Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող կոալիցիան՝ նոր մարտահրավերների առջև

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի մաս են կազմում հայաստանյան 10 հասարակական կազմակերպություններ, 2019 թվականի ընթացքում շարունակել է իր գործունեությունն ի նպաստ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման։

Ինչպես նշվում է Կոալիցիայի՝ 2019 թվականի առաջին կիսամյակն ամփոփող լրաթերթում, կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։

Կոալիցիան 2019-ի առաջին վեց ամիսներին բարձրացրել է այս խնդրի շուրջ իրազեկվածությունը մամուլի ասուլիսների և զեկույցների միջոցով, կազմակերպել է հանդիպումներ պետական պաշտոնյաների և որոշում կայացնողների հետ, հավաքագրել է ընտանեկան բռնության դեպքերը, մասնակցել է ընտանեկան բռնության դեպքերով դատական նիստերին և զորեղացրել է ընտանեկան բռնության զոհերի կարողությունները։

Միևնույն ժամանակ, սակայն, Կոալիցիան ահազանգում է, որ իր գործունեությունն իրականացնելիս 2019 թվականի ընթացքում բախվել է մի շարք նոր մարտահրավերների։

Կոալիցիայի լրաթերթում նշվում է, որ օր-օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում և վարկաբեկում են կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված թե՛ պետության, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից իրականցվող գործունեությունը, թիրախավորում, թշնամանք են տարածում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կին իրավապաշտպանների նկատմամբ։

Որպես ատելության խոսքի, թիրախավորման և թշնամանքի տարածման օրինակներ են բերվում մի քանի միջադեպեր, որոնք տեղի են ունեցել 2019-ի առաջին կիսամյակում։ Դրանցից են իրավապաշտպան Լարա Ահարոնեանի նկատմամբ սկսված հարձակումներն ու ատելության խոսքն այն բանից հետո, երբ վերջինս «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում խոսել էր աղքատ, հաշմանդամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին։

Մեկ այլ ուշագրավ դեպք էլ տեղի է ունեցել «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի ժամանակ «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում, երբ հայտնվել էին մի խումբ անձինք և խափանել միջոցառումը։ Ավելին, մի շարք տղամարդիկ շնորհանդեսի մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել, սակայն ցայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Ընդհանուր առմամբ՝ թշնամանքի և ատելության խոսքի ամենամեծ տարածումները տեղ են գտել «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կամ, ինչպես ընդունված է անվանել, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկումների շուրջ։ Ինչպես նշվում է Կոալիցիայի լրաթերթում, այն անձինք և խմբերը, որոնք տարիներ շարունակ պայքարում են ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու դեմ, կանանց և տղամարդկանց իրավահավասարության դեմ, ինչպես նաև տարածում են բազմաթիվ մանիպուլյատիվ տեղեկատվություն և նյութեր թե՛ ընտանեկան բռնության, թե՛ միջազգային կոնվենցիաների և օրենքների մասին, ներկայում պայքարում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ։ Այնինչ, այդ փաստաթուղթն ընդամենը սահմանում է կանանց և երեխաների դեմ բռնությունը բացառելու համար համապարփակ մոտեցում և չի կարող լիարժեքորեն գործել առանց վավերացման։

Չնայած վերոնշյալ մարտահրավերին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» շարունակում է իր աշխատանքներն ի նպաստ կարծրատիպերի հաղթահարման, կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության բոլոր ձևերի կանխարգելման, կանանց իրավունքների ոտնահարումների կանխարգելման և դրանց հաղթահարման ուղղությամբ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: