- 9 Հոկտեմբերի, 2025
- Արտաքին քաղաքականություն, Հաղորդագրություններ
Հոկտեմբերի 8-ին Վարշավայում կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու արտաքին տեղեկատվական ազդեցությունների վտանգները։
Իոաննիսյանը նշել է, որ հակաժողովրդավարական քարոզչությունը և մեդիա մանիպուլյացիաները լուրջ սպառնալիք են դառնում Հայաստանի տեղեկատվական միջավայրի համար՝ հաճախ կազմակերպվելով Ռուսաստանի կողմից վերահսկվող ցանցերի միջոցով։
Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը հայերենով՝ ստորև:
«Այս դահլիճում ներկաներից ոչ մեկի համար, թերևս, նորություն չէ, որ հակաժողովրդավարական քարոզչությունը և լրատվամիջոցների մանիպուլյացիաները լուրջ մարտահրավերի են վերածվում ԵԱՀԿ գրեթե բոլոր անդամ պետություններում։ Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ որոշ տեղական ուժեր, համագործակցելով Ռուսաստանի հետ, ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարության գաղափարը։
Հաշվի առնելով մեդիագրագիտության ցածր մակարդակը և անկախ լրատվամիջոցների պակասը՝ այս ուժերին հաջողվում է որոշակի արդյունքի հասնել, սակայն, բարեբախտաբար, առայժմ՝ սահմանափակ չափով։
Անկախ լրատվամիջոցների պակասը հանգեցնում է նաև մեկ այլ խնդրի։ Հասարակության լայն շերտեր այլևս չեն արժևորում ԶԼՄ-ները և երբեմն նույնիսկ թշնամաբար են տրամադրվում բոլոր լրագրողների, այդ թվում՝ անկախ և որակյալ բովանդակություն ստեղծողների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, մենք նկատում ենք արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների զգալի աճ Հայաստանում: Մենք նկատում ենք, որ մի շարք թրոլերի գործարաններ, այդ թվում՝ «Վագներ» ռազմական խմբի կողմից վերահսկվողները, ակտիվացել են Հայաստանում, չնայած գործում են Ռուսաստանից:
Մենք տեսնում ենք նոր գործիքներ, նոր մեթոդներ և նոր դերակատարներ, որոնք ներգրավված են Հայաստանի վրա հիբրիդային հարձակումներում։
Տարբեր նարատիվների տարածման միջոցով փորձ է արվում խաթարել ժողովրդավարությունը որպես արժեք՝ թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումները, ներկայացնելով Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ որպես սպառնալիքների և բազմաթիվ խնդիրների աղբյուր, թիրախավորելով Հայաստանի՝ Ռուսաստանից անկախություն ձեռք բերելու ուղին և, իհարկե, փորձելով խաթարել խաղաղությունը և խաղաղության հնարավորությունը Ադրբեջանի հետ։
Վերջինը, ի դեպ, վերջերս շատ ակտիվ նարատիվ է։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցության հիմնական լծակը հակամարտությունն է։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը ձախողում է ֆունկցիոնալ և արդյունավետ հանրային հաղորդակցության հաստատման, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների և դրանց ֆինանսական թափանցիկության համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում։
Ի վերջո, քանի որ որոշ ադրբեջանցի գործընկերներ հիշատակել են զինված հակամարտությունների զոհ դարձած լրագրողերի մասին սարսափելի պատմություններ, ես առաջարկում եմ համապարփակ կամ նույնիսկ միջազգային հետաքննություն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում լրագրողների խմբին թիրախավորելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ «Գրադ» համազարկային կրակի համակարգի 40 արկերից բաղկացած ամբողջական փաթեթը հարվածել է միջազգային լրագրողների խմբին քաղաքի կենտրոնում, որտեղ մի քանի կիլոմետր շառավղով ռազմական ենթակառուցվածքներ չկային։
Կարծում եմ, որ այդ միջադեպի թափանցիկ հետաքննությունը կարող է լավ գործիք լինել վստահության կառուցման համար»։




