Ոստիկաններն անօրինական նկարահանում են իրականացրել բողոքի ակցիաների ժամանակ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

2018թ. մարտի 31-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած դիտարկման արդյունքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն ապացույցներ են հավաքել առ այն, որ ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց նախազգուշացման, անձնական տեխնիկական միջոցներով տեսանկարահանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցներին:

Նմանօրինակ իրավախախտումներ են եղել «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած ակցիաների ընթացքում, իսկ ավելի ուշ նաև քայլերթով Երևան հասած «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած միջոցառումներին:

Մասնավորապես, վերը նշված ժամանակահատվածում ԻՔՄ լրագրողները, ինչպես նաև որոշ քաղաքացիներ նկատել և արձանագրել են, որ ՀՀ Ոստիկանության ծառայողներն իրենց անձնական բջջային հեռախոսներով առանց նախազգուշացման տեսանկարահանում և լուսանկարում են ակցիայի մասնակիցներին:

Մինչդեռ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է, որ հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոց, որը պետք է կրել տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Այնուամենայնիվ, նույն հոդվածում հստակ նշվում է, որ «տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով», ընդ որում «տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել»:

ԻՔՄ աշխատակիցների կողմից արված լուսանկարներում հստակ երևում է, որ նկարահանումն իրականացվում է ոստիկանական ծառայողի կողմից անձնական բջջային հեռախոսով, ընդ որում ակցիայի վայրում գտնվող քաղաքացիները և լրագրողները նկարահանման վերաբերյալ որևէ նախազգուշացում չեն լսել:

Այս առումով հարկ է հիշեցնել նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որի առաջին մասն ամրագրում է. «Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետևել և ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ»:

Վերը նշվածից հետևում է, որ ոստիկանության ծառայողները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ միաժամանակ խախտելով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:

Հարցի հետ կապված ԻՔՄ-ն դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղ հարուցված վարչական վարույթի շրջանակներում այժմ քննվում է ոստիկանության գործողությունների իրավաչափությունը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: