ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին

Sorry, this entry is only available in Armenian.

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Երևանում ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ:

Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ կողմից իրականացվող գործողությունները չեն արձագանքում այդ կառույցի անդամների անվտանգային մարտահրավերներին, փոխարենը հաճախ սպասարկում են որոշ երկրների ներքին քաղաքական օրակարգերը և ծառայում քաղաքական ռեժիմների վերարտադրման նպատակին։  Այդպես, ս.թ. հունվարին ՀԱՊԿ-ը Ղազախստանի հրավերով իր խաղաղապահներին գործուղեց այդ երկիր՝ իրականացնելու գործառույթներ, որոնք իրենց բնույթով խաղաղապահությանը չէին վերաբերում, մինչդեռ երբ 2021 թ. մայիսի 12-ին, ապաև՝ ս.թ. սեպտեմբերի 12-14-ը Հայաստանը դարձավ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի ագրեսիայի թիրախ, և նրա տարածքներից շուրջ 150 քառակուսի կիլոմետր օկուպացվեց, իսկ հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ զոհվեցին, վիրավորվեցին, գերեվարվեցին, խոշտանգվեցին կամ գնդակահարվեցին, իսկ խոշտանգման և գնդակահարության դեպքերը նկարահանվեցին հենց ադրբեջանցի զինվորականների կողմից և տարածվեցին համացանցում, ՀԱՊԿ որևէ երկիր չդատապարտեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, նրա տարածքների օկուպացիան և Հայաստանի քաղաքացիների հանդեպ կատարված ռազմական հանցագործությունները:

Միևնույն ժամանակ, Հայաստանի սուվերենության և անվտանգության պաշտպանությանն ուղղված գործուն քայլերով աչքի ընկան մեր երկրի արևմտյան գործընկերները՝ Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ և Ֆրանսիան, որոնք այլ գործողությունների թվում նաև դատապարտեցին Հայաստանի դեմ ուղղված ոտնձգությունները: Հենց ԱՄՆ միջնորդությամբ կանգնեցվեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, իսկ Հայաստանի արևելյան սահմանին տեղակայվեցին Եվրամիության քաղաքացիական դիտորդներ՝ զսպելու համար Ալիևի ռեժիմի հետագա ագրեսիվ նկրտումները:

Մենք նաև բարձր ենք գնահատում ադրբեջանական հասարակության առաջադեմ այն ներկայացուցիչների կեցվածքը, որոնք ևս դատապարտեցին Հայաստանի դեմ ագրեսիան և նոր պատերազմի սանձազերծումը, ինչը հույս է ներշնչում երկու ժողովուրդների միջև խաղաղ համակեցության հեռանկարի հանդեպ:

Մինչդեռ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի ներկայացուցիչը ս.թ. սեպտեմբերի 15-ին հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում միակն էր, ով փաստացի պաշտպանեց և արդարացրեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և տարածքների օկուպացիան՝ անվանելով դա «դելիմիտացիայի դժվարություններ»: Միայն Հայաստանի իշխանությունների հետևողական պահանջներից հետո ՀԱՊԿ-ը 2 ամիս ուշացումով ընդունեց Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը, սակայն դրանով հանդերձ՝ մերժեց ՀԱՊԿ վերջին առցանց նիստի ընթացքում ՀՀ վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզի ընդունումը, որով սահմանվելու էր Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման մեխանիզմը: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բաց տեքստով հրապարակային հայտարարեց, որ ոչ մի նման ճանապարհային քարտեզ չի կարող կազմվել, քանի որ «Իլհամ Ալիևը մեր մարդն է»: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորված էր Կրեմլի հետ համատեղ և ուղղված էր ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության, այլև նրա անկախության և ինքնիշխանության դեմ:

Միաժամանակ, ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանը և Բելառուսը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 1991 թ.-ից ի վեր երրորդ անգամ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի հարձակողական սպառազինությունների հիմնական մատակարարներն են: Մյուս կողմից՝ Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է կատարել 2020 թ.-ին ՀԱՊԿ կարգավորումների ներքո իրենից Հայաստանի գնած սպառազինությունների մատակարարումները: Սրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ շնորհավորել են Ադրբեջանին 2020 թ.-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ վերջինի ագրեսիայի ընթացքում «հաղթանակի» կապակցությամբ:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը չհրահրված և ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ զավթելով նրա տարածքների զգալի մասը, սպանելով տասնյակ հազարավոր նրա քաղաքացիների, փախստական կամ ներքին տեղահանված անձ դարձնելով շուրջ 10 միլիոն մարդու, կատարելով բազմաթիվ այլ հանցագործություններ և պատճառելով Ուկրաինայի ժողովրդին բազմաթիվ տառապանքներ, ինչը դատապարտվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, նրա Հայաստանի ազգային պլատֆորմի և բազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և երկրների կողմից: Այս առումով անընդունելի ենք համարում նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսի միջոցով Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների կողմից այլատյացություն և պատերազմի քարոզչություն սփռումը, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով:

Հիմք ընդունելով վերը թվարկածը, ինչպես նաև համոզմունք ունենալով, որ Հայաստանի տեղը ոչ թե ավտորիտար ռեժիմների ակումբում է, այլ ժողովրդավարական երկրների Եվրոպական ընտանիքում՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է Հայաստանի կառավարությունից.

  1. Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարելով՝ դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից,
  2. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների՝ առաջին հերթին վերգետնյա հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով,
  3. Ակտիվացնել բանակցությունները արևմտյան գործընկերների հետ՝ ռազմական և անվտանգային համագործակցության խորացման և մեր երկրի անվտանգության ապահովման նպատակով,
  4. Վերսկսել Եվրամիության հետ բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու նպատակով:

Related Posts: