Միաբևեռությունից անցումը դեպի բազմաբևեռություն, հակամարտությունների կարգավորման գործիքակազմերի փոփոխությունը և Ղարաբաղյան համատեքստը

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

44-օրյա պատերազմի ավարտից հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացը հայտնվել է հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում: Վերջին ամիսների ընթացքում տարատեսակ հարթակներում ակտիվ քննարկումներ են ընթանում խաղաղ գործընթացի էության և բովանդակության, ինչպես նաև տարբեր փուլերի ու դրվագների վերաբերյալ:

Այս հոդվածի նպատակն է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում: Հոդվածի մեջ, մասնավորապես, ներկայացվում է, թե ինչպիսի ներազդեցություն են ունեցել միաբևեռությունից անցումը բազմաբևեռության ու լիբերալ աշխարհակարգի թուլացումը հակամարտությունների կարգավորման և կառավարման գործիքակազմերի վրա գլոբալ մակարդակում:

Հոդվածի վերջին հատվածում դիտարկվում է, թե ինչպես են գլոբալ մակարդակում և հակամարտությունների կարգավորման ու կառավարման գործիքակազմերի մեջ տեղի ունեցած փոփոխություններն արտահայտվել Ղարաբաղյան համատեքստում:

ԱՄՆ-ի «միաբևեռ պահն» ու լիբերալ աշխարհակարգը

1991 թվականին Խորհրդային Միության հանկարծակի փլուզմամբ աշխարհը երկբևեռ համակարգից անցում կատարեց դեպի միաբևեռ համակարգ: Սառը պատերազմն ավարտվեց Արևմուտքի քաղաքական ու գաղափարական տրիումֆով: ԽՍՀՄ փլուզումը մեկնարկ տվեց մի ժամանակահատվածի, որը քաղաքագիտական գրականության մեջ հայտնի է «Ամերիկայի միաբևեռ պահը» անվանմամբ: Միացյալ նահանգները 1990-ական թվականներին, օգտագործելով իրենց անվիճարկելի դիրքը համաշխարհային համակարգում, փորձ կատարեցին Սառը պատերազմի ընթացքում բևեռներից մեկում ձևավորված լիբերալ կարգը հաստատել ողջ աշխարհում: Սա ենթադրում էր ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված լիբերալ ժողովրդավարության մոդելի տարածում աշխարհում, ինչպես նաև հստակ կանոններով առաջնորդվող միջազգային հարաբերությունների համակարգի ստեղծում: Այդ գործընթացը կարևորվում էր առաջին հերթին ԱՄՆ անվտանգության ու համաշխարհային գերակայության ապահովման տեսանկյունից: Ինչպես նշում է միջազգային հարաբերությունների հայտնի տեսաբան Ջոն Այքենբերին՝ աշխարհը երբեք այդքան մոտ չէր լիբերալ աշխարհակարգին, ինչքան Սառը պատերազմին հաջորդած տարիների ընթացքում:

Լիբերալ կարգի ամրապնդման հետ զուգընթաց, արևմտյան պաշտոնական խոսույթներում տարածում գտավ և հիմնավորվեց հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման մի մոտեցում, որը հայտնի է որպես ժողովրդավարական խաղաղության տեսություն: Ըստ այս տեսության՝ կայացած ժողովրդավարությունները միմյանց դեմ պատերազմներ չեն սկսում: Այս առումով աշխարհում ժողովրդավարության տարածումը նպատակահարմար համարվեց նաև հակամարտությունների կանխարգելման և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Ժողովրդավարական կամ լիբերալ խաղաղության մոտեցման շրջանակներում ձևավորվեց նաև հակամարտությունների կարգավորման կոնկրետ գործիքակազմ, որը ընդունված է անվանել լիբերալ խաղաղաշինություն:

Լիբերալ խաղաղաշինության տեսական դրույթներն ու օպերացիոն բաղադրիչները առկա են արդի ռազմաքաղաքական հակամարտությունների կարգավորման գործընթացների մեծամասնության հիմքում: Դրանք ենթադրում են հակամարտությունների բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծում՝ միջազգային ձևաչափերի ներքո: Կարգավորման գործընթացի կարևորագույն բաղադրիչներ են համարվում միջազգային խաղաղապահ առաքելությունները կամ միջազգային ռազմական միջամտության այլ տեսակները: Լիբերալ խաղաղաշինության հարացույցի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացվում հակամարտությունների գոտիներում ժողովրդավարական մեխանիզմների ներդրմանը, ընտրությունների միջազգային վերահսկողությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության հաստատմանը, արդյունավետ կառավարման գոյությանը, ուժի կիրառումը սահմանափակող կամ բացառող մեխանիզմների ստեղծմանը: Լիբերալ խաղաղաշինության առաջնային նպատակներից է կայուն հասարակությունների ձևավորումը, որոնք ավելի քիչ հակված կլինեն հակամարտությունների հանգուցալուծման ուժային տարբերակներին դիմելուն: Այսպիսով, լիբերալ խաղաղաշինության գործիքակազմի ներազդեցության ոլորտները երկուսն են՝ ներքին և արտաքին: Ներքին ոլորտում լիբերալ խաղաղաշինության նպատակը ժողովրդավարացման և զարգացման ապահովումն է, իսկ արտաքին ոլորտում՝ հակամարտությունների կարգավորման միջազգային ձևաչափերի ստեղծումը՝ հիմնվելով վերոնշյալ սկզբունքների վրա: Գործնականորեն լիբերալ խաղաղարարությունը օգտագործում է ոչ ֆորմալ բանակցային մարտավարությունները և ֆորմալ խաղաղ գործընթացները՝ փորձելով հաշտեցնել հակամարտության էության և հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հակամարտող պատումներն ու խոսույթները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը և վերջին քսանամյակի ընթացքում կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու բաղադրիչները ևս լիբերալ խաղաղաշինության գործիքակազմի մաս են հանդիսանում: Դրանք արտահայտում են միաբևեռ և լիբերալ աշխարհակարգի գոյության ընթացքում գերիշխող գաղափարներն ու տենդենցները և ենթադրում են հակամարտության հանգուցալուծումը իրավունքների, մասնակցության և ընտրական մեխանիզմների (հանրաքվեների) տիրույթում:

Լիբերալ խաղաղության տեսության պոպուլյարությունը և լիբերալ խաղաղաշինության գործիքակազմի արդյունավետությունն ուղղակի կախվածություն ունեին միաբևեռ ու լիբերալ աշխարհակարգի գոյությունից և աշխարհակարգի գերիշխող պետության հզորության աստիճանից: Այս առումով հետաքրքրական է, որ 1990-ական թվականներին՝ լիբերալ աշխարհակարգի գագաթնակետի շրջանում, բանակցային լուծում ստացած խաղաղ գործընթացների զգալի աճ է գրանցվել: 1940-ականներից 1980-ականներն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական պատերազմների  երեք չորրորդը կանգ էին առնում ռազմական հաղթանակների արդյունքում: Մինչդեռ 1990-ական թվականներին ռազմական հաղթանակով էր ավարտվել 10 պատերազմից միայն 4-ը: Ավելին՝ եթե 1940 թվականից 1980-ականներն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական պատերազմների չնչին մասն էր բանակցային լուծման արդյունքում ավարտվում (այդ ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, 7 քաղաքացիական պատերազմ է բանակցային լուծման արդյունքում կանգ առել), ապա 1990-ական թվականներին բանակցային լուծում ստացած քաղաքացիական պատերազմները արդեն 41 տոկոս էին կազմում՝ հավասարվելով ռազմական հաղթանակի արդյունքում ավարտված պատերազմների թվին: 1990-ական թվականներին, ընդհանուր առմամբ, 37 պատերազմ է ավարտվել, որոնցից 15-ը՝ բանակցային լուծման արդյունքում, 15-ը՝ ռազմական հաղթանակի, 7-ը՝ զինադադարի/սառեցման:

1940-2000 թթ. քաղաքացիական պատերազմների ավարտման միջոցները` տոկոսներով (Մոնիկա Թոֆթի «Ապահովելով խաղաղություն. Քաղաքացիական պատերազմների երկարատև կարգավորումը» գրքից): Սև սյունակ՝ ռազմական հաղթանակ, սպիտակ սյունակ՝ բանակցային լուծում, գորշ սյունակ՝ զինադադար:

Այս տենդենցը պայմանավորված էր առաջին հերթին համաշխարհային համակարգի միաբևեռությամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո Միացյալ Նահանգները ստանձնել էին համաշխարհային մրցավարի դերը և իրենց քաղաքական ու գաղափարախոսական օրակարգն էին թելադրում աշխարհին: Միջազգային հարաբերությունների համակարգում հետսառըպատերազմյան շրջանում ԱՄՆ կողմից սահմանված խաղի կանոնները և քաղաքական ու գաղափարական մթնոլորտը նպաստում էին լիբերալ խաղաղաշինության արդյունավետությանը և բանակցային գործընթացների հաջողությանը:

Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Սառը պատերազմին հաջորդած տարիներին զգալիորեն աճել էին քաղաքացիական պատերազմներում միջազգային միջնորդության ծավալները: Ներքևի գծապատկերը ցույց է տալիս, որ քաղաքացիական պատերազմներում արտաքին ակտորների կողմից իրականացվող միջնորդության դեպքերը կտրուկ աճել են 1988/1989 թվականներին, այդ մակարդակում կայունացել 1990-ականների սկզբին, կարճատև անկում ունեցել և վերադարձել բարձր մակարդակի 1996 թվականին՝ Ռուանդայի և Բոսնիայի ողբերգական դեպքերից հետո, ու սկսել անկում ապրել 2001 թվականից:

Արտաքին միջնորդությամբ քաղաքացիական պատերազմների տարեկան թիվը (Լիզ Հովարդի «Միջազգային անվտանգություն» գիտական հանդեսում տպագրված «Ինչպես են քաղաքացիական պատերազմները ավարտվում. միջազգային համակարգը, նորմերը և արտաքին ակտորների դերը» հոդվածից):

Միաբևեռությունից անցումը դեպի բազմաբևեռություն, լիբերալ աշխարհակարգի ճգնաժամը և հակամարտությունների կառավարման նոր գործիքակազմերի առաջացումը

Այնուամենայնիվ, համաշխարհային համակարգում ԱՄՆ գերակայությունը ժամանակի ընթացքում նվազեց: Սկսեցին ի հայտ գալ տերություններ, որոնք ի վիճակի ու պատրաստ էին մարտահրավեր նետել համաշխարհային հեգեմոնին և վերջինիս կողմից ստեղծված միաբևեռ համակարգին ու լիբերալ աշխարհակարգին: ԱՄՆ հզորության հարաբերական անկման ֆոնին մեծացավ նաև տարածաշրջանային տերությունների ինքնուրույնությունն ու կշիռը:

Որպես Միացյալ նահանգներին մարտահրավեր նետող մեծ տերություններ՝ առաջին պլան դուրս եկան Ռուսաստանն ու Չինաստանը: Օգտագործելով 2000-ական թվականների սկզբին սկսած նավթի գների զգալի աճը և դրա արդյունքում ավելացած եկամուտները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական բանակի մոդեռնիզացիան առաջնային խնդիր դարձրեց: 2007 թվականից՝ Պուտինի մյունխենյան հայտնի ելույթից հետո, Ռուսաստանը սկսել է վարել ավելի անկախ քաղաքականություն՝ ուղիղ դիմակայության մեջ մտնելով Արևմուտքի հետ: Տարբեր փուլերում ռուս-ամերիկյան դիմակայության թատերաբեմ էին դարձել Վրաստանը, Ուկրաինան, Սիրիան և մի շարք այլ երկրներ: Սիրիայում ռազմական ինտերվենցիայի արդյունքում Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ կրկին լուրջ խաղացող դարձավ Մերձավոր Արևելքում:

Չինաստանի կողմից ԱՄՆ-ին նետված մարտահրավերն ավելի լուրջ է: 1970-ականների վերջին նախաձեռնված տնտեսական բարեփոխումների արդյունքում այդ երկիրը տնտեսական զարգացման հսկայական տեմպեր էր ցուցադրում վերջին տասնամյակների ընթացքում: Չինաստանն արդեն իսկ աշխարհի երկրորդ տնտեսությունն է և մոտակա տասնամյակի ընթացքում կարող է շրջանցել ԱՄՆ-ին ու դառնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունը: Ավելին, Չինաստանի պետական կապիտալիզմի մոդելը հրապուրիչ է դառնում աշխարհում և մրցակցում է Միացյալ Նահանգների կողմից վերջին տասնամյակների ընթացքում ջատագովված ազատ շուկայական տնտեսության մոդելի հետ: Չինաստանի տնտեսական հզորությունը նպաստում է նաև ռազմական հզորության աճին: Ուժերի հավասարակշռությունը Արևելյան Ասիայում զգալիորեն փոխվել է վերջին տարիների ընթացքում: Շատ վերլուծաբաններ արդեն իսկ կասկածի տակ են դնում այդ տարածաշրջանում սեփական դաշնակիցներին (օրինակ՝ Թայվանին) պաշտպանելու ԱՄՆ-ի ունակությունը: Պեկինը իր ուժը ցուցադրում է նաև այլ տարածաշրջաններում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելով Ռուսաստանի հետ ու ռազմական հենակետեր ստեղծելով Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Չինաստանը լուրջ ներդրումներ է կատարում ենթակառուցվածքային ծրագրերի մեջ՝ մեծացնելով իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում:

Միաբևեռ համակարգից աստիճանական անցումը բազմաբևեռության լուրջ փոփոխություններ է մտցրել նաև աշխարհում տիրող քաղաքական, գաղափարական ու նորմատիվ մթնոլորտի մեջ: Միացյալ Նահանգների ազդեցության թուլացմանը զուգընթաց, սկսել է անկում ապրել նաև լիբերալ աշխարհակարգը՝ իր գաղափարական հիմնասյուններով: Այսպես, 2000-ական թվականների կեսից աշխարհը թևակոխել է ժողովրդավարական հետընթացի շրջափուլի մեջ: Ստորև ներկայացված գծապատկերում հստակ երևում է, որ 2006 թվականից սկսած՝ աշխարհում ժողովրդավարական հետընթաց գրանցած երկրների թիվը ժողովրդավարական առաջընթաց գրանցած երկրների թվից մեծ է, և վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում չի եղել մի տարի, երբ ժողովրդավարական առաջընթաց գրանցած երկրների թիվը ավելի մեծ լինի, քան հետընթաց գրանցածների թիվը: Սա լիբերալ աշխարհակարգի ճգնաժամի կարևոր ցուցիչ է:

Գծապատկերը կազմվել է «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության «Ազատությունը աշխարհում» ամենամյա զեկույցների հիման վրա: Այն հրապարակվել է Freedom in the world 2021: Democracy under siege զեկույցում:

Լիբերալ աշխարհակարգի ճգնաժամը, ժողովրդավարական հետընթացը և աշխարհում ավտորիտարիզմի տարածումը լուրջ ազդեցություն են ունեցել նաև հակամարտությունների հանգուցալուծման տեսությունների ու գործիքակազմերի վրա: Լիբերալ աշխարհակարգի հետ ճգնաժամի մեջ են հայտնվել նաև լիբերալ խաղաղության ու լիբերալ խաղաղաշինության կոնցեպտները: Այս տենդենցն իր արտացոլումն է գտել նաև աշխարհում հակամարտությունների հանգուցալուծման գործիքակազմերի մեջ: Այսպես, 2010 թվականին պատմական օրինաչափությունը վերականգնվել էր, և ռազմական հաղթանակը կրկին քաղաքացիական պատերազմների հանգուցալուծման ամենատարածված միջոցն էր դարձել:

Լիբերալ խաղաղաշինության ճգնաժամի հետ զուգընթաց, աշխարհում սկսել են տարածում ստանալ հակամարտությունների հանգուցալուծման ավտորիտար տեսակներ, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են որպես Հակամարտությունների ավտորիտար կառավարում: Լյուիսը և այլք տալիս են հակամարտությունների ավտորիտար կառավարման հետևյալ բնորոշումը. «Հակամարտությունների ավտորիտար կառավարումը ենթադրում է զինված ապստամբության կամ զանգվածային սոցիալական բռնության այլ տեսակների կանխարգելում, դեէսկալացիա կամ հանգուցալուծում այնպիսի միջոցներով, որոնք խուսափում են հակամարտության կողմերի միջև իրական բանակցություններից, ժխտում են միջազգային միջնորդությունը և ուժի կիրառման սահմանափակումները, անտեսում են հակամարտության հիմքում ընկած կառուցվածքային խնդիրների լուծման կոչերը և փոխարենը ապավինում են պետական հարկադրանքի ու հիերարխիկ իշխանության գործիքներին»:

Հակամարտությունների ավտորիտար կառավարման գործիքակազմը չի սահմանափակվում միայն ռազմական գործողություններով ու պատերազմով: Այս ռազմավարությունը ներառում է նաև քաղաքական, սոցիալական ու տնտեսական բաղադրիչներ: Հատկանշական է նաև, որ հակամարտությունների կառավարման ու հանգուցալուծման այս ռազմավարությունն օգտագործվում է ոչ միայն ավտորիտար, այլև ժողովրդավարական ու հիբրիդային ռեժիմների կողմից:

Լյուիսը և այլք նշում են, որ ավտորիտար այս ձևաչափի մեջ ներառված քայլերի ու քաղաքականության նպատակը հակառակորդ կողմի հնարավորությունների և ռեսուրսների կրճատումն է, որը իրականացվում է հանրային խոսույթի, տարածության ու տնտեսական ռեսուրսների նկատմամբ գերիշխող վերահսկողություն հաստատելու միջոցով:

Հակամարտությունների ավտորիտար կառավարման ռազմավարությունն ընդունած ռեժիմները առաջ են տանում գերիշխող խոսույթ, որի նպատակը զինված հակառակորդների դելեգիտիմացումն է` որպես բանակցությունների պոտենցիալ կողմ: Այս նպատակին հասնելու համար ավտորիտար ակտորներն օգտագործում են հետևյալ մեխանիզմները. 1) նրանք ճնշում են ինֆորմացիայի ու իրադարձությունների մեկնաբանության այլընտրանքային աղբյուրները` փորձելով վերահսկել նորությունների տարածումը և գիտելիքի արտադրությունը: Գրաքննության ավանդական միջոցները 21-րդ դարում ավելի դժվար են դարձել, սակայն կառավարությունները հասնում են իրենց նպատակին` սահմանափակելով լրագրողների ու հետազոտողների մուտքը հակամարտության գոտի, 2. այս ռազմավարությունն ընտրած ռեժիմներն իրենց նպատակին հասնում են պաշտոնական խոսույթի ստեղծման միջոցով` դելեգիտիմացնելով հակառակորդներին և հերքելով այն պնդումները, որ նրանց պայքարը մոտիվացված է լեգիտիմ դժգոհություններով: Հակառակորդների դեմ սեփական գործողությունները անվտանգայնացնելու (Securitization) և լեգիտիմացնելու համար հաճախ օգտագործվում է ահաբեկչության դեմ պայքարի խոսույթը: Քաղաքացիական հասարակության այն ակտորները, որոնք պաշտոնական խոսույթից տարբերվող գաղափարներ են հնչեցնում և կողմ են արտահայտվում հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների, թիրախավորվում են և պիտակավորվում որպես «5-րդ շարասյան» անդամներ:

Հակամարտությունների ավտորիտար կառավարման ռազմավարության երկրորդ առաջնահերթությունը վիճարկվող տարածության նկատմամբ քաղաքական, ֆիզիկական ու սիմվոլիկ գերիշխանության հաստատումն է: Այս ռազմավարությունն օգտագործող պետությունները տարածությունը դիտարկում են որպես ռեսուրս, որը կարող է օգտագործվել ապստամբների կողմից ոչ միայն բնական պաշարներ ստանալու, այլև բնակչության նկատմամբ սեփական նորմատիվ կարգը հաստատելու համար: Ավտորիտար ռեժիմները, հետևաբար, ցանկանում են ներխուժել, փակել կամ վերահսկել այդ խնդրահարույց տարածությունները` օկուպացիայի, ռազմական պարեկության, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման կամ վերաբնակեցման, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Հակամարտությունների ավտորիտար կառավարման ռազմավարության երրորդ բաղադրիչը տնտեսականն է: Այս ձևաչափով աշխատող ռեժիմները փորձում են սահմանափակել իրենց հակառակորդների տնտեսական լծակները, կանգնեցնել սփյուռքից ու միջազգային այլ աղբյուրներից եկող դրամական հոսքերը: Եթե այդ ռեժիմները որոշակի վերահսկողություն ունեն վիճարկվող տարածքների նկատմամբ, ապա նրանք ֆինանսական հոսքերն ուղղում են միայն իրենց լոյալ գործիչներին, խմբերին կամ կառույցներին:

Ղարաբաղյան համատեքստը

Համաշխարհային համակարգում տեղի ունեցած այս փոփոխություններն ու հակամարտությունների կարգավորման գործիքակազմերի վրա դրանց ներազդեցությունն իրենց արտացոլումն են գտել նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի մեջ: Ինչպես արդեն նշվել է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած հիմնարար սկզբունքները լիբերալ աշխարհակարգի արգասիք էին և ներառում էին լիբերալ խաղաղաշինության գործիքակազմի բաղադրիչներ: Ավելին, Հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի ակտիվ ներգրավման փուլը համընկնում էր միաբևեռության ու լիբերալ աշխարհակարգի շրջանի հետ: Այդ շրջափուլը ավարտվել է 2000-ականների վերջին: Համաշխարհային նոր բևեռների ձևավորմանը ու տարածաշրջանային տերությունների ուժեղացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում նվազում էր նաև Արևմուտքի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում` թուլացնելով լիբերալ խաղաղաշինության գործիքակազմը:

Նոր բևեռների առաջացումը և բևեռների միջև պայքարը ևս ազդեցություն են ունեցել Ղարաբաղյան համատեքստում զարգացումների վրա: Այսպես, 2014 թվականի ուկրաինական ճգնաժամից հետո, երբ Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ հերթական անգամ սրացել էին, Մոսկվան սկսեց հետապնդել հակամարտության գոտում ստատուս-քվոյի փոփոխության քաղաքականություն: Դա արտահայտվեց կարգավորման նոր ռուսական պլանի ի հայտ գալու տեսքով, որը հայտնի է «Լավրովի պլան» անվանմամբ: Ղարաբաղյան ստատուս-քվոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկին նպաստած գործոններից էր:

44-օրյա պատերազմը հնարավոր դարձրած մեկ այլ գործոն, որը ևս միաբևեռ համակարգի ու լիբերալ աշխարհակարգի թուլացման արդյունք է, Թուրքիայի ազդեցության մեծացումն էր ու տարածաշրջանում ավելի անկախ քաղաքականություն վարելու փորձերը: Անկարայի դերակատարումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախաշեմին ու ընթացքում, որը որոշիչ նշանակություն է ունեցել պատերազմի մեկնարկի ու Ադրբեջանի ռազմական հաղթանակի համար, հնարավոր չէր լինի առանց միջազգային հարաբերությունների համակարգում վերոնշյալ փոփոխությունների:

Ղարաբաղյան համատեքստը չեն շրջանցել նաև հակամարտությունների կարգավորման գործիքակազմերում տեղի ունեցած փոփոխությունները: 2000-ականների կեսերից Ադրբեջանի ընդունած ռազմավարությունը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հակամարտությունների ավտորիտար կառավարման վերոնշյալ գործիքակազմին:

Բաքուն փորձել ու փորձում է հակամարտության վերաբերյալ գերիշխող խոսույթ ստեղծել և խլացնել այս հարցի շուրջ այլընտրանքային կարծիքները: Այս նպատակներին հասնելու համար Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են բոլոր առկա տեղեկատվական, ֆինանսական ու դիվանագիտական ռեսուրսները: Հակառակորդին դելեգիտիմացնելու համար ադրբեջանական պաշտոնական խոսույթների մեջ հայկական կողմերին պիտակավորող եզրույթներ են հաճախ օգտագործվում (ահաբեկիչներ, օկուպանտներ և այլն): Լրջագույն ճնշում է գործադրվում նաև այլընտրանքային ինֆորմացիա ապահովող լրագրողների ու փորձագետների վրա: Հայկական կողմերի հետ խաղաղաշինական ծրագրերի մասնակցող ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստները ու գործիչները ևս թիրախավորվում են:

Ադրբեջանը փորձում էր նաև գերիշխանություն հաստատել վիճարկվող տարածքի տարածության նկատմամբ: Այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող օտարերկրյա գործիչները հայտնվում են ադրբեջանական «սև ցուցակում», Բաքուն տարիներ շարունակ խոչընդոտներ էր ստեղծում նաև, օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանի բացման համար: Տարածության նկատմամբ գերիշխանություն հաստատելու ուղղությամբ կատարված վերջին ու ամենաորոշիչ քայլը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Արցախի Հանրապետության տարածքի մեծամասնության նկատմամբ: Այս գործընթացը շարունակվում է նաև հետպատերազմյան փուլում: Բաքուն ԼՂՀ օկուպացված բնակավայրերում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն է վարում և հստակ քայլեր է ձեռնարկում այդ բնակավայրերի ադրբեջանականացման ուղղությամբ:

Եզրակացություն

Այսպիսով, վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծածավալ փոփոխություններ են տեղի ունեցել միջազգային հարաբերությունների համակարգում, որոնք լուրջ ներազդեցություն են ունեցել նաև հակամարտությունների կարգավորման գործիքակազմերի վրա: Միաբևեռ համակարգի ու լիբերալ աշխարհակարգի գերիշխանության ժամանակաշրջանում տարածում ստացած լիբերալ խաղաղաշինության գործիքակազմը աստիճանաբար սկսել է իր տեղ զիջել հակամարտությունների կառավարման ու հանգուցալուծման ավտորիտար ռազմավարություններին: Այս միտումն իր արտացոլումն էր գտել նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Չնայած ֆորմալ առումով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում տարիներ շարունակ դրված էին լիբերալ խաղաղաշինության սկզբունքները` Ադրբեջանը առնվազն 2000-ականների կեսերից սկսել էր առաջնորդվել հակամարտությունների ավտորիտար կառավարման ռազմավարությամբ, որի տրամաբանական հետևանքը դարձավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

Տիգրան Գրիգորյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: