Նոր պատժամիջոցներ` ընտրակաշառք բաժանելու ու քարոզարշավը խոչընդոտելու դեպքում. ԸՕ-ի վերջնական փոփոխությունները

Sorry, this entry is only available in Armenian.

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն մի շարք փոփոխություններով, որոնցից ամենաէականն անցումն է համամասանական ընտրակարգին։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված, «ռեյտինգային» ցուցակները, քաղաքացին ընտրելու է միայն կուսակցություններին։

Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողները քվեարկելու են առանց գրիչի․ ընտրելու են իրենց նախընտրելի քաղաքական ուժի անունով առանձին տպագրված թերթիկը, դնելու են ծրարի մեջ, հետո արդեն փակցված ծրարը կգցեն քվեատուփի մեջ:

Ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել առանցքային փոփոխություններ, որոնք, սակայն, ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն 2022 և 2023 թվականների տարեսկզբին: Իսկ ահա այս ընտրությունների ժամանակ կկիրառվեն Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրում են խիստ պատժամիջոցներ:

Ընտրակաշառք բաժանող անձանց սպառնում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում: Նախկին կարգավորումներով, թեև նախատեսվում էր ազատազրկումը, սակայն զուգահեռ գործում էր նաև վարչական տուգանք վճարելով պատասխանատվությունից ազատվելու դրույթը: Այն այժմ վերացված է:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբում ներառված Դանիել Իոաննիսյանն ասում է՝ նախաքննական մարմիններին տրվող գործիքներն են ընդլայնվել՝ ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու համար: Մասնավորապես, իրավապահները, կասկածներ ունենալու դեպքում, դատարանի որոշմամբ կարող են գաղտնալսել ենթադրյալ կաշառք բաժանողի հեռախոսազանգերը:

Քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև այն գործատուները, որոնք կստիպեն աշխատակիցներին մասնակցել քարոզարշավների միջոցառումներին և ընդհանրապես հանրահավաքներին: 2003 թվականից քրեականացված է թեկնածուի կողմից իրականացվող քարոզարշավի խոչընդոտումը: Նոր փոփոխություններով՝ քրեականացվում է նաև թեկնածուների կամ կուսակցությունների համակիրների քարոզչության խոչընդոտումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք իշխանությունները նման կարգավորում են մտցրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ բնակավայրերում Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրներն արժանանում են կոշտ ընդունելության։ ԸՕ-ի փոփոխությունների շուրջ տարակարծություն է առաջացել իշխանական խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև: Դանիել Իոաննիսյանը նշում է, որ վերջին պահին փոփոխությունների նախագծից դուրս են հանվել քարոզարշավների ֆինանսավորման հետ կապված խախտումների պատժամիջոցների կիրառման դրույթները:

Մասնավորապես, առաջարկվում էր կուսակցություններին՝ քարոզարշավն իրականացնել միայն նախընտրական հիմնադրամ մուտքագրված գումարներից: Իշխանական պատգամավորն ասում է՝ այս կարգավորումը նեղություն կլիներ ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք քիչ ռեսուրսներ ունեն: Անդրադառնալով 2022 և 2023 թվականների հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԸՕ-ի փոփոխություններին՝ նշենք, որ նվազեցվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական գրավի չափը:

Գործող օրենքով՝ կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7․5 միլիոն, դաշինքի դեպքում՝ 15 միլիոն դրամ: Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում՝ 7%-ից բարձրանում է 8%-ի, ընդ որում՝ երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9%, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10%:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52%-ը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Related Posts: