ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը բելառուս հասարակական գործիչ Վլադիմիր Մացկևիչի ապօրինի հետապնդման վերաբերյալ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Ս․թ․ փետրվարի 4-ին բելառուս հասարակական գործիչ և գիտնական Վլադիմիր Մացկևիչը հայտարարել է անժամկետ հացադուլ` նշելով, որ 10 օր անց կհրաժարվի նաև ջրից և կանցնի, այսպես կոչված, «չոր» հացադուլի։ Վլադիմիր Մացկևիչը կարևոր դերակատարում է ունեցել ԱլԳ Քաղհասարակության ֆորումի զարգացման գործում և առայսօր հանդիսանում է Ֆորումի կարևոր անդամներից մեկը:

Այս ծայրահեղ քայլը պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի օգսոտոսի 4-ին Մացկևիչին ձերբակալելուց կես տարի անց, նրան առաջադրվել է հասարակական կարգի խախտման և կազմակերպման շինծու մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ կես տարի անց նախաքննության մարմնի անգործության պայմաններում գործն այդպես էլ չի փոխանցվել դատարան։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Մացկևչիը Բելառուսի իշխանությունների կողմից պահվում է, որպես պատանդ և քրեական հետապնդման ենթարկվում բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Կարելի է վստահաբար ասել, որ Լուկաշենկոյի ռեժիմը նման եղանակով պարզապես քաղաքական հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մացկևիչը պահանջում է մանրամասնել իրեն ներկայացվող մեղադրանքի հիմքերը, փոխել խափանման միջոցը և գործը փոխանցել դատարան։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Վլադիմիր Մացկևիչին և նրա ընտանիքին: Խստորեն դատապարտելով Բելառուսի իշխանությունների անմարդկային և հակաժողովրդավարական վերաբերմունքը` հիշեցնում ենք, որ Բելառուսը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, որի համար համապարտադիր են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի նորմերը: Դաշնագրի 2-րդ հոդվածի ուժով Բելառուսը պարտավոր է հարգել իր իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց` Դաշնագրով երաշխավորված իրավունքները` առանց որևէ տարբերության, այդ թվում` քաղաքական կամ այլ համոզմունքների հիմքով:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Բելառուսի իշխանություններին անհապաղ կատարել Մացկևիչի ավելի քան արդարացի պահանջները և դադարեցնել նրա արտահայտվելու ազատության, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, արդար դատաքննության և ազատության իրավունքների ոտնահարումը։

Похожие записи: