է խորհրդարանի 24 տոկոսը։ Այս ցուցանիշը, ինչպես նշվում է զեկույցում, ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Համեմատության համար պետք է նշել, որ 2017 թվականին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրություններից հետո Ազգային ժողովի 105 մանդատներից 19-ը ստացան կանայք, ինչը կազմում էր խորհրդարանի 18 տոկոսը։

Ընդ որում, ի տարբերություն 2017 թվականի, երբ տարածքային ցուցակներով ընտրվել էր միայն 1 կին պատգամավոր «Ելք» դաշինքից (Մանե Թանդիլյան), 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրվել է 9 կին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածքային ցուցակով 1 կին պատգամավոր (Մանե Թանդիլյան) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային ցուցակներով՝ 2 կին պատգամավոր: Այս ցուցանիշը, թերևս, կարևոր է նրանով, որ կին թեկնածուները կոնկրետ տարածքներում և համայնքներում կարողացել են ավելի մեծ վստահության և քվեների արժանանալ, քան մյուս թեկնածուները։

Միևնույն ժամանակ, սակայն, զեկույցում բերվում են մի շարք առաջարկություններ՝ ընտրություններում կանանց մասնակցությունը բարձրացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով։ Մասնավորապես, առաջարկվում է կուսակցության (դաշինքի) թեկնածուների ցուցակում մեկ սեռի ներկայացվածության նվազագույն քվոտան բարձրացնել մինչև 40 տոկոս՝ ամրագրելով յուրաքանչյուր հնգյակում 2⁄3 հարաբերակցությունը, իսկ յուրաքանչյուր խմբակցությունում մեկ սեռի ներկայացվածության նվազագույն քվոտան սահմանել առնվազն 30 տոկոս։ Բացի սա, առաջարկվում է Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով նախատեսել կանանց քաղաքական մասնակցության խթանմանն ուղղված հստակ միջոցառումներ։ Այդպիսի միջոցառումներից են, օրինակ, կանանց մասնակցության շեշտադրումը համապետական և տեղական մակարդակում թեկնածուների առաջադրման և գրանցման վերաբերյալ լայն իրազեկման միջոցառումներում, գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ տեղեկատվության ներառումը կուսակցությունների իրազեկման և վերապատրաստման միջոցառումներում։

Նաև, առաջարկվում է վարել վիճակագրություն և հրապարակել տեղեկատվություն տեղական և համապետական ընտրությունների մասնակից թեկնածուների և ընտրողների սեռային բաշխվածության վերաբերյալ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող