Ներմուծման արգելքը՝ ռուսաստանյան ճնշման գործիք

Թբիլիսիում 2019 թ. հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած հակառուսական բողոքի ալիքից մի քանի օր անց Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարեց, որ խստացնում է վերահսկողությունը վրացական գինիների նկատմամբ. գերատեսչությունից նշեցին, որ վերջին հինգ տարում Վրաստանից ներկրվող գինիների որակը կտրուկ վատթարացել է:

Վրաստանի համար նման մոտեցումը նորություն չէր. դեռ 2006 թվականի «Վարդերի հեղափոխությունից» և Միխեիլ Սահակաշվիլիի՝ իշխանության գալուց հետո «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր «Բորժոմի» հանքային ջրերի և վրացական գինիների սպառումը Ռուսաստանում, որը Կրեմլի փաստացի պատասխանն էր Սահակաշվիլիի հակառուսական հռետորաբանությանը:

Սակայն Վրաստանը միակ երկիրը չէ, որի վրա Ռուսաստանն այդ կերպ որոշակի ճնշում է գործադրում՝ քաղաքական իրավիճակից ելնելով:

Գինու ճգնաժամ. Մոլդովա

Նույն 2006 թվականին «Ռոսպոտրեբնադզորն» արգելեց նաև գինիների ներկրումը Մոլդովայից, որը պատճառաբանվեց դրանցում պեստիցիդների առկայությամբ, մինչդեռ իրական պատճառը կարող էին լինել Մոլդովայի կողմից եվրաինտեգրմանն ուղղված քայլերը: Մոլդովական գինիներն ամբողջությամբ ռուսական շուկա վերադարձան մեկ տարի անց:

2013 թ. սեպտեմբերին «Ռոսպոտրեբնադզորը» կրկին արգելեց Մոլդովայից գինիների ներկրումն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մոլդովան պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Գերատեսչությունից, սակայն, պնդում էին, որ նման որոշումը պայմանավորված է բացառապես մոլդովական գինիների որակի վատթարացմամբ: «Արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը Մոլդովայի կողմից չի տեսնի կոնկրետ քայլեր՝ ուղղված խնդրի համակարգային լուծմանը»,- հայտարարեցին «Ռոսպոտրեբնադզորից»:

Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից հետո՝ արդեն 2014 թ. ամռանը և հետագա ամիսներին, արգելվեց Մոլդովայից մրգերի, բանջարեղենի և մսի ներկրումը: Սահմանափակումներն ամբողջությամբ հանվեցին միայն 2017 թվականին, երբ Մոլդովային նախագահ ընտրվեց ռուսամետ դիրքորոշում ունեցող Իգոր Դոդոնը:

Ուկրաինա

Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումն էժան չնստեց նաև Ուկրաինայի վրա: Դեռ 2013 թ. հուլիսից արգելվեց Roshen ապրանքանիշի կոնֆետների ներկրումն Ուկրաինայից, ինչը որոշ փորձագետներ ընկալում էին որպես ճնշում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:

2014 թվականին՝ համաձայնագրի ստորագրումից հետո և Ղրիմի ու Դոնբասի հակամարտության աճին զուգահեռ, աստիճանաբար արգելվեց նաև Ուկրաինայից կաթի և պանրի, հրուշակեղենի և մի շարք այլ ապրանքների ներկրումը Ռուսաստան:

«Կաթնային պատերազմներ». Բելառուս

2009 թվականին «Ռոսպոտրեբնադզորն» արգելեց կաթի և կաթնամթերքի ներկրումը Բելառուսից՝ պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում կաթնամթերքի որակի նոր պահանջներին: Այդ ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ պատճառը քաղաքական է. «Կրեմլը վրեժ է լուծում, քանի որ Մեդվեդևն առաջարկել է ռուսական ընկերություններին վաճառել բելառուսական 12 կաթի գործարան, իսկ մենք հրաժարվել ենք»:

Բելառուսի և Մոսկվայի միջև «կաթնային պատերազմներն» ընդհատումներով շարունակվում են մինչ օրս: Որպես կանոն՝ կաթնամթերքի արտահանման սահմանափակումները համընկնում են վարկի հերթական տրանշի փոխանցման հետ, կամ երբ Բելառուսը համարձակվում է չպաշտպանել Եվրոպայից և ԱՄՆ-ից պարենամթերքի ներկրման ռուսական էմբարգոն:

«Լոլիկային ճգնաժամ». Թուրքիա

2015 թ. նոյեմբերի 23-ին թուրք-սիրական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 օդանավի կործանումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 26-ին, «Ռոսսելխոզնադզորը» լայնածավալ ստուգումներ սկսեց Թուրքիայից ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ:

Նոյեմբերի 30-ին արդեն Ռուսաստանի կառավարությունը արգելեց գյուղմթերքի ներմուծումը Թուրքիայից՝ որպես այդ երկրի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոց: «Ռոսսելխոզնադզորն» իր հերթին պարբերաբար արգելում էր այլ երկրներից թուրքական լոլիկի մուտքը Ռուսաստան:

Երկու երկրների միջև, այսպես կոչված, «լոլիկային ճգնաժամը» հաղթահարվեց միայն 2018 թ. ապրիլին՝ ռուս-թուրքական հարաբերությունների առողջացմանը զուգահեռ:

Լեհաստան

2005 թ. նոյեմբերին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելեց բանջարեղենի և մսի ներմուծումը Լեհաստանից՝ պատճառաբանելով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին: Զարմանալիորեն դա համընկավ հակառուսական հռետորաբանություն ունեցող Լեխ Կաչինսկու՝ Լեհաստանի նախագահ ընտրվելու հետ։

Արգելքն ամբողջությամբ հանվեց 2007 թվականին, երբ Լեհաստանի կառավարությունը գլխավորեց Դոնալդ Տուսկը, որն այդ ժամանակ առավել հանդուրժող վերաբերմունք էր ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ:

2014 թ. օգոստոսից «Ռոսսելխոզնադզորը» դարձյալ, այս անգամ ամբողջությամբ, արգելեց մրգերի և բանջարեղենի ներմուծումը Լեհաստանից, որը պատճառաբանվեց «սերտիֆիկացման բազմակի խախտումներով և կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ»:

Մինչդեռ Լեհաստանի իշխանությունները պնդում էին, որ այդ սահմանափակումը քաղաքական բնույթ ունի: «Էմբարգոն քաղաքական ճնշում է՝ ի պատասխան Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների»,- ասաց Լեհաստանի գյուղատնտեսության նախարարը:

Հայաստան

Հայաստանի և Ռուսաստան միջև չի գրանցվել որևէ ապրանքատեսակի արտահանման այնպիսի երկարատև սահմանափակում, որը կարող էր պայմանավորված լինել քաղաքական ենթատեքստով:

2018 թ. մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, «Ռոսսելխոզնադզորն» արգելեց լոլիկի մի քանի խմբաքանակի մուտքը Ռուսաստան՝ պատճառաբանելով, որ արտահանված լոլիկում հայտնաբերվել է վնասատու:

Որոշ շրջանակներում Մոսկվայի այդ քայլը մեկնաբանեցին որպես քաղաքական ճնշում Հայաստանի նոր իշխանությունների վրա: Այնուամենայնիվ, այդ ժամանակվա Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հերքեցին այդ վարկածը՝ կոչ անելով չքաղաքականացնել Հայաստանից մատակարարումների իրականացման հարցը։

Այսպիսով, վերը նշված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են Ռուսաստանում սննդամթերքի և գյուղմթերքի որակի վերահսկողությամբ զբաղվող կառույցները՝ «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոսսելխոզնադզորը», գործիք դառնում այս կամ այն երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարվածելով այդ երկրների տնտեսությանը: Ընդ որում՝ այդ մարմինների համար դա հաճախ դառնում է սննդամթերքի անվտանգության վերահսկողությունից առավել կարևոր ֆունկցիա:

Վիկտորյա Անդրեասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող