- 27 Հուլիսի, 2020
- Հաղորդագրություններ

Հուլիսի 25-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հանրային քննարկումը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ։
Ռազմավարությունը, հիշեցնենք, Անվտանգության խորհրդի հավանությանն էր արժանացել հուլիսի 10-ին։ Այն որպես գլխավոր նպատակ է հռչակում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումը՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։
Կազմակերպված քննարկմանը ելույթներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։
Բանախոսները պատասխանել են նաև միջոցառմանը ներկա գտնվող լրագրողների հարցերին, ներկայացրել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ իրենց կարծիքներն ու տեսակետները։