Ալիևը պարգևատրում է իր զինվորներին խոշտանգումների համար․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Վարշավայում շարունակվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսը, որտեղ այսօր ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում խոշտանգումների նկատմամբ պետական հայատյաց քաղաքականությանը․

«Խոշտանգումները, որոշակի չափով, շարունակում են խնդիր մնալ նաև Հայաստանում (թեև անհամեմատ է որոշ անդամ պետությունների հետ): Քաղաքացիական հասարակության կողմից արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ խոշտանգում կատարած ոստիկանության ծառայողները ոչ միայն չեն պատժվել, այլև նշանակվել են ավելի բարձր պաշտոնների… Անգամ, երբ խոշտանգման փաստը հաստատվել է դատախազության կողմից:

Խոշտանգմամբ ինքնախոստովանական ցուցմունք ստանալը շարունակում է մնալ հանցագործությունների բացահայտման հիմնական գործիքներից մեկը: Սա արդյունք է ոստիկանության շատ ցածր կարողությունների, որը կա Հայաստանում:

Մասնավորապես, Հայաստանում դատարան են հասնում գողությունների գրանցված դեպքերի 11 տոկոսը և սպանությունների 23 տոկոսը, ինչը շատ ցածր ցուցանիշ է և չի ապահովում պատժի անխուսափելիության մեխանիզմի իրագործումը:

Եվ այլ մեթոդներով հանցագործությունների բացահայտման կարողությունների դեֆիցիտը բերում է խոշտանգման մեթոդի արդարացմանը: Ցավոք, Հայաստանում չկա ընկալում, որ խոշտանգումով հանցագործություն բացահայտելը ևս հանցագործություն է:

Բայց ցավոք, Հայաստանում շատ դժվար է խոսել խոշտանգումներից, երբ բազմաթիվ են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և բռնված քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անգամ խոշտանգմամբ սպանելու մասին ահազանգերը:

Թարմ է այն դեպքը, երբ տարածվում էր տեսանյութ, թե ինչպես է թեթևակի վիրավորված հայ ռազմագերին առաջին բուժօգնություն ստանում ադրբեջանցի զինվորականներից, բայց հետո խոշտանգման հետքերով իր սպանված մարմինը վերադարձվեց հայկական կողմին:

Ադրբեջանի ներկայացուցիչը այստեղ խոսում էր ահաբեկիչներից ու վարձկաններից: Դա ստիպում է ինձ հիշեցնել, որ հենց Ադրբեջանն էր, որ 2020 թվականին Սիրիայից հավաքագրված հազարավոր վարձկաններին բերեց մեր տարածաշրջան, զինեց և ուղարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման: Սա մի շարք հեղինակավոր հետաքննող լրագրողների կողմից հաստատված փաստ է:

Եվ այսպիսի պետության ներկայացուցիչը երկու հայկական կազմակերպության անուններ է տալիս՝ որպես ահաբեկչական, որոնցից մեկը արդեն 25 տարի գոյություն չունի, իսկ մյուսը, ընդհանրապես, սկաուտական կազմակերպություն է, որը զենք կամ զինամթերք չունի:

Ադրբեջանի ներկայացուցիչը խոսում է իր երկրում ռազմական հանցագործություն կատարած անձանց դեմ հետաքննությունների մասին: Այդպիսի հետաքննություն 2020 թվականին սկսվել էր զինվորականներ Գարդաշխան Աբիշովի և Ռաշիդ Ալիևի նկատմամբ, սակայն պատժի փոխարեն այս տարվա սեպտեմբերի 17-ին նրանք մեդալներ ստացան Իլհամ Ալիևից:

Սա է Ադրբեջանի իրական վերաբերմունքը խոշտանգումներին և ռազմական հանցագործություններին: 7 հայ ռազմագերիներին գնդակահարված ադրբեջանական զինվորները կպատժվե՞ն: Հուսանք, բայց, հավանաբար, նրանք մեդալներ կստանան իրենց նախագահ Իլհամ Ալիևի կողմից»:

Похожие записи: