Մարիխուանայի ապաքրեականացումը կարող է օգնել ծանր թմրանյութերի օգտագործման դեմ պայքարին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

2022 թվականին ՀՀ-ում թմրանյութերի շրջանառությունը տարվա կտրվածքով աճել է շուրջ 76 տոկոսով, իսկ իրացման դեպքերը՝ 95 տոկոսով, որոնց թիրախում են նաև կանայք և անչափահասները։

Այս ցուցանիշներով Հայաստանում ամենատարածված թմրամիջոցներն են կանաբինոիդները (կանեփ/մարիխուանա/հաշիշ/սինթետիկ կանեփ՝ սփայս), որոնք, ըստ գրանցված տվյալների, 2022 թ․-ի դրությամբ օգտագործում է շուրջ 4700 մարդ։ Տարածվածությամբ երկրորդն են համարվում օփիոիդները՝ ավելի քան 2800 գրանցված դեպքերով։

Դեպքերի այս քանակը, սակայն, ցույց չի տալիս թմրանյութերի օգտագործման իրական պատկերը, քանի որ տվյալներն ընդգրկում են միայն ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» և Հայաստանի նարկոլոգիական ծառայություններում հաշվառված մարդկանց։

Վերջին ամիսներին լրատվական դաշտում հաճախ են հանդիպում ծանր թմրամիջոցների օգտագործման արատավոր սովորության հետևանքով տեղի ունեցած դեպքերի, թմրամիջոցների ներկրման կամ իրացման դեպքերի բացահայտման մասին հրապարակումներ, որոնցից ամենաթարմն ու ամենաշատ աղմուկ բարձրացրածը Երևանի Հանրապետության հրապարակում իրարանցում առաջացրած «Համմերի» վարորդի դեպքն է, որի մոտ իրավապահները հայտնաբերել էին մետամֆեթամին տեսակի թմրանյութ։

Այս տեսակի ծանր թմրանյութն ակտիվ տարածում է ստացել թմրանյութերի շուկայում, որի մասին փաստում են վերջերս ՊԵԿ-ի կողմից այս թմրանյութերի ներկրման փորձի կանխումը Մեղրիի անցակետում, ինչպես նաև ոստիկանության կողմից այս տիպի թմրանյութի՝ տելեգրամյան ալիքների միջոցով վաճառքի և թմրանյութեր ձեռք բերած անձանց բացահայտման առանձին դեպքերը։

Ափիոնային նյութերի և ծանր թմրամիջոցների վաճառքի մեծ քանակների մասին են փաստում նաև ոստիկանությունից մեր հարցմամբ ստացված տեղեկությունները՝ 2018-2022 թթ․ առգրավված թմրանյութերի տարեկան քանակների մասին, որոնք ամփոփված են ստորև բերված գրաֆիկում․

Գրաֆիկում առանձնացրել ենք ոստիկանության կողմից ամենաշատ քանակներով առգրավված մի քանի թմրանյութերի տեսակները (մարիխուանա/կանեփ, հերոին, կոկաին, ափիոն, մետամֆեթամին) և դրանց քանակները՝ գրամներով։

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր տարի մարիխուանայի և կանեփի այլ տեսակների առգրավման քանակները ավելի շատ են, քան մնացած թմրանյութի տեսակներինը՝ տատանվելով տարեկան ամենաքիչը 51-ից ամենաշատը 130 կգ-ի միջև։ Բացառություն է միայն 2021 թ․-ին առգրավված հերոինի ահռելի քանակը՝ մոտավորապես 447 կգ, որը վերջին տարիների ընթացքում աննախադեպ էր։

Բարձր են նաև առգրավված ափիոնի քանակները՝ ամենաքիչը 5․3 կգ և ամենաշատը 22․6 կգ տարեկան։ Իսկ մետամֆեթամինի քանակները համեմատաբար ամենակայունն են՝ հիմնականում տարեկան 11-12 կգ առգրավված քանակներով։

Մետամֆեթամինի և օփիոիդների տարածման աճը առավել քան վտանգավոր է հանրության և հանրային առողջության համար, քանի որ ծանր թմրանյութերի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական անուղղելի վնասների, ընդհուպ մինչև գերդոզավորմամբ մահվան։

Ծանր թմրանյութ չհամարվող մարիխուանայի վաճառքի քրեականացված լինելու հանգամանքը նպաստում է նաև այս տեսակի հոգեմետ նյութերի վաճառքով զբաղվող անձանց հետաքրքրությանը՝ ավելի ծանր և մահացու վտանգավոր թմրանյութերի վաճառքի նկատմամբ․ չէ՞ որ նրանք արդեն իսկ ներգրավված են քրեական գործունեության մեջ և կորցնելու ոչինչ չունեն։

Ի՞նչ են մետամֆեթամինը և օփիոիդները

Մետամֆեթամինը, որն այլ կերպ հայտնի է որպես «կրիստալ», «քիսո» կամ «սառույց», ամֆեթամինային դասի թմրանյութ է։ Այս թմրանյութը ցածր դեղաչափով առաջ է բերում տրամադրության և զգոնության բարձրացում, կենտրոնացում և էներգիա։ Այն սահմանափակումներով կարող է օգտագործվել բժշկության մեջ, սակայն նյութի բարձր չափաբաժինը առաջացնում է էյֆորիայի զգացում, փսիխոզ և օգտագործումից անմիջապես հետո կարող է առաջացնել զրկանքի համախտանիշ, որն էլ նպաստում է այս նյութի մեկ օգտագործումից անմիջապես կախվածության առաջացման վտանգին։

Ափիոնատիպ նյութերը կամ օփիոիդները քնաբեր կակաչից ստացվող և արհեստական եղանակով սինթեզվող դեղամիջոցների խումբ են, որին են դասվում հերոինը, մորֆինը, կոդեինը, մեթադոնը և այլն։ Ափիոնատիպ նյութերն ունեն բարձր հոգեներգործուն և ցավազրկող հատկություններ և համարվում են ամենամահացու թմրամիջոցները մարդու համար՝ գերդոզավորման դեպքերի պատճառով (զիջելով միայն Alpha PVP տեսակի թմրանյութին)։ Իրենց ցավազրկող ազդեցության նպատակով այս նյութերը լայնորեն կիրառվում են բժշկության մեջ։

Մետամֆեթամինը (ամֆեթամինային դասի այլ թմրանյութերը) և օփիոիդները դասվում են ծանր թմրամիջոցների ցանկին՝ միանգամյա և երկարատև օգտագործումից առաջացած առողջական վնասի և կախվածության ձեռքբերման բարձր վտանգի, մահացու ելքերի հնարավորության և թմրանյութի ազդեցությամբ հնարավոր հանցագործությունների տեսանկյունից։

Ստորև ներկայացված է ժամանակակից 10 ամենատարածված և ամենավտանգավոր թմրանյութերի ցանկը

ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ ամֆեթամինային և ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածության և գերդոզավորման դեպքերի կանխարգելման արդյունավետ միջոց կարող է լինել, որքան էլ զարմանալի չհնչի՝ մարիխուանայի օրինականացումը։

Ըստ այս ուսումնասիրության՝ ԱՄՆ այն նահանգներում, որտեղ օրինականացրել են մարիխուանան և կանաբինոիդները (ռեկրեացիոն կամ բժշկական օգտագործման նպատակով), հնարավոր է դարձել զերծ պահել այն օգտագործող անձանց ավելի վտանգավոր տեսակի թմրանյութերի օգտագործումից։

Ինչպե՞ս կարող է մարիխուանայի օրինականացումը նպաստել այլ թմրանյութերի տարածման կանխարգելմանը

Կանեփի քրեականացումը և սահմանափակող օրենքների խստությունը հանգեցնում է ծանր թմրամիջոցների օգտագործման աճի, այդ թվում, առաջին հերթին, օփիոիդների և ամֆեթամինային դասի թմրանյութերի։

Դեղամիջոցների քաղաքականության միջազգային ամսագրում հրապարակված ուսումնասիրությամբ նշվում է, որ այն երկրներում, որտեղ մարիխուանան քրեականացված է, ավելի բարձր է ներարկվող թմրամիջոցների օգտագործումը, իսկ թմրանյութային կախվածություն ունեցող անձանց շրջանում ավելի բարձր են ՄԻԱՎ, հեպատիտ C վարակի քանակները, ինչպես նաև թմրանյութային գերդոզավորման դեպքերը։ Հեղինակները հայտնում են, որ այս տվյալները պայմանավորված են կանեփի քրեականացված լինելու հետ, որի պատճառով գնորդները դիմում են թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց կամ խմբերի՝ այդպիսով ավելի խոցելի դառնալով ծանր թմրամիջոցներ փորձելու ռիսկին, քանի որ արդեն իսկ ներգրավվում են ապօրինի գործունեության մեջ։

Բացի այդ, մարիխուանայի օգտագործումը թույլ է տալիս փոխարինել բուժման նպատակով նշանակված օփիոիդային դեղամիջոցները և այդպիսով նվազեցնել վերջիններից կախվածության դեպքերը

Հանրային առողջության Ամերիկյան ամսագրի հրապարակած հետազոտության համաձայն՝ ԱՄՆ այն նահանգներում, որտեղ գործում են բժշկական կանեփի օգտագործման թույլտվության մասին օրենքներ, ավելի քիչ է օփիոիդների գերդոզավորմամբ մահերի քանակը, քան այն նահանգներում, որտեղ կանեփը քրեականացված է։

Ավելին՝ ԱՄՆ Վաշինգթոն նահանգում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ կանեփի օրինականացումից հետո 18-25 տարեկան երիտասարդների մոտ ոչ միայն  նվազել է օփիոիդների հանդեպ պահանջարկը, այլ նաև ալկոհոլի և ծխախոտի։ Այս ուսումնասիրությունը նաև փաստում է օրինականացումից հետո երիտասարդների շրջանում կանեփի և այլ թմրամիջոցների վնասակար ազդեցության մասին իրազեկվածության աճը, ինչի շնորհիվ էլ նվազել է հոգեմետ նյութերի պահանջարկը։

Իսկ Պորտուգալիայում արդեն 20 տարի օրինական է բոլոր հոգեմետ նյութերի օգտագործումը։ Չնայած նման որոշման ահռելի ռիսկին՝ վերջին քսանամյակում երկրում նվազել է երիտասարդների շրջանում հոգեմետ նյութերի, այդ թվում՝ հենց կանեփի օգտագործումը։ Միևնույն ժամանակ, զգալի աճել է բնակչության ընդհանուր իրազեկվածության մակարդակը հոգեմետ նյութերի վնասների վերաբերյալ։ Չնայած ազատականացմամբ երկրում նորմալիզացվել է հոգեմետ նյութերի օգտագործումը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ, այնուամենայնիվ, ավելի քիչ է ծանր թմրանյութերի օգտագործումը՝ համեմատած եվրոպական այլ երկրների հետ։

Ի՞նչ կտա կանեփի օրինականացումը և ինչ ռիսկեր կան. միջազգային փորձը

Կանեփի օգտագործումը տարածվել է դեռևս անտիկ ժամանակներից ասիական երկրներում, որտեղ այն կիրառվել է բուժման և կրոնական ծեսերի նպատակներով։ Թմրանյութերի և կանեփի քրեականացումն անհամեմատ նոր երևույթ է. առաջին երկիրը, որը քրեականացրել էր կանեփի օգտագործումը, Եգիպտոսն էր 1925 թ․-ին։ Դրան հաջորդեցին Միացյալ Թագավորությունը՝ 1928-ին, և ԱՄՆ-ն՝ 1937-ին։ Վերջինս, սակայն, աստիճանաբար սկսել էր հրաժարվել այս տեսակի թմրամիջոցի դեմ քրեական պայքարի գաղափարից։

Մասնավորապես, ԱՄՆ-ում թմրամիջոցների դեմ քրեական պայքարն իր գագաթնակետին էր հասել 1972 թ․-ին նախագահ Նիքսոնի հայտարարած «Թմրանյութերի դեմ պատերազմի» ժամանակ։ Այս քաղաքականությունը նպատակ էր հետապնդում ավելի խստացնել քրեական վերահսկողությունը և իրավապահ մարմինների ողջ ուշադրությունն ուղղել թմրանյութերի դեմ պայքարի ու օգտագործման պատժելիության վրա։ Նմանատիպ մի նախաձեռնությամբ էլ վերջերս ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ կոչելով 2023 թվականը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։

Նիքսոնի այս խիստ քաղաքականությունը, սակայն, ոչ միայն չնպաստեց թմրանյութերի շրջանառության պակասելուն, այլ նաև բուռն քննադատության արժանացավ ամերիկացիների կողմից, քանի որ այն ավելացրել էր իրավապահ մարմինների կոշտ ուժի կիրառման դեպքերը, հատկապես՝ ռասայական խտրականության հիմքով, ինչպես նաև նպաստել էր երկրում կոռուպցիայի ավելացմանը։

Այսպիսով, ունենալով նման մի շարք օրինակներ, զարգացած երկրներում հասկացել են, որ խիստ քրեականացված մոտեցումը չի լուծում թմրանյութերի տարածման հարցը։ Ավելին՝ չնայած խիստ օրենսդրական կարգավորումներին, տարեց տարի ավելանում է թմրանյութերի օգտագործման թիվը, ընդլայնվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբերը։

Թմրանյութերի օգտագործման դեմ կոշտ ուժի կիրառման և պատժի մեխանիզմի անօգուտ և սահմանափակող լինելու արդյունքում մի շարք երկրներում զարկ առավ «Օգնիր, ոչ թե պատժիր» շարժումը։ Շարժման մասնակիցներն առաջարկում էին թմրամիջոցների դեմ պայքարն իրականացնել հանրային առողջության, թմրանյութերի վնասների մասին իրազեկվածության բարձրացմամբ, իրավապահ մարմինների համար ահռելի ծախսեր անելու փոխարեն՝ վերականգնողական կենտրոնների ֆինանսավորմամբ և արդիականացմամբ: Բացի դա, առաջարկվում էր խստիվ վերահսկել մարիխուանայի և այլ թույլ թմրամիջոցների վնասակար ազդեցությունն ու օգտագործումը՝ դրանք օրինականացնելու միջոցով։ Հենց այս՝ հանրային առողջության վրա կենտրոնացման քաղաքականությունն էր որդեգրել նաև բոլոր հոգեմետ նյութերի օգտագործումը թույլատրած Պորտուգալիան։

Բացի այն, որ կանեփի օրինականացմամբ հնարավոր է կանխել ավելի ծանր թմրամիջոցների օգտագործումը, ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ օրինականացման շնորհիվ նվազում է թմրամիջոցի օգտագործման հանդեպ ստիգմատիզացիան՝ խնդիրը քրեական ոլորտից հանրային առողջության ոլորտ բերելով։ Այդպիսով կախվածություն ունեցող մարդկանց համար ավելի ընդունելի և ողջունելի կդառնա մասնագիտական օգնության դիմելը։

Բացի կանեփի հոգեմետ հատկություններից, հայտնի են նաև այս նյութի մի շարք օգտակար կիրառություններ։ Հոգեբուժության և կախվածությունների դեմ պայքարի ոլորտում կանաբինոիդների արդյունավետությունն արդեն իսկ ապացուցված է գիտական հանրության կողմից, սակայն անհրաժեշտություն կա նյութի ավելի խորքային ուսումնասիրության։

Կանաբինոիդները, բացի իրենց հոգեներգործուն, ցավազրկող և սթրեսը նվազեցնող հատկությունների, ըստ Իսպանիայում իրականացված հետազոտությունների, օգնում են նաև սեռական գործառույթի բարձրացմանը։ Իսպանացի գիտնականների կարծիքով, սա պայմանավորված է սեռական ակտի ընթացքում անվստահության և ամաչկոտության թուլացմամբ, մկանային ռելաքսացիայով։ 2022 թ․-ին ապացուցվել էր նաև կանաբինոիդներ պարունակող նյութերի արդյունավետությունը COVID-19-ի կանխարգելման և բուժման համար։

Այսպիսով, մի շարք երկրներում կանեփի կիրառումը ոչ միայն տեքստիլային արտադրության և բժշկության ոլորտում է թույլատրելի, այլ նաև ռեկրեացիոն նպատակներով՝ սթրեսից ազատվելու համար։ Այդ երկրներից են ԱՄՆ-ն, Կանադան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Իսպանիան, Ուրուգվայը, Նիդերլանդները, Պորտուգալիան։ Իսկ հարևան Վրաստանում օրինական է կանեփի փոքր քանակների օգտագործումը, սակայն ապօրինի են իրացումն ու բույսի ոչ անձնական օգտագործման համար աճեցումը։

Կանեփի օրինականացման քաղաքականության ներդրումը միանշանակ որոշում չի կարող լինել պետության համար՝ չնայած կանեփի՝ համեմատաբար անվտանգ հոգեմետ նյութ համարվելուն և կախվածության ձեռքբերման ավելի ցածր ռիսկին:

Ըստ ամերիկյան Թմրանյութերի չարաշահման ազգային ինստիտուտի տվյալների՝ կանեփից կախվածություն կարող է առաջանալ օգտագործման ընդամենը 9% դեպքերում, մինչդեռ այս ցուցանիշը շատ ավելի բարձր է օրինական ռեկրեացիոն հոգեմետ նյութեր ալկոհոլի (15%) և ծխախոտի (32%) դեպքում։ Միևնույն ժամանակ, կանեփի օգտագործումը չի ենթադրում մահացու վտանգներ․ փաստացի հնարավոր չէ գերդոզավորում ստանալ կանեփից, ինչի վտանգը, կրկին, մեծ է ալկոհոլի դեպքում։

Ըստ Միջազգային առողջապահական կազմակերպության 2022 թ․-ի Համաշխարհային թմրանյութերի մասին հաշվետվության՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Ուրուգվայի օրինակով կանեփի օրինականացումը կարող է հետապնդել հետևյալ նպատակների իրականացումը․

  • Մարիխուանան օրինական դաշտ բերելով՝ հնարավոր է դառնում վերահսկել թմրանյութի վաճառքը, մասնավորապես՝ դրա վաճառքի խիստ արգելքը անչափահասների և այլ ռիսկային խմբերի համար։
  • Պետությանը հնարավորություն է տրվում սահմանել ՏՀԿ-ի (տետրահիդրոկանաբինոլ՝ կանեփի հիմնական հոգեակտիվ միացությունը) թույլատրելի քանակները վաճառվող կանեփում, որը թույլ կտա նվազեցնել վերջինիս վնասակար ազդեցությունը և վերահսկել անօրինական այլ նյութերով խառնված կամ սինթետիկ կանեփի շրջանառությունը:
  • Կանխարգելել թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումների գործունեությունը (ԱՄՆ-ում գրանցվել է այս հանցագործության 13% նվազում):
  • Մարիխուանայի օրինականացումը նվազեցնում է իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը և հավելյալ ծախսերը՝ այդպիսով խնայելով իրավապահ մարմինների ռեսուրսներն ավելի վտանգավոր հանցագործությունների բացահայտման համար:
  • Պետության կողմից եկամուտի ավելացում՝ կանեփի վաճառքի միջոցով, և տնտեսական վերահսկման իրականացում՝ սահմանելով կանեփի նպատակային կիրառումը (բժշկական կամ ռեկրեացիոն)։

Ընդ որում, հաշվետվությամբ նշվում է, որ չնայած գրեթե անհնարին է ամբողջական պատկերացում կազմել հետօրինական շրջանի հետևանքների մասին, քանի դեռ չեն անցել տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում, Կանադայում և Ուրուգվայում կանեփի օրինականացումից հետո ձեռք բերված տվյալների համաձայն՝ նկատվել է անչափահաս անձանց մոտ կանեփի օգտագործման քանակների նվազում կամ քանակները չեն փոփոխվել համեմատած նախորդ տարիների։

Այնուամենայնիվ, կանեփի օրինականացումը ենթադրում է մի շարք ռիսկեր պետության համար։ Առաջին հերթին դրանք վերաբերում են հանրային առողջության  պահպանմանը՝ կանեփի շարունակական օգտագործման, օրինականացման հետևանքով դրա կիրառության բարձրացման և դրանցից բխող վնասների տեսանկյունից։

Ոչ այդքան վտանգավոր կարող են թվալ կանեփի օգտագործման կարճաժամկետ վնասները, որոնք հիմնականում արտահայտվում են օգտագործումից առաջացող անցողիկ կողմնակի ազդեցություններով՝ սրտի աշխատանքի արագացում, անհանգստության և տագնապի զգացողություն, բերանում չորության զգացում, ուշադրության ցրվածություն։ Սակայն առավել անհանգստացնող են թմրանյութի երկարաժամկետ և շարունակական օգտագործման վնասները։ Սրանց թվում են որոշակի կոգնիտիվ գործառույթների խաթարումը, որոնց առավելապես ենթակա են մինչև 25 տարեկան անձինք, որոնց գլխուղեղի ճակատային բիլթը դեռ պիտի ամբողջապես զարգանա։ Ըստ Addiction ամսագրում հրապարակված ուսումնասիրության՝ կանեփի երկարատև օգտագործմամբ կարող են դժվարություններ առաջանալ ուշադրության կենտրոնացման, կարճատև հիշողության և մտապահման, որոշումների կայացման, ժամանակի զգացման և այլ կոգնիտիվ գործառույթների ոլորտում։

Երկարաժամկետ վնասների ցանկին են դասվում նաև անչափահասների և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շրջանում փսիխոտիկ խանգարումների և շիզոֆրենիայի առաջացման վտանգները՝ նյութի ամենօրյա օգտագործման դեպքում:

Կրկին՝ զուգահեռներ տանելով օրինական հոգեմետ նյութեր ալկոհոլի և ծխախոտի հետ, որոնց երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել առողջական վնասների, օնկոլոգիական հիվանդությունների և մահվան, կանեփի ամենօրյա օգտագործմամբ օրգանիզմին հասցվող մեզ հայտնի վնասները ավելի մեղմ են և կառավարելի՝ հանրային առողջության վերահսկողության տեսանկյունից։

Ի տարբերություն հոգեմետ այլ թմրանյութերի և ալկոհոլի՝ կանեփի օգտագործման և ագրեսիվ վարքի միջև հստակ կապ չի արձանագրվել։ Սակայն հանրային անվտանգության համար կարևոր ռիսկ է թմրանյութի ազդեցության տակ մեքենայի վարումը։

Կանեփի օրինականացմամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ում ավելացել է կանեփի ազդեցության տակ գտնվող վարորդների մասնակցությամբ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը (2.3%-ով)։ Կանադայում կանեփի ազդեցության տակ գտնվող վարորդների ընդհանուր քանակը մինչ օրինականացումը 3.8%-ի էր հասնում, օրինականացումից հետո այս թիվը հասել է  8.6%-ի։

Ուստի առանձնահատուկ կարևոր են այս բոլոր ռիսկերը հաշվի առնելն ու դրանց դիմակայելուն նախապատրաստվելը՝ նախքան ապաքրեականացման գործընթացները։

Հայաստանում կանեփի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Չնայած թեմայի բարձրացած աղմուկին՝ Հայաստանում 2021 թ․-ին օրինականացվել է միայն արտադրական կանեփի շրջանառությունը։ Ռեկրեացիոն կանեփի, մարիխուանայի և հաշիշի կիրառությունն անօրինական է։

ՀՀ օրենքները, մասնավորապես, ենթադրում են, որ կանեփի ապօրինի իրացումը ենթադրում է պատիժ՝ երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ (ՀՀ ՔՕ, հոդված 266)։

Կանեփի բույսի աճեցման համար քաղաքացիներին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (ՀՀ ՔՕ, հոդված 273)։

Չնայած կանեփի օգտագործման վերաբերյալ խստագույն օրենքներին՝ Հայաստանի համար օգտակար կարող է լինել մարիխուանայի ապաքրեականացումը և հետագա օրինականացումը՝ որպես ծանր թմրանյութերի տարածման կանխարգելման միջոց։ Օրինականացման որոշում կայացնելիս պետությունը պարտավոր է հաշվի առնել առաջնային առողջապահական և սոցիալական ռիսկերը, կշռադատել բոլոր հետևանքները, պլանավորել և նախապատրաստվել գործընթացի հնարավոր բացասական տենդենցներին և դրանց կառավարմանը։

Լիլիթ Ղազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: