ՌԴ Պետդուման ԵԱՏՄ պայմանագրերին հակասող օրենսդրական կարգավորում է մշակում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը մայիսի 27-ինհայտարարել էր, որ ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում: Ըստ Մոսկվիչևի, օրենքը, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարում, կարգելի օտարերկրյա վարորդներին աշխատել որպես տաքսու վարորդ ՌԴ տարածքում։

«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,- նշել էր ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավարը։

ԵԱՏՄ պայմանագիրն ու աշխատուժի տեղաշարժը

Այդուհանդերձ, այս հայտարարությունը չի կարող իրականություն դառնալ՝ առանց ԵԱՏՄ պայմանագիրը խախտելու։ ՌԴ պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեն, նմանատիպ օրենսդրական կարգավորումներ մտցնելով, հակասելու է ԵԱՏՄ պայմանագրին։ Ըստ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի առաջին հոդվածի, պայմանագիրը ստորագրող կողմերը պայմանավորվում են ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատությունը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ նպատակը տնտեսական միություն ստեղծելն է, որի հիմքում կլինի միասնական շուկան։ Ընդհանուր կամ միասնական շուկա հասկացությունը ԵԱՏՄ պայմանագիրը մեկնաբանում է որպես «Միության շրջանակներում ծավալվող տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որի դեպքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը»։

Աշխատուժի ազատ տեղաշարժի կետը ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով ԵԱՏՄ պայմանագրով միության անդամ-պետությունների քաղաքացիների համար, որոնք ցանկություն ունեն աշխատելու ԵԱՏՄ պետություններից որևէ մեկում, թույլատրության փաստաթղթերի ձևակերպում, ինչպիսիք են պատենտները կամ աշխատանքի թույլտվությունը, չի պահանջվում»:

Աշխատուժի ազատ տեղաշարժ՝ առանց աշխատավորների իրավունքների

ԵԱՏՄ ստեղծման ընթացքում բազմաթիվ հարցերում, անկասկած, որպես մոդել հանդիսացել է Եվրամիությունը։ ԵԱՏՄ պայմանագրի մի շարք դրույթներ ԵՄ պայմանագրերից բառացի մեջբերումներ են հիշեցնում։ Այդուհանդերձ, աշխատուժի ազատ տեղաշարժի պարագայում ԵԱՏՄ կարգավորումները զգալիորեն տարբերվում են ԵՄ կարգավորումներից։

ԵԱՏՄ կարգավորումները, ի տարբերություն ԵՄ կարգավորումների, հիմնականում շրջանցում են անդամ երկրների քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ ԵԱՏՄ պայմանագիրը բացառապես պետական մակարդակով կնքված պայմանագիր է, որը չի պարունակում կետեր աշխատավորների իրավունքների կամ միասնական աշխատանքային օրենսգրքի անհրաժեշտության մասին։ Մինչդեռ Եվրոպական Միությունն իր ստեղծման պահից առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անդամ երկրների քաղաքացիների իրավունքների համանման օրենսդրական կարգավորումների ստեղծմանը։ Ավելին՝ աշխատավորների իրավունքների կոնտեքստում ԵՄ-ն ունի հատուկ կարգավորում, որը արգելում է աշխատավորների հանդեպ խտրականությունը։ Այլ կերպ ասած՝ Լեհաստանում աշխատող ֆրանսիացին չի կարող խտրական վերաբերմունքի ենթարկվել իր քաղաքացիության պատճառով։

Փաստորեն՝ ԵՄ կարգավորումները մարդակենտրոն են, հատկապես երբ խոսքը գնում է աշխատանքային իրավունքի մասին։ Մինչդեռ ԵԱՏՄ կարգավորումները չեն պաշտպանում քաղաքացիներին կամայական անդամ երկրում օրենսդրական փոփոխություններից կամ գործատուի կողմնակալ վերաբերմունքից։ ԵԱՏՄ պայմանագիրը, փաստորեն, հնարավորություն է տալիս ցանկացած անդամ երկրի ընդունել օրենսդրական կարգավորումներ, որոնք հակասում են ոչ միայն ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, այլ նաև վտանգի տակ են դնում այլ անդամ երկրների աշխատավորների իրավունքները։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: