Ոստիկանական համակարգն «ուզում» է, որ պարեկները ծառայեն այնպես, ինչպես նախկինում ծառայում էին ճանապարհային ոստիկանները․Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

Արդեն երեք տարի է՝ խոսվում է ոստիկանության բարեփոխումների մասին, բայց ինչքան ավելի շատ են խոսում, այնքան ավելի վատն է դառնում համակարգը, եւ աղմկահարույց միջադեպերի ժամանակ դա ավելի ակնհայտ է դառնում՝ Եռաբլուրից զոհվածների ծնողներին նվաստացնելով բերման են ենթարկում, փաստաբաններին ու անչափահասներին են ծեծում, Հանրապետության հրապարակում «Համերի» հետ բռնոցի են խաղում։ Ի՞նչ բարեփոխումներ են արվել, ինչո՞ւ ոչինչ չի փոխվում ոստիկանությունում կամ գուցե փոխվում է, բայց տեսանելի՞ չէ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը սերտորեն առնչվում է այս բարեփոխումներին, նա կարծում է, որ առ այս պահը վերափոխվել է միմիայն ոստիկանության արտաքին ծառայությունը։ ՊՊԾ-ն եւ Ճանապարհային ոստիկանությունը լուծարվում են մարզ առ մարզ, փոխարենը գալիս է պարեկային ծառայությունը։ Բայց ոստիկանության մյուս բոլոր ծառայություններին ու ստորաբաժանումներին բարեփոխումները դեռ չեն հասել, գրում է Hraparak.am-ը:

«Գուցե նաեւ դրա համար են նրանք պրոբլեմատիկ պահվածք ցուցաբերում՝ փաստաբան, անչափահաս ծեծում, խոշտանգում, ու հետո խոշտանգողն ավելի բարձր պաշտոն է ստանում։ Ամեն դեպքում, ոստիկանությունն ունի լրջագույն խնդիրներ»,- ասում է Իոաննիսյանը եւ թվեր է մեջ բերում. «ՀՀ-ում սպանություն կատարած անձանց 73 տոկոսը դատարանի առաջ չի կանգնում, այսինքն՝ 4 մարդասպանից 3-ն ազատ շրջում են Երեւանի փողոցներով։ Սա խոսում է այն մասին, որ ոստիկանությունն իր ամենակարեւոր գործառույթը չի կարողանում իրականացնել։ Մենք նաեւ մի հետաքրքիր բան ենք պարզել, որ պարեկային ծառայությունը հիմնական ոստիկանության ֆունկցիան լավ կատարող է` հարբած վարորդներին էֆեկտիվ հայտնաբերում է, հետախուզվող վարորդներին, նրանց բացահայտման ցուցանիշն աճել է 6 անգամ, արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը Երեւանում աճել է 2,5, իսկ Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ։ Ու, այս ամենով հանդերձ, պարեկային ծառայությունը ոստիկանության ամենաչսիրված ծառայությունն է»։ Ինչո՞ւ։ «2022 թվականին 253 ոստիկան է կարգապահական տույժի ենթարկվել, որոնցից 146-ը պարեկներ են։ Անցյալ տարի 1300 պարեկ է եղել այս երկրում, ու ընդամենը մոտ 100 տույժ է բաժին ընկել մնացած 10 հազար ոստիկաններին։

Հարց է առաջանում՝ էդ պարեկներն էդքան վա՞տ են աշխատում, ու եթե այդքան վատ են աշխատում, ապա ո՞նց է, որ հանցագործությունների բացահայտման մյուս ցուցանիշները լավն են, որ զոհերի քանակը վթարների ժամանակ պակասել է։ Իսկ եթե նրանք լավն են, ապա ինչո՞ւ են այդքան շատ պատժվում։ Իրականում նրանք պատժվում են, որովհետեւ այլ կերպ են ծառայում։ Դեպք է եղել, որ պարեկը կարգապահական տույժի է ենթարկվել այն բանի համար, որ հանցագործի հետեւից վազելիս գլխարկը չի դրել գլխին։ Սա նորմալ չէ։ Սա ստիպում է, որ պարեկը մտածի ավելի շատ իր գլխարկը տեղում լինելու, քան հանցագործին բռնելու մասին։ Դեպք է եղել, երբ կրիստալ մեթամֆետամին վաճառող հանցավոր խմբին բացահայտած պարեկը չի ստացել պարգեւավճար, որը սովորաբար տրվում է: Միայն այն բանի համար, որ դրանից 1 տարի առաջ նա բլանկ է կորցրած եղել։ Սա էլ ստիպելու է, որ պարեկներն ավելի շատ մտածեն բլանկ չկորցնելու, քան լուրջ հանցագործություններ կատարածներին բռնելու մասին»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, ոստիկանական համակարգն «ուզում» է, որ պարեկները ծառայեն այնպես, ինչպես նախկինում ծառայում էին ճանապարհային ոստիկանները։ «Այսինքն, ինքն ասում էր՝ ինձ պետք է օրական 15 հատ տուգանք գրել, ես այդքան կգրեմ, ու եթե նկատում էր, որ մի տեղ հանցագործություն է կատարվում, պտտվում էր մեջքով, որ չտեսնի։ Ոստիկանական համակարգն այդպես է ծառայում, ու նրանք տանել չեն կարողանում, որ պարեկներն այլ կերպ են ծառայում»:

Related Posts: