- 31 Մայիսի, 2024
- Տնտեսություն և Էներգետիկա
Թեպետ Հայաստանում վերջին շրջանում անվտանգությունը դարձել է ամենաքննարկվող թեման, բայց հիմնականում խոսվում է դրա ռազմաքաղաքական բաղադրիչի մասին՝ ամբողջովին աչքաթող անելով ազգային անվտանգության մի շարք ոլորտներ՝ էներգետիկ, պարենային, ջրային և այլն։ Սա կարող է ունենալ շատ ավելի խորը ու ավելի արագ հետևանքներ, քան թվում է շատերին։ Այստեղ կխոսենք Հայաստանում էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրների ու պետության անելիքների մասին։
Բաղադրիչները
Հայաստանը մի կողմից ունի բավականին դիվերսիֆիկացված էլեկտրաէներգետիկ արտադրություն։ Դրա երեք հիմնական բաղադրիչներն են ջերմաէլեկտրակայանները, հիդրոէլեկտրակայանները և ատոմակայանը։ Այստեղ կարևոր է նշել օրեցօր աճող արևային կայանների դերը, բայց նշված երեք ուղղությունները գումարային ապահովում են արտադրության 90 տոկոսից ավելին։ Սակայն մյուս կողմից, նշվածից երկուսն արդեն իսկ կախվածություն են արտաքին՝ հիմնականում ռուսական ներկրումներից։ Ջերմաէլեկտրակայաններն աշխատում են գազով, իսկ գազը գրեթե ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Ատոմակայանն աշխատում է ուրան վառելիքով, որը նույնպես ներկրվում է Ռուսաստանից, ավելին՝ ատոմակայանի միջուկային թափոնները արտահանվում են Ռուսաստան, քանի որ Հայաստանը, օբյեկտիվ պատճառներով, չունի ատոմակայանի թափոնների երկարաժամկետ կոնսերվացման հնարավորություններ (այդ թափոնները ռադիոակտիվ են մնում հազարավոր տարիներ)։ Էներգետիկ անվտանգության հարցերին է վերաբերում նաև Հայաստան ներկրվող տրանսպորտային և ջեռուցման վառելիքը։ Երկու դեպքերում էլ դա մեծամասամբ ռուսական բնական գազն է։
Ռուսաստանի ավելորդ ազդեցության և ներկայության խնդիր կա նաև էլեկտրաէներգիայի տեղափոխման շուկայում։ ՀԷՑ-ը՝ Հայաստանի հիմնական էլեկտրաէներգիա փոխանցող ընկերությունը, պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին։ Ավելին՝ վերջերս տեղի ունեցած ոլորտի ազատականացումից հետո, չնայած այդ գործընթացի հիմնական նպատակին՝ ՀԷՑ-ի մոնոպոլիայի սահմանափակմանը, կան օդում կախված տեղեկություններ, որ նորաստեղծ ընկերություններից որոշները ուղակի կամ անուղակի կապված են ՀԷՑ սեփականատերերի հետ։ Եթե այդ տեղեկությունը ճիշտ է (այդ տեղեկությունը պետք է ստուգվի), ապա բավականին մեծ խնդիր կա անգամ արդեն իսկ իրականացված «ռեֆորմի» հետ կապված։
Այսպիսով, նկարագրված պատկերը ցույց է տալիս, որ էներգետիկ ոլորտում Ռուսաստանից Հայաստանի կախվածության ներկայիս մակարդակը պարզապես հսկայական է։ Այս պատկերը չի կարող տագնապ չառաջացնել՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի ու Հայաստանում ռուսական ազդեցության կարողությունների նվազեցման հրամայականը։ Այդ մտապատկերի առկայությունը՝ համադրված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային վիճակի և միջպետական հարաբերությունների ներկայիս դրության հետ, բավականին հավանական են դարձնում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին ուղված հիբրիդային հարվածները՝ Հայաստանի էներգետիկ կախվածության գործիքայնացմամբ։
Էներգետիկ անվտանգության կոնցեպտուալ հենքը
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչներից է։ Էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ն պետք է հետապնդի կամ բավարարի հինգ հիմնական ուղղություն/չափանիշ՝ 1) հասանելիություն, 2) մատչելիություն, 3) էներգետիկ արդյունավետություն, 4) կայունություն և 5) թափանցիկություն
Կարևոր է նաև արձանագրել որ՝
- Ռուսաստանից մատակարարվող էժան գազի ավելացած սպառումը պահպանում է և խորացնում է Հայաստանի կախվածությունը ներկրվող էներգիայի աղբյուրներից։
- Բնական գազի օգտագործման նվազումը և էլեկտրական ջեռուցման սարքերի, էլեկտրական ու ոչ բնական գազով աշխատող տրանսպորտի տարածումը խթանող քաղաքականությունը կնպաստի տեղական վերարտադրվող ռեսուրսների ու այլ ածխաջրածնային ռեսուրսների օգտագործման ծավալի բարձրացման, այսինքն՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացմանը:
- Համաձայն մոդելավորման, 2036 թվականին Հայաստանում հնարավոր կլինի ունենալ 1500 ՄՎտ նոմինալ հզորությամբ ցանցին միացած արևային հզորություններ, որոնք մի շարք հանգամանքների բերումով հիմնականում արտահանման համար են հարմար: Ուստի հարկավոր է աշխատել թե՛ այդ կարողությունների ձևավորման, թե՛ դրանց տված արդյունքի արտահանման շուկաների ձևավորման ուղղությամբ։
- Առանցքային է Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի սինխրոնության ապահովումը:
- Էական են Էներգախնայողության ոլորտում պետական ներդրումները:
- Էական են դաշտի հնարավորինս թափանցիկ և արդար կառավարումն ու գործունեությունը։
Լուծումները
Արևային և մարտկոցային կայաններ. Արևային էներգետիկայի զարգացման գլխավոր խոչընդոտը դրա տված արդյունքի ոչ երաշխավորված լինելն է։ Այսինքն, էլեկտրաէներգիայի գեներացիա կա միայն ցերեկը և միայն արևոտ եղանակին։ Սա չի կարող կայուն հիմք հանդիսանալ էներգետիկ համակարգի զարգացման տեսանկյունից, քանի որ հիմնական մասնաբաժինը պետք է պատկանի երաշխավորված հզորություններին (այդպիսիք են դասականորեն համարվում ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը, ՀԷԿ-ը)։ Հայաստանի պարագայում խնդիրն էլ ավելի շոշափելի է, քանի որ արևային էներգետիկան դժվար է համադրվում ԱԷԿ-ի մեծ մասնաբաժին ունեցող համակարգի հետ, քանի որ օրվա ժամերից կախված՝ ԱԷԿ-ի հզորության ավելացումն ու նվազեցումը խնդրահարույց է։ Բայց այստեղ կան լուծումներ։
Ինչպես նշվեց, արևային կայանների գլխավոր խնդիրը երաշխավորված չլինելը կամ անկայունությունն է, որը հնարավոր է լուծել էներգիայի կուտակման՝ մարտկոցային կայանների ստեղծման ճանապարհով։ Հայաստանի նման լեռնային երկրների համար բավականին տրամաբանական լուծում կարող է լինել երկու ջրամբարների միջոցով էներգիայի կուտակման համակարգը։ Արևային կայանին կից կառուցվում են միմյանց հետ կառավարելի կապ ունեցող երկու ջրամբարներ, որոնցից մեկը մյուսից ավելի բարձր դիրքում (օրինակ՝ մեկը Արարատյան դաշտում, մյուսը՝ ներկայումս արդեն կառուցվող Վեդիի ջրամբարը)։ Արևոտ եղանակին, երբ կայանը ունենում է էներգիայի հավելյալ կամ բավականին էժան արտադրանք, գեներացված էներգիան օգտագործվում է ստորին ջրամբարից պոմպերի միջոցով ջուրը վերին ջրամբար տեղափոխելու համար, իսկ հոսանքի սուր կարիքի ու արևի բացակայության դեպքում ջուրը բաց է թողնվում վերին ջրամբարից ու էներգիա է գեներացվում ՀԷԿ միջոցով։ Սա արևային կայանի ու ՀԷԿ տեխնոլոգիաների յուրօրինակ համադրություն է, որը, իհարկե, բարձրացնում է արտադրվող էներգիայի գինը՝ համեմատած միայն արևայինի կամ միայն ՀԷԿ-ի հետ, բայց և լուծում է Արևային էներգետիկայի հիմնական խնդիրը՝ երաշխավորված չլինելը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դիտարկել նոր կառուցվող և արդեն գոյություն ունեցող ջրամբարների գոլորշիացումը նվազեցնող արհեստական նյութերով ծածկելու (Կալիֆոռնիայում կիրառվող պլաստիկ գնդակների պես) հնարավորությունը։ Լավագույն կատարողականի պարագայում հնարավոր է մոտենալ երկու ջրամբարների միջև թեկուզ և կորուստներով, բայց փակ ցիկլի մոդելի։
Վրաստանի հետ կապ. Հատուկ կարևորություն ունի հարևան Վրաստանի հետ 4-րդ բարձրավոլտ էներգագծի կառուցման նախագիծը։ Նախ և առաջ, այս ծրագիրը տնտեսապես հիմնավորված է։ 2022 թվականին Հայաստանից արտահանված էլեկտրաէներգիայի 24%-ը գնացել է Վրաստան։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի, 2022 թվականին Հայաստանը Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան նախորդ 10 տարում։ Նշված տարում Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտժ, իսկ 2012-ից մինչև 2021 թվականը ներառյալ՝ 242 մլն։
Ինչպես նշվեց, ներկայում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման երեք գիծ է գործում, դրանք, սակայն, բավական չեն ՀՀ և Վրաստանի միջև սինխրոն կապ ստեղծելու համար։ 4-րդ էներգագծի կառուցման դեպքում Հայաստանը և Վրաստանը կարող են քննարկել էլեկտրաէներգիայի սինխրոն կապի մեջ մտնելու հնարավորությունը, ինչն իր հերթին էականորեն կբարելավի էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներկայումս առկա ռիսկերը։ Հայաստան գազի մատակարարումների անակնկալ դադարեցման կամ գազի գնի անտրամաբանական բարձրացման, հետևաբար և ՋԷԿ-երի աշխատանքում բարդությունների առաջացման պարագայում երկրում կնվազի հովհարային անջատումների ռիսկը։
Ավելին՝ բովանդակային առումով իմաստ կունենա ԵՄ կողմից նախաձեռնված EU Black Sea Global Gateway ծրագր՝ սև ծովի հատակով անցնելիք էլեկտրական մալուխին միանալը, որն էլ, իր հերթին, տրամաբանական կդարձնի մինչև 2036-ը Հայաստանի համար հնարավոր 1500 Մվտ արևային էներգիայի արտադրման կարողությունների ձևավորումը, քանի որ Հայաստանը միացված կլինի այն շուկային, որը միշտ կունենա այդ կանաչ էներգիայի կարիքը։ Սակայն արդեն գրեթե 10 տարի է, ինչ հայ-վրացական 4-րդ էներգագծի ծրագիրը գտնվում է նախագծահաշվարկային փուլում։
Նոր ատոմակայանը. Ներկայումս գործող Մեծամորի ատոմակայանի կյանքն այլևս չի կարող երկարաձգվել, և 2036 թվականը վերջին ժամկետն է այս ատոմակայանի աշխատանքի համար։ Որպեսզի Մեծամորի ատոմակայանի ժամկետի ավարտին Հայաստանն ունենա ատոմային այլընտրանք, նոր կայանի (կայանների) կառուցումը պետք է սկսվի հնարավորինս շուտ։ Միջինում նման շինարարությունների համար անհրաժեշտ է 10 տարի և ավելի ժամանակ։ Հաշվի առնելով Հայաստանում որոշումների կայացման տեմպը, կառավարման ցածր որակը և հաճախ հանդիպող շինարարական խնդիրները՝ Հայաստանին, ամենայն հավանականությամբ, կպահանջվի ավելին, քան 10 տարին։ Ուրեմն, կարելի է արդեն իսկ նշել, որ նոր ատոմակայանին վերաբերող որոշումներն ուշանում են։ Անկախ նրանից՝ մենք խոսում ենք Կորեական, թե Ամերիկյան (մոդուլար) ռեակտորների մասին, դրանց շինարարության մեկնարկը պետք է տրվի արդեն իսկ այսօր։ Մինչև 2036 թվականի ավարտը հարկավոր է սցենարներ մշակել ատոմակայանի համար Ռուսաստանից ներկրվող վառելիքի և ատոմակայանի արտադրած թափոնների կոնսերվացման այլընտրանքային ուղղություններ ձևավորելու գործում։ Ռուսաստանին այս հարցում փոխարինող հավանական թեկնածու կարող է լինել Ղազախստանը։
Բնական գազի դիվերսիֆիկացիա. Կրիտիկական նշանակություն ունի Հայաստան ներկրվող բնական գազի աղբյուրների բազմազանեցումը։ Ամենահավանական աղբյուրը, բնականաբար, Իրանն է, որի հետ Հայաստանն արդեն իսկ ունի համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք, սակայն, ներկայումս պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Բայց կարևոր է մտապահել, որ սեփականության այս պատկերը արդյունք է Հայաստանի համար սահմանված հատուկ գնի և եթե խախտվում է հատուկ գնի տրամաբանությունը, ապա Հայաստանն էլ պետք է իրեն իրավունք վերապահի վերանայել Հայաստան-Իրան խողովակի կամ ընդհանրապես՝ Հայաստանի գազային խողովակաշարի սեփականության հարցը։ Բնական գազի աղբյուրների բազմազանեցման տեսանկյունից, պետք է սցենարներ մշակել նաև Ադրբեջանից (խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում), Միջին Ասիայից ու Իրաքից հնարավոր ներկրումներ ու ենթակառուցվածքներ ապահովելու գործում։
Հաշվի առնելով բնական գազի՝ որպես էներգիայի ներմուծվող աղբյուրի առավել խոցելի տարբերակ լինելը, պայմանավորված դրա փոխադրման առանձնահատկություններով, պետական մոտեցում է պետք մի կողմից բնական գազի խնայողության միջոցների ու միջոցառումների ավելացման ուղղությամբ (ջերմամեկուսացում, էներգախնայողություն), մյուս կողմից հարկային խրախուսմամբ բնական գազին այլընտրանք հանդիսացող վառելիքների օգտագործման ավելացման ուղղությամբ (բենզին, հեղուկ գազ)։ Նման միջոց կարելի է դիտարկել նշված երկու ապրանքներն ակցիզային հարկից ու ԱԱՀ-ից ազատելը։
Բաշխման դիվերսիֆիկացիա. Պետությունը պետք շարունակի ոլորտի հետագա ազատականացման, թափանցիկության ավելացման քաղաքականությունը։ Պետք է մտապահել, որ ՀԷՑ-ը չի կարող միջնաժամկետ կտրվածքում շարունակել պատկանել ռուսաստանցի օլիգարխի և չի կարող շարունակել պահպանել իր մենաշնորհային դիրքը։
Նոր ՀԷԿ-եր Արաքսի վրա. Անհրաժեշտ է հետազոտություններ իրացնել սահմանային ջրերին (Արաքս) հնարավոր նոր համատեղ (հայ-թուրքական) ՀԷԿ-երի կառուցման հնարավորությունների վերաբերյալ։ Սա ոչ միայն կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ հիմնականում Հայաստանի սահմաններից դուր հոսող ջրային ռեսուրսների հաշվին, այլ նաև կհարստացնի հայ-թուրքական համագործակցության օրակարգը։
Ամփոփելով՝ նշենք, որ էներգետիկ անվտանգության ապահովումը, համադրված անվտանգություն բառի մի շարք այլ հարթությունների հետ, հենց այն տնային աշխատանքն է, որի մասին տևական ժամանակ է, ինչ խոսում է Հայաստանի մասնագիտական հանրությունը։ Հայ-ռուսական հարաբերությունների հետզհետե լարվող համատեքստում այս տնային աշխատանքների իրականացումը դառնում է ՀՀ կառավարության թիվ մեկ պարտականությունը։
Արեգ Քոչինյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»