«Իմ քայլը» կբոյկոտի քաղաքապետի ընտրությունը, մյուս խմբակցությունները քվորում ապահովել չեն կարող

Sorry, this entry is only available in Armenian.

Ընդամենը 1 շաբաթից՝ ապրիլի 11-ին Երևանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրություն կանցկացնի։ Նման առաջարկությամբ այսօրվա արտահերթ նիստի ավարտին հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականություններն է կատարում։

Ընտրական օրենսգրքի 142.3 հոդվածը սահմանում է՝ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում ավագանին անցկացնում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն սահմանված կարգով:

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունը թեկնածու չունի, հետևաբար՝ նիստին չեն ներկայանա։ «Իմ քայլը» ավագանու ամենամեծ խմբակցությունն է, եթե նիստին չմասնակցի, քվորում չի լինի, և ստացվում է՝ քաղաքապետ էլ չի ընտրվի։ «Իմաստն ընթացակարգը պահպանելն է, որովհետև եթե մենք ընտրության օր չորոշեինք, ապա մյուս խմբակցությունները կզրկվեին քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունքից»,- պարզաբանում է Արմեն Գալջյանը։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ ասում է՝ ձևական ընտրություններ են, և իրենց խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու։ Քաղաքապետ չընտրվելու դեպքում էլ ավագանու արտահերթ ընտրություններ օրենքով նախատեսված չեն։

Գործադիրը չի կարող կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը՝ ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետում, 142․3 հոդվածի փոխարեն, հղում է արվում 142.2-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որն այս դեպքում տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։

Օրենքում այդ բացը, ըստ էության, նշանակում է, որ քաղաքապետի պաշտոնը կարող է թափուր մնալ նույնիսկ տարիներով՝ մինչև տեղի կունենան հերթական ընտրություններ։ Բայց եթե ուզեն, արտահերթ էլ կանցկացնեն՝ ասում է Իոաննիսյանը՝ հավելելով, որ օրենքը տարբեր կերպ է մեկնաբանվում կամ էլ, հնարավոր է, օրենքում հապշտապ այդ լրացումն անեն։ Քաղաքապետի պարտականությունները, մինչև սեպտեմբերին կայանալիք հերթական ընտրությունները դե յուրե կշարունակի կատարել Լևոն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related Posts: