Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամների հայտարարությունը, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտումները

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Մենք՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամներս, խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ «հակաահաբեկչական գործողության» անվան տակ սանձազերծված հարձակումը, որը խլել է բազմաթիվ անմեղ կյանքեր և առաջ բերել զանգվածային ավերածություններ։ Շուրջ 24 ժամ տևած գրոհի արդյունքում՝ իրականացված հրետանու, անօդաչու թռչող սարքերի, ռազմական ավիացիայի և հետևակի միջոցով, հաստատվել է շուրջ 200 զոհ (որից 5-ը` երեխա) և ավելի քան 400 վիրավոր։ Հարձակմանը նախորդած երկարատև շրջափակման պատճառով ադրբեջանական ագրեսիայի զոհերն այսօր մնացել են առանց պարենի և առաջնային անհրաժեշտության պարագաների։

Ալիևի հանցավոր ռեժիմի հրահրած այս նոր պատերազմը տեղի է ունեցել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական՝ այսպես կոչված «խաղաղապահ» կոնտինգենտի կատարյալ անգործության պայմաններում։ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների և ռուսական ԶԼՄ-ների երեսպաշտական արձագանքը պարզ ցույց է տալիս, որ նախագահ Ալիևի գործողությունները համաձայնեցվել են պաշտոնական Մոսկվայի հետ։ Ռուսաստանի իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ հարձակումը սանձազերծվել է Հայաստանի՝ Եվրոպական Միության և ընդհանրապես արևմտյան երկրների հետ իր հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ արված քայլերին ի պատասխան։

Այս լայնածավալ հարձակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացմանը՝ գոյաբանական սպառնալիքի տակ դնելով ողջ ազգաբնակչությանը։ Այժմ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման և տեղահանման վտանգն ավելի օրհասական է, քան երբևէ։ 

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ալիևը բացահայտ կերպով անտեսել է Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և մի շարք այլ միջազգային դերակատարների կոչերը անհապաղ դադարեցնելու իր հրահրած ագրեսիան։ 

Մենք Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք դադարեցնել հակամարտության սրմանը նպաստող իրենց քաղաքականությունը, կատարել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորությունները և դուրս բերել զորքերը պատերազմող կողմերի միջև շփման գոտուց՝ համաձայն 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։

Մենք Եվրոպական Միությանը կոչ ենք անում Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ կիրառել խստագույն պատժամիջոցներ միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարելու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու համար։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ մեխանիզմներ ներդնի Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական՝ այսպես կոչված «խաղաղապահ» ուժերը, որոնք վերջնականապես ձախողել են իրենց առջև դրված հանձնարարականը, պետք է անմիջապես իրենց տեղը հանձնեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։

Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում գործնական միջոցներ ձեռնարկել միջազգային դերակատարների հովանու ներքո խաղաղության ձեռքբերմանն ուղղված անկեղծ և իրական երկխոսություն ապահովելու համար, ինչպես նաև ապահովել երկրորդ ուղու դիվանագիտության ակտիվ ներգրավումը՝ խաղաղության և արդարության օրակարգի առաջխաղացման գործում մարդու իրավունքների պաշտպանների և հատկապես կանանց իրավունքների պաշտպանների ակտիվ մասնակցությամբ։

Մենք շարունակում ենք պահանջել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը (ինչպես արդեն հնչել է Ղեկավար կոմիտեի համանախագահների 2023 թ․-ի դեկտեմբերի 23-ի հայտարարության մեջ), դադարեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տառապանքի ենթարկելը սովի և դեղորայքի սակավությամբ և կանխել վրա հասնող մարդասիրական աղետը։

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կործանարար քաղաքականությունն ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ աշխարհի այլ անկյուններում։

Տարածաշրջանում էթնիկ զտման փորձերն անհանդուրժելի են, և դրանք իրականացնողները պետք է ենթարկվեն կոնկրետ քրեական պատասխանատվության՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության: Խնդրի լուծման միակ տարբերակը պետք է լինի միջազգային դերակատարների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև խաղաղ երկխոսությունը և դարավոր հակամարտությունը լուծելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների տրամադրումը։

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահներ

ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի համակարգող

ԱլԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբի համակարգող

 ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի համակարգող

 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող

ԱլԳ ՔՀՖ Մոլդովայի ազգային պլատֆորմի համակարգող

Похожие записи: