ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը՝ հանուն դրական փոփոխությունների

Sorry, this entry is only available in Armenian.

2019 թվականի ընթացքում Եվրոպական Միության աջակցությամբ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով»  ծրագրի շրջանակում հայաստանյան մի շարք լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ հնարավորություն ստացան իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումներ էր։

Ստորև կներկայացնենք որոշ լրագրողական նախաձեռնություններ, որոնք իրականացվել են «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում։

RElection

Այսպես, օրինակ, Infocom.am կայքի լրագրող Աստղիկ Քեշիշյանն իրականացրել է RElection կոչվող ծրագիրը, որի նպատակն է ակտիվ երկխոսություն ձևավորել հասարակության տարբեր շերտերի և կառավարության, Ազգային ժողովի ու քաղաքական ուժերի միջև, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա նպաստել ընտրական իրավունքի՝ որպես քաղաքացու անքակտելի իրավունքի ամրապնդմանը և ընտրական նոր մշակույթի ձևավորմանը։

Ծրագրի ընթացքում ընտրական իրավունքի վերաբերյալ հարցազրույցներ են իրականացվում քաղհասարակության և այլ կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում գեներացված գաղափարների հիման վրա անցկացվել է սոցհարցում։ Արդեն սոցհարցման արդյունքում մշակված գաղափարները նորից քննարկվել են քաղհասարակության փորձագետների կողմից և հետո ներկայացվել պետական ու քաղաքական կառույցներին։ Ուշագրավ է, որ այս ծրագրով նախատեսված բոլոր քայլերը ներկայացվում են Infocom.am կայքում, և այդ գործընթացը, ինքնին, բավական հետաքրքիր է և հիմք է ստեղծում նաև այլ քննարկումների համար։

Ֆոկուսի մեջ

Հետհեղափոխական Հայաստանում դեռևս չլուծված և խիստ մտահոգիչ խնդիրներին է նվիրված լրագրող Թեհմինե Ենոքյանի «Ֆոկուսի մեջ» ծրագիրը, որում բարձրացվում են կրթական, արդարադատության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների հետ կապված հարցերը։

Լրագրողը ծրագրի շրջանակներում պատրաստում է հատուկ ռեպորտաժներ, որոնք կոչված են վեր հանելու այս ոլորտներում մինչ այժմ առկա խնդիրները։ Հատկապես ուշագրավ է այն, որ ծրագրի հեղինակը, անդրադառնալով խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին, ներկայացնում է կոնկրետ պատմություններ, որոնցով, սակայն, նկարագրվում են այդ ուղղությամբ մեր երկրում տեղ ունեցող մարտահրավերները։ Մասնավորապես, պատրաստվող ռեպորտաժներով արձանագրվում է, որ խոշտանգում իրականացնող անձինք շատ դեպքերում մնացել են անպատիժ, և խոշտանգված ու այդ պատճառով հոգեկան խնդիրներ ձեռք բերած անձինք փոխհատուցում չեն ստացել։

Պետության ու ՀԿ-ների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացման հարցում

«Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կողմից ֆինանսավորված ծրագրերից մեկն էլ վերաբերում է դատապարտյալների վերասոցիալականացման թեմային, որը հատկապես ակտուալ է հետհեղափոխական Հայաստանում հայտարարված համաներումից հետո։ 2018 թվականի նոյեմբերի վերջին համաներմամբ ազատված տասնյակ դատապարտյալներ ամիսներ անց նորից հայտնվել էին բանտերում կատարված նոր հանցագործությունների պատճառով։ Սա վկայում է այն մասին, որ դատապարտյալների վերասոցիալականացումը լրջագույն մարտահրավեր է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է թե՛ քաղհասարակության, թե՛ պետության գործուն միջամտությունը։ Ծրագիրն իրականացվում է «Հանրային իրազեկում և իրավագիտակցության բարձրացում» ՀԿ-ի կողմից։

Ծրագրի հեղինակներ Անահիտ Հակոբյան ու Զարուհի Մանուչարյանն այս նպատակով նկարահանել են ֆիլմ-պատմություններ, որոնցում ներկայացվում են վերասոցիալականացման խնդիրներ ունեցող դատապարտյալների պատմություններ և անդրադարձ է կատարվում ՀՀ արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների գործունեությանը։ Ծրագիրը հետաքրքրական է նրանով, ստեղծվել է մասնագիտական հարթակ՝ socinfo.am կայքը, որը ոչ միայն ապահովելու է թիրախային խմբի իրազեկումը, այլ նաև կդառնա հետադարձ կապի օղակ՝ համապատասխան ինֆորմացիա տրամադրելով վերասոցիալականացման խնդիր ունեցող քաղաքացուն, նրա ընտանիքի անդամներին և հետաքրքրված այլ անձանց:

Վերոնշյալ ծրագրերը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի մի մասն են միայն, և մեր առաջիկա հրապարակումներում կանդրադառնանք նաև քաղհասարակության ակտիվիստների կողմից նախաձեռնած ծրագրերին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: