ՀԵՐՔՈՒՄ. Analitik.am կայքի «Դանիել Իոաննիսյանը պետբյուջեից գումարներ է յուրացրե՞լ» հոդվածը չի համապատասխանում իրականությանը

Analitik.am կայքի՝ հունիսի 2-ին հրապարակված «Դանիել Իոաննիսյանը պետբյուջեից գումարներ է յուրացրե՞լ» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Կայքը, հղում անելով իր ունեցած տեղեկություններին, մասնավորապես, պնդում է, թե «Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն Արցախում անցկացված ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակում 4 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով պատվեր է տվել» Մանուկ Նիգոյանի «Հայաստանի մշակութային հիմնադրամ» կազմակերպությանը՝ պաստառների, բուկլետների և այլնի տպագրության համար։

Նախ և առաջ, հարկ է նշել, որ Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի կառավարությունից դրամաշնորհ է ստացել ոչ թե, ինչպես պնդում է Analitik.am կայքը, «Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը», այլ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն (դիտորդության համար դրամաշնորհը ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից)։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», իր հերթին, պաստառների տպագրման և տեղադրման վերաբերյալ պայմանագիր կնքել է «Լիանա Դավթյան Կարինեի» ԱՁ-ի հետ (վճարման բանկային հանձնարարականները կարելի է տեսնել այստեղ), որի պատրաստած պաստառները տեղադրվել են ողջ Արցախի Հանրապետությունով մեկ, և դա կարելի է տեսնել հետևյալ հղումով առկա հաշվետվության մեջ։

Այսինքն, Analitik.am կայքի վկայակոչված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հարկ է նաև նշել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» որևէ գործարք չի ունեցել Մանուկ Նիգոյանի կամ նրա հետ փոխկապակցված որևէ ընկերության հետ։ Մեզ հայտնի չէ նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» կապալառու կազմակերպություններից մեկը ենթակապալառության գործարք իրականացրած լինի Մանուկ Նիգոյանի հետ կապված ընկերությունների հետ։

Մանուկ Նիգոյանը, ի դեպ, նույնպես հերքում է իր և «Հայաստանի մշակութային հիմնադրամ» կազմակերպության վերաբերյալ Analitik.am-ի հոդվածում առկա տեղեկությունները։

Ինչ վերաբերում է կայքի հրապարակման մեջ տեղ գտած այն պնդմանը, թե իրենք խնդրի վերաբերյալ գրավոր հարցում են ուղարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում», բայց պատասխան չեն ստացել, ապա հարկ է ընդգծել, որ հարցումն ուղարկվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, այնինչ խնդրի հասցեատերն այս դեպքում «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն» է, որը նման հարցում չի ստացել։ Որևէ գրավոր հարցում չի ստացել նաև Դանիել Իոաննիսյանը:

Այսպիսով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» Analitik.am-ից պահանջում է հերքել վերոնշյալ հոդվածում տեղ գտած տեղեկությունները՝ իրականության հետ դրանց անհամապատասխանության հիմքով։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»

Առնչվող