Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մոդելի փոփոխությունը Հայաստանում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Լուսանկարը՝ «Մեդիալաբ»-ի

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (ՀԱԽՈՒ) անձինք մեկուսացվում են հասարակությունից և կենտրոնացվում հատուկ հոգեբուժական հիվանդանոցներում և դիսպանսերներում։

Ինչպես ասվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի պատրաստած տեղեկագրում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների ներկա համակարգը Հայաստանը ժառանգել է Խորհրդային Միությունից։ Ընդ որում, այս մոտեցումն արտացոլվում է նաև հասարակության մեջ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ վերաբերմունքում։ Մասնավորապես, հոգեկան խնդիրներով անձինք համարվում են ընտանիքի խարանը, մեկուսացվում են հասարակությունից՝ տանը կամ հոգեբուժական հաստատությունում:

Ինչպես նշվում է ՀՔԻ տեղեկագրում, Հայաստանում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված սոցիալական քաղաքականությունն ուրվագծվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայով, «ՀԱԽՈՒ անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով», «Հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թթ․ ծրագրով» և «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ․ ռազմավարությամբ»։

Վերոնշյալ փաստաթղթերի տրամաբանությամբ, Հայաստանում հոգեկան առողջության պահպանման համակարգը պետք է ապաինստիտուցիոնալացվեր, այսինքն՝ ավանդական խոշոր հոգեբուժական հաստատություններից պետք է անցում կատարվեր այլընտրանքային՝ ավելի փոքր, համայնքահեն խնամքի մոդելներին։  Բացի դա, ՀԱԽՈՒ անձանց հետ աշխատանքի հիմքում, բուժման մոտեցումից զատ, պետք է կիրառվեր նաև այդ անձանց սոցիալական վերականգնման մոտեցումը։

Սակայն, ինչպես նշվում է ՀՔԻ տեղեկագրում, Հայաստանում այս գաղափարներն աղավաղված են կյանքի կոչվել: Մասնավորապես, ՀԱԽՈՒ անձանց մի մասը որոշ խոշոր (մեծ տարածք և շահառուների բարձր թվաքանակ ունեցող) հաստատություններից պարզապես տեղափոխվել է ավելի փոքր (փոքր տարածք և շահառուների ցածր թվաքանակ ունեցող) հաստատություններ: Ապաինստիտուցիոնալացման գործընթացը մեխանիկական և կոսմետիկ բնույթ է կրել, այն չի ուղեկցվել ՀԱԽՈՒ անձանց խնամքի և բուժման մեթոդների ու մոտեցումների փոփոխություններով: Ըստ այդմ, ՀՔԻ-ն առաջարկում է մշակել մեթոդաբանություն և իրականացնել ՀԱԽՈՒ անձանց կարիքների գնահատում և գործարկել խնամքի նոր մոդել, որը թույլ կտա ծառայություն մատուցել ՀԱԽՈՒ անձին իր անմիջական միջավայրում (սա հենց համայնքահեն ծառայությունների մոտեցումն է՝ գործող ինստիտուցիոնալ հաստատությունների փոխարեն)։ Բացի սա, ՀՔԻ-ն առաջարկում է ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որ ՀԱԽՈՒ անձանց տրամադրվի նաև սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական աջակցություն։

Ինչ վերաբերում է ՀԱԽՈՒ անձանց ծառայություններ մատուցող կառույցներին, ապա ՀՔԻ-ն առաջարկում է այդ կառույցների հիմքում դնել ՀԱԽՈՒ անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը, իրազեկել այդ անձանց և նրանց հարազատներին իրենց իրավունքների մասին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: